Մահ եւ հարություն

Մահ եւ հարություն
Այն, ինչ կատարվեց 22 տարի առաջ այս օրը, չարագուշակ երազի էր նման՝ տասնյակ հազարավոր զոհեր, փլատակների վրա ուրվականի պես շրջող ու հարազատներին փնտրող մարդիկ, որոնց վշտից քարացած դեմքերին նայելով, մտածում էիր՝ գուցե ահեղ դատաստանի օ՞րն է եկել: Չկար ընտանիք, որ կորուստ չունենար՝ սուգը մտել էր յուրաքանչյուրիս տուն: Հետո սգի հետ սկսեցինք ապրել նաեւ աշխարհի կարեկցանքի ու մարդկության համերաշխության աննախադեպ դրսեւորման հրճվանքը, որը Հայաստան էր բերում նորանոր փրկարարներ, հսկայական օգնություն, սեր ու ջերմություն: Մեզ սկսեց մխիթարել, որ մենք մենակ չենք մեր վշտի հետ, որ այն մեզ հետ կիսում է ողջ աշխարհը: Մեր անչափելի վշտի մեջ մի հուզիչ ու ոգեւորող բան կար՝ մենք մարդկության, քաղաքակրթության մի մասնիկն ենք, մեզ մենակ չեն թողնի, մեզ կօգնեն, որ դուրս գանք այս վիճակից, թոթափենք անհուսության ու դժբախտության այդ անլուր զգացումը: Եվ պատմական մագաղաթներից ու անիրական պատմություններից մեզ հայտնի փյունիկ թռչունը միս ու արյուն կստանա՝ կհառնի մոխիրներից ու փլատակներից: Կվերածնվի ու նոր կյանքով կապրի՝ նաեւ չապրածների իղձերն ու երազներն իրականացնելով: Չէ որ դժբախտությունները երկու տեսակի են լինում՝ նրանք, որոնք կործանում են մարդուն, եւ նրանք, որոնք նոր ուժ ու կամք են տալիս: Հաջողվե՞ց արդյոք մեզ ահեղ երկրաշարժից հետո նոր շունչ ու նոր կյանք ստանալ, ապրել ավելի ճշգրիտ ու ազնիվ կյանքով, քան դրան նախորդող շրջանում էինք ապրում: Գուցե 88-ի երկրաշարժի տեսքով մեզ բաժին հասած «ահեղ դատաստանը» խորքում հենց այդ նպատակո՞վ էր ուղարկվել մեզ, որ հաղթահարենք մեր մեջ բուն դրած ախտերն ու նոր կյանք սկսենք: Որ չարիքը բարիք դառնա, ու սովետական մղձավանջը հաղթահարող ժողովուրդը նոր ծնունդ ապրի: