Քաղաքապետը ներողություն կխնդրի՞, թե՞ հրաժարական կտա

Քաղաքապետը ներողություն կխնդրի՞, թե՞ հրաժարական կտա
Երկու օր է՝ «Ֆեյսբուքում» խոսակցությունների միակ թեման քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից ՀՀ նախագահի աշխատակազմի պրոտոկոլի վարչության պետի տեղակալին՝ Արամ Կանդայանին (մականունը՝ Կնդո) ծեծի ենթարկելու լուրն է: Խոսում են, որ ծեծի առիթը եղել է Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ Կանդայանի սխալը: Ըստ որոշ լուրերի՝ քաղաքապետին դուր չի եկել այն տեղը, որտեղ «Կնդոն» նստեցրել է իրեն: Բայց պատմությունը չի ավարտվել միայն ծեծով:



Ծեծի մասին տեղեկանալով, Սերժ Սարգսյանը խիստ զայրացել է, այնպես որ, նախօրեին Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ շատ վատ տրամադրության մեջ է եղել եւ կատարվածի մեջ մեղադրել է աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին, որը, ըստ լուրերի, նախապես տեղյակ է եղել, որ կոնֆլիկտ է հասունանում, եւ դեմը չի առել, ինչպես միշտ` նախընտրելով «շառից-փորձանքից հեռու» տակտիկան: Սակայն նախագահի լուտանքներն այնքան են ազդել նրա վրա, որ այդ խոսակցությունից անմիջապես հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել եւ հայտարարել է, որ երկրից էլ է պատրաստվում հեռանալ:



Սրանից հետո Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը բավական ջանք են թափել, որ նրան համոզեն հետ վերցնել դիմումը: Ասում են, որ Սերժ Սարգսյանը խիստ զայրացած է նաեւ Գագիկ Բեգլարյանի վրա եւ պահանջել է, որ նա ներողություն խնդրի Կանդայանից: «Ֆեյսբուքում» ակտիվորեն քննարկվում է նաեւ այս հարցը՝ քաղաքապետը ներողություն  կխնդրի՞, թե՞ չի խնդրի: Ոմանք վստահ են, որ «Բեգլարյանը ներողություն խնդրող տղա չի»: