Երեւանի մի հատված կանվանափոխեն «Անի»

Երեւանի մի հատված կանվանափոխեն «Անի»
Հաջորդ տարի Բագրատունյաց Հայաստանի նշանավոր մայրաքաղաք Անիի 1050, Մեսրոպ Մաշտոցի՝ 1650 եւ երրորդ հանրապետության 20 ամյակներն են: Հոբելյանական տարին ոչ միայն բոցավառել է սփյուռքի նախարարությանը, այլեւ նրանց լծել շքեղաշուք միջոցառումների իրականացմանը: Կարճ ասած՝ մի ամբողջ տարի զբաղված են լինելու այս ազգանվեր գործով: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն արդեն նվիրվել է հերթական միջոցառման սցենարին: Երեկ մանրամասներն էին քննարկվում նախարարին կից ատյանի նիստում, որտեղ ամփոփեցին անցած տարվա արած-չարածը՝ ուրվագծելով գալիքը:



Սփյուռքի նախարարի խորհրդական Արտակ Մովսիսյանը  զեկուցեց Անի հոբելյանը մեծ շուքով նշելու անհրաժեշտության ու կարեւորության մասին, պարզվեց՝ դա միջազգային ու համազգային նշանակություն ունի: «Անին հավերժական մայրաքաղաքի սիմվոլ է դարձել, մեզ համար Անիի տարեդարձի նշումը հայկական քաղաքակրթությունը ներկայացնելու առիթ պետք է լինի ամբողջ աշխարհում: Համայն հայությանը միավորող կարեւորագույն  խորհրդանիշ է... Նամակով նաեւ էսօր կուղարկենք  սփյուռքի մեր համապատասխան կառույցներին՝ սկսած լրատվամիջոցներից, մինչեւ վերլուծական ամբիոներ՝ ակնկալելով նրանցից առաջարկներ:



Առաջարկներ շատ կարող են լինել՝ սկսած գիտահանրամատչելի գրականությունից, փաստագրական ֆիլմերից, մանկապատանեկան գրականություն՝ երեխաներին ճանաչելի դարձնելու, նրանց ազգային ոգին բոցավառելու նպատակով»: Զեկույցից խանդավառված՝ տիկին Հակոբյանը բացվեց ու «կիսվեց» Անի տարեդարձը նշելու իր սցենարով: Ասաց՝ կոչ կանի, որ հաջորդ տարի ծնված աղջիկների անունները Անի դնեն: Սցենարի այս հատվածին զարմանքով արձագանքեցին մասնակիցները, թե այդքան ծնունդ կլինի՞:  Ապա տիկին նախարարն ասաց, որ այդ օրը նախատեսել է Հանրապետության հրապարակում 1050 Անի հավաքել:



«Անիական ճոխ միջոցառում կանենք, սփյուռքյան բոլոր կառույցներում պետք է մայրաքաղաքի տոնը իրոք նշենք: Շատ հետաքրքիր է, մանավանդ որ համընկնում է մեր անկախության 20 ամյակի հետ, ինչպես նաեւ Մեսրոպ Մաշտոցի 1650 ամյակի հետ, 50-ներն էլ որ հանենք, կլինի  1600, 1000. շատ հետաքրքիր է»,-իր աթոռին ինքնամոռաց ճոճվելով՝ երեւակայեց նախարարը: Ապա դեմքին լուրջ արտահայտություն տալով, շարունակեց. «Մենք մեր խոշոր հոբելյաններին պետք է տեր կանգնենք, եւ էս էն դեպքն է, որ  պետք է Անիով ցույց տանք այն վայրագությունը, դաժանությունները, որ կատարվել է ոչ միայն մարդկանց, այլ քարերի հետ: Եվ ինչու չէ, աշխարհին ներկայացնենք Անին իր եւ պատմական, եւ քաղաքական, եւ մշակութային դեմքով»:



Տիկին Հակոբյանը գաղտնազերծեց նաեւ իր պայմանավորվածությունը քաղաքապետի հետ: Ասաց, որ պայմանավորվել են հուշագիր ստորագրել, որի մեծ մասը վերաբերելու է Անիի հոբելյանին: Բացի այդ,  ասաց, որ պայմանավորվել են մայրաքաղաքից մի հատված Անի կոչել: «Մայրաքաղաքը պետք է դառնա նաեւ կրողը՝ որպես ժառանգորդ նախորդ մայրաքաղաքների, ճոխ միջոցառում է լինելու»,-եզրափակեց սփյուռքի դեսպանը: