«Ա1+»-ի հարցը կլուծվի նախագահականի հրահանգով

«Ա1+»-ի հարցը կլուծվի նախագահականի հրահանգով
7-ամյա դադարից ու 12 անգամ ՀՌԱՀ-ի կողմից մերժվելուց հետո «Ա1+»-ը նորից հայտ է ներկայացրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հայտարարած կապուղիների մրցույթում եթեր վերադառնալու համար: «Ա1+»-ին սատարող «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին, թե ինչպես է ընթանում «Ա1+»-ի եթեր վերադարձի հանգանակություն-քվեարկությունը:



«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի խոսքով՝ հանգանակություն-քվեարկությանը այսօրվա դրությամբ մասնակցել է 20 հազար հոգի, գումարի չափն էլ, նախնական հաշվարկներով, կազմում է մոտ 3,5 մլն դրամ: Գործընթացը շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 16-ը, իսկ հանգանակությանը մասնակցողների մեջ կան ինչպես անվանի մշակութային, քաղաքական գործիչներ, որոնց անունները նա չցանկացավ նշել, այնպես էլ անանուն փոխանցումներ. «Կարեւորը ոչ այնքան գումարի չափն է, որքան այն, որ ժողովուրդը այդ սիմվոլիկ փոխանցումներով մեզ նշան տա, որ ընդունում է ժողովրդական հեռուստատեսության գաղափարը»:



Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ, բանկային հանգանակությունները ուսումնասիրելով, դրանք  2 խմբի բաժանեց: Առաջին խմբում այն քաղաքացիներն են, ովքեր լավ չեն պատկերացնում, թե ինչ են ուզում այդ հեռուստատեսությունից, բայց ուզում են ունենալ նման հեռուստատեսություն եւ դրա համար հիմնականում սիմվոլիկ գումարներ են փոխանցում, բայց կա մի շերտ էլ, ըստ նրա, որը շատ լավ պատկերացնում է, թե ինչ է ուզում «Ա1+»-ից. այդ քաղաքացիներն արդեն բավականին մեծ գումարներ են փոխանցում:



Անկախ այն բանից՝ կհաղթի «Ա1+»-ը թե ոչ, մրցույթի արդյունքները չեն ազդելու հանգանակություն- քվեարկության վրա, որովհետեւ այսօր էլ «Ա1+»-ը ինտերնետ հեռարձակման տիրույթում է,- փաստեց պարոն Մովսիսյանը: «Ժամանակից շուտ է հրաժարվել եթերից, մեր պայքարը շարունակվում է: Լուրջ հույսեր ունեմ, որ հաղթելու ենք»:



Բորիս Նավասարդյանը, գնահատելով ներկայիս հեռուստաեթերի որակը, որը միայն առեւտրային շահ է հետապնդում, նշեց, որ այնուհանդերձ, հեռուստատեսությունը, հատկապես մարզերում, մնում է տեղեկատվության հիմնական աղբյուրը: Ըստ նրա, քվեարկության արդյունքները ցույց են տվել, որ շատերը պատրաստ են վճարել այն հաղորդումների համար, որ ուզում են տեսնել: Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն օրինակ բերեց Կանադան, որտեղ մրցութային փաթեթները դրվում են հանրային քննարկման, տեղադրվում են կայքերում, բայց մեզ մոտ հանձնաժողովը խուսափում է անգամ մրցակցի փաթեթի պատճենը տրամադրելուց: Նրա կարծիքով՝ հանձնաժողովն այս անգամ էլ կառաջնորդվի ՀՀ նախագահականի հրահանգով. «Տա Աստված, որ ես սխալվեմ, բայց ՀՌԱՀ-ն անցած տարիների ընթացքում ինձ տվել է այն հիմքերը, որ կասկածեմ նրան ինչ-ինչ խարդավանքների մեջ»: Ամեն դեպքում, նա հույս ունի, որ «Ա1+»-ը կստանա այդ հաճախականությունը:



ՀՌԱՀ-ը մրցույթի արդյունքները կհրապարակի դեկտեմբերի 16-ին, այնպես որ, քիչ մնաց սպասելուն: