Կլինեմ ցուցակում, թե ոչ` ինձանից կախված չի

Կլինեմ ցուցակում, թե ոչ` ինձանից կախված չի
Տեղեկություններ կան, որ Հանրապետական կուսակցությունում արդեն իսկ 2012 թ. խորհրդարանական ցուցակի շուրջ քննարկումներ կան, կազմվում է ՀՀԿ ցուցակը: Չի բացառվում նաեւ, որ ներկա խորհրդարանի որոշ պատգամավորներ չլինեն այդ ցուցակում: Ներկայացնում ենք մեր զրույցը ՀՀԿ խորհրդի անդամ, պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ:



- Պարոն Մինասյան, խոսակցություններ կան, որ արդեն իսկ նախընտրական ցուցակ մտնելու շուրջ բանակցություններ են ընթանում: Դուք լինելո՞ւ եք հաջորդ խորհրդարանի ՀՀԿ ցուցակում:



- Ես կարծում եմ, նախ առայժմ շատ վաղ է դրա մասին խոսել, որովհետեւ այդպիսի քննարկումներ չկան ոչ խորհրդում, ոչ գործադիրում: Դա ընդամենը, իմ կարծիքով, քաղաքական տեխնոլոգիաների դաշտից բերված աճպարարություն է, որ որոշ ուժեր փորձում են ներկայացնել, որ Հանրապետականում սկսել են ցուցակներ նայել եւ այլն: Այդպիսի բան չկա:



- Բայց արդեն իսկ կան հանրապետականներ, որ հայտարարում են, որ իրենք լինելու են թեկնածու եւ այլն:



- Դա իրենց խնդիրն է, ես այդպիսի բան չեմ կարող հայտարարել: Ես այդպիսի ցուցակների քննարկմանը դեռեւս չեմ մասնակցել: Կարծում եմ՝ որեւէ մեկը չի մասնակցել, այդպիսի քննարկում ուղղակի չի եղել: Իսկ թե ցուցակում ովքեր կլինեն, դա կուսակցության ղեկավար մարմնի, կուսակցության ղեկավարի խնդիրն է: ...Ես կլինեմ այդ ցուցակում թե ոչ՝ դա ինձանից կախված չի: Ինձանից կախված է այնքանով, որ եթե տարիների ընթացքում ապացուցել եմ, որ ինչ-որ բան ինձանից ներկայացնում եմ, էդ ժամանակ կգնահատվեմ: Իսկ եթե չեմ գնահատվի, ընդամենը պետք է ընդունեմ, որ համապատասխան ակտիվություն եւ քաղաքական գործընթացներին ակտիվ չեմ մասնակցել:



- Այսօր ասվում է, որ հնարավոր է ՀՀԿ ցուցակում որոշ փոփոխություններ լինեն, Տիգրան Սարգսյանն իր թիմով գա առաջ, ՀՀԿ-ի հնաբնակները դուրս մղվեն:



- Խոսել «եթե»-ներով` ճիշտ չէ: Նախարար աշխատող մեր բոլոր գործընկերները, ինչպես կարգն է, հայտնվելու են մի ընդհանուր ցուցակի մեջ՝ այբբենական կարգով, այդ թվում եւ նրանք, ովքեր Տիգրան Սարգսյանի հետ միասին են եկել այս կառավարություն:



- Իսկ չե՞ք կարծում, որ ներկա սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունքում, ընդհանրապես մարտի 1-ից հետո, ՀՀԿ-ն շանսեր չունի առաջիկա ընտրություններում, եթե, իհարկե, արդար ընտրություններ լինեն:



- Ես էդ կարծիքին չեմ: Ընդհակառակը՝ ես էն կարծիքին եմ, որ Հանրապետականը պոպուլիզմով չի զբաղվելու եւ ամբողջ կառավարության գործունեության, երկրում տեղի ունեցող պրոցեսների համար պատասխանատվությունը կրում է: Վստահ ասում եմ՝ սա այն ուժն է, որ երբեք չի փախել պատասխանատվությունից:



- Բայց մարտի 1-ի համար դեռ ոչ ոք պատասխան չի տվել:



- Ոչ, բոլորն էլ ասել են, որ դա նախեւառաջ իշխանության եւ ընդդիմության խնդիրն է: Ուրիշ բան է, որ մեր դատաիրավական համակարգը առանձին դեպքեր, փաստեր չի կարողացել մինչեւ վերջ պարզել: Սա բոլորովին այլ բան է: ...Վստահ եմ, որ ՀՀԿ-ն իր ծրագրերով, իր կատարած գործերով, իր ազնիվ ու շիտակ խոսքով կդիմի ժողովրդին, եւ ժողովրդի մեծամասնությունն իր ձայնը տալու է ՀՀԿ-ին:



- Սակայն տեսակետներ կան, որ ՀՀԿ-ն կարող է մեծամասնություն ունենալ, միայն եթե նորից դիմի ընտրակեղծիքների եւ այլն: Դրա հետ կապված ի՞նչ կասեք:



- Թշնամու խոսքեր են:



- Ո՞ր թշնամու:



- Ներքին եւ երեւի նաեւ ինչ-որ տեղ՝ արտաքին: Դա ես բացառում եմ, օրենքը եւ օրենսդրությունն էնպիսի հնարավորություն չեն տալիս, եթե ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները հավասար իրավունքներ ունեն: Եվ եթե մի անդամն անգամ հարցը բարձրացնելու եւ բողոքելու իրավունք ունի, դատարան տալու իրավունք ունի, անհնար ա լինելու՝ էդ ո՞նց եք պատկերացնում:



- Բայց կեղծիք է նաեւ 5 հազար դրամ կաշառք տալը, չէ՞:



- Միայն Հանրապետականն ա, հա՞, տալիս 5 հազար:



- Է՞լ ով է տալիս:



- Ես չգիտեմ ով է տալիս: Ես գիտեմ` Հանրապետականն էդպիսի հանձնարարություն, հրահանգ երբեք չի տվել՝ 5 հազար...: Չեմ բացառում, որ առանձին դեպքերում, առանձին մարդիկ, մեծամասնականով ընտրվող, էդ մեթոդը կիրառել են, բայց ՀՀԿ-ն կուսակցության ընտրացուցակներին ձայն տալու համար, երբեւիցե որեւէ անգամ ես չեմ հիշում, որ փող առաջարկած լինի որեւէ մեկին:



- Ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում: ԲՀԿ-ն հայտարարում է, որ չի սատարելու Սերժ Սարգսյանին մինչեւ 2012-ի ընտրությունների ավարտը:



- Ես նման հայտարարություն չեմ լսել: Եթե որոշ անհատներ իրենց կարծիքն են արտահայտել, դա դեռեւս կուսակցության կարծիքը չի՝ ես կարծում եմ:



- Իսկ Ձեր կարծիքով, ինչո՞ւ ՕԵԿ-ը հայտարարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին, իսկ ԲՀԿ-ն չի հայտարարում եւ ասում է, որ այդ հարցը չի քննարկելու մինչեւ 2012 թ. ընտրությունների ավարտը:



- Եթե որեւէ կուսակցություն 50-ից ավելի ձայներ է ստանում խորհրդարանում, նա ոչ միայն կառավարություն կարող է կազմել, այլ նաեւ կարող է հայտ ներկայացնել՝ իր թեկնածուն ունենալու երկրի նախագահի կարգավիճակում: Զուտ տեսական նկատառումից ելնելով՝ իրենք ցանկություն ունեն «50+1»-ի հետ կապված:



- Դուք հնարավոր եք համարում, որ ԲՀԿ-ն «50+1» ձայներ հավաքի եւ սեփական թեկնածուո՞վ հանդես գա:



- Ոչ, դա բացառում եմ: Ես դա ասում եմ զուտ տեսական իմաստով: Ես գտնում եմ, որ ԲՀԿ-ն ավելի ձայներ ունի, քան ՕԵԿ-ը, բայց դա զգալիորեն պակաս է, քան Հանրապետականի ձայները: