Սա այն Քեշիշյանն է, որ...

Սա այն Քեշիշյանն է, որ...
Սա Հրաչ Քեշիշյանն է. հայաստանյան գանձարանից ֆինանսավորվող` ամենամեծ բյուջեներ ունեցող ֆիլմերի ռեժիսորը («Խաչագողի հիշատակարանը», «Արտիստը», «Սպանված աղավնին» եւ այլն), ամենաանճաշակ կլիպների հեղինակն ու շոու-բիզնեսի ամենաանտաղանդ աստղերի կնքահայրը: Նա նշանավոր է նաեւ նրանով, որ միակ մարդն է, որը «Հրապարակի» գոյության մոտ 3 տարիների ընթացքում դատի է տվել մեր թերթին եւ շուրջ մեկուկես տարի է, հետապնդում է մեզ: Իսկ ասածն այն է, որ այն տեսահոլովակը, որտեղ իր սեքսուալ արկածներն են պատկերված եւ որի մասին մենք մի հրապարակում ենք ունեցել 2009-ի հուլիսի 17-ի համարում, կեղծ է՝ ինքը չէ պատկերված: Հիշեցնենք, որ հոլովակում նորմալ սեռական հարաբերություն է՝ կնոջ եւ տղամարդու միջեւ: Ոչ մի հոմոսեքսուալ տեսարան: Նրան չբավարարեցին ոչ իր իսկ ուղարկած հերքման տեքստի ամբողջական տպագրությունը մեր թերթում, ոչ մեր՝ հաշտության առաջարկները: Նա այս հոլովակի վրա ուզում է փող աշխատել, այն էլ ոչ փոքր՝ 5 մլն դրամ: Իբր մեր անմեղ, տվյալ դեպքում իր համար շահեկան հրապարակումը իրեն հենց այդքան վնաս է պատճառել: Հավանաբար պետբյուջեից հատկացումները սկսել են չբավարարել «մեծատաղանդ» ռեժիսորին: Իրականում Քեշիշյանի նպատակը «Հրապարակին» վնաս պատճառելն է, իր անտաղանդ գործունեության վերաբերյալ մեր հրապարակումների դեմն առնելը, մեզ լռեցնելը: Հավանաբար՝ ինչ-որ տեղից լսել է, որ այս հատուկենտ անկախ թերթերին լռեցնելու միակ ձեւը նրանց ֆինանսապես ճնշելն է: Եվ տղան գործի է անցել: Դեկտեմբերի 9-ին դատարանն այս գործով վճիռ է կայացնելու, սակայն մեզնից փող կորզելու հույսերը, կարծում ենք, ի դերեւ կանցնեն: