Ընդդիմությունը միավորվո՞ւմ է

Ընդդիմությունը միավորվո՞ւմ է
«Բոլոր տեսակի խոսակցությունները նախքան ընտրություններն այդքան էլ էական չեն, հնամենի ճշմարտություն է, որ մենամարտից առաջ կանխատեսումներն անիմաստ են, մենամարտից հետո դրանք դառնում են առավել քան անիմաստ»: Եվ չնայած դրան, «Հայելի» ակումբի բանախոսներ, ՍԴՀԿ-ական Վարդան Խաչատրյանն ու ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը որոշ կանխատեսումներ արեցին: Մասնավորապես, իբրեւ ընդդիմության ներկայացուցիչ, Վարդան Խաչատրյանն ասաց, որ ընդդիմադիր թեւում «կա գործընթաց, ընթանում են զարգացումներ, որոնք հնարավոր է բերեն  միավորումների, վերամիավորումների, քաղաքական դաշտի էդ հատվածի որոշակի դասավորումների ու վերադասավորումների»:



Հետո էլ հավելեց, որ ինքը «էդ բանակցություններում» չկա եւ «կոնկրետ չի կարող ասել, որ էսինչը էնինչի հետ ա միանում»: «Կհաջողվի  իշխանություններին մինչեւ ընտրություններն իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը համապատասխան զանգված կկարողանա ապահովել առանց ընտրակեղծիքների, առանց խախտումների վերարտադրել իշխանությունը, թե ոչ՝ կտեսնենք: Առայժմ չեմ կարող ասել, որ պրոցեսները այն էֆեկտիվության աստիճանի վրա են գտնվում, որ բեկում կբերի»,- ասաց Վ. Խաչատրյանը՝ պարզաբանելով, որ «երկրում իրավիճակը լարված է ոչ միայն քաղաքական առումով, այսօր նաեւ տնտեսական ճնշման բացառիկ ազդեցությունն է զգալի երկրի վրա, իսկ հիմնականում տնտեսական վիճակի ոչ բարվոք լինելու համար պատասխանատուն լինելու է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը»: Հանրապետական Գագիկ Մելիքյանն էլ, խոսելով միայն իրենց կուսակցության մասին, ասաց, որ ՀՀԿ-ն իր առջեւ խնդիր է դրել հաջորդ խորհրդարանում ունենալ բացարձակ մեծամասնություն, ինչպես նախորդ ընտրություններում: