Ինչու է բարկացել գեներալ Մանվելի որդին

Ինչու է բարկացել գեներալ Մանվելի որդին
Ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Գ. Խաչատրյանը երեկ այդպես էլ հրաժարվել է որեւէ պաշտոնական պարզաբանում տալ մեր թղթակցի այն հարցին, թե որքանով են ճիշտ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից մարդ ծեծելու մասին լուրերը: Հիշեցնենք, որ երեկ մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ գեներալ Մանվելի որդին մարդ է ծեծել: Մեզ հաջողվեց պարզել, որ ծեծի ենթարկվածը Երեւանի բնակիչ Արմեն Ալբերտի Հայրապետյանն է, ով ապրում է Դավիթ Անհաղթի 6-96 հասցեում: Ինչն է եղել ծեծի պատճառը:



Արմեն Հայրապետյանը, տեղյակ չլինելով, որ Էջմիածնում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գործը գտնվում է անձամբ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հսկողության տակ, տարածք է վարձակալել եւ ցանկացել է բացել ԱՊՊԱ կետ: Երբ Արմենը փորձել է իր վարձակալած տարածքի վրա ամրացնել գովազդային պաստառը, նրան է մոտեցել Կարեն Գրիգորյանը եւ պահանջել դադարեցնել այդ գործը: Արմեն Հայրապետյանը թերեւս չի իմացել, թե ում հետ գործ ունի, եւ հակադրվել է նրան, ինչն ունեցել է ծանր հետեւանքներ:



Ավելի լավ բախտի է արժանացել Էջնիածնի ավագանու անդամ, ՀՀԿ-ական Արման Մկրտչյանը: Վերջինս համարձակություն է ունեցել իր տարածքը վարձակալության տալ մեկ այլ ԱՊՊԱ գործակալի, ոչ Արմեն Հայրապետյանին, ինչի համար հենց ավագանու նիստի ժամանակ արժանացել է քաղաքապետի զայրույթին: Գեներալի որդին սպառնացել է հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց հետ, ովքեր կհամարձակվեն փայ մտնել իր բիզնեսի մեջ: Ի դեպ, գեներալ Մանվել Գրիգորյանն այս օրերին գտնվում է Օդեսայում, որտեղ մեկ այլ էջմիածինցի գեներալի հետ համատեղ բիզնես է հիմնել` ցեմենտի գործարան: