Արդարության իմիտացիա

Արդարության իմիտացիա
Մարդկության ողջ պատմությունը պայքար է արդարության համար: Ինչեր ասես չեն մտածել մարդիկ արդարության հասնելու եւ այն ապահովելու համար. էլ զանազան ինստիտուտներ են ստեղծել, էլ օրենսգրքեր ու աշխատություններ գրել, էլ պատերազմներ ու հեղափոխություններ արել, հեքիաթներ ու լեգենդներ հորինել: Պարզվել է՝ ամեն ինչ զուր է, համենայնդեպս, արդարություն ապահովող հարյուր տոկոսանոց մեխանիզմ եւ երաշխիքներ ստեղծել մարդկությանն այդպես էլ չի հաջողվել: Եվ հաշտվել են այն իրողության հետ, որ մարդիկ ծնվում են հավասար, սակայն ապրում են խիստ անհավասար պայմաններում: Որ օրենքը գործում է ոմանց համար, իսկ մյուսների՝ դեմ: Որ ոմանք օգտվում են կյանքի բոլոր բարիքներից, ցոփ ու շվայտ կյանք վարում, երբ դրա համար ոչ մի արժանիք չունեն, իսկ մյուսները՝ արժանիները, զրկված են տարրական բարեկեցությունից: Անգամ կյանքի, առողջության, երջանկության հարցերում, որոնք տրվում են ի վերուստ, մարդիկ հավասար չեն: Եվ արդարության պակասը մարդիկ փորձել են լրացնել տարբեր մխիթարություններ հորինելով: Չկա մարդու իրավունքների պաշտպանվածություն, բայց կա Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Չկա արդար դատարան, բայց կա երդվյալ ատենակալների ինստիտուտ, որտեղ շարքային մարդիկ են՝ այդ անարդարություններից անձամբ տուժածները, որոնց դատելու եւ արդարություն հաստատելու իրավունք է տրված: Որոշումներ կայացնելիս մարդկանց կարծիքը հաշվի չեն առնում, բայց նրանք հնարավորություն ունեն ազատորեն փողոց դուրս գալու, երթեր-ցույցեր անելու, պլակատներով իշխանական շենքերի առաջ կանգնելու: Վերջապես՝ չկա դեմոկրատիա, բայց կա դրա համար մղվող անդուլ պայքար: Եթե կարճ ձեւակերպենք, ապա սա արդարության իմիտացիան է, եւ սրա վրա է կանգնած մեր երկրագունդը: