Նախազգուշացո՞ւմ, թե՞ տարանջատում ջիպազգիներից

Նախազգուշացո՞ւմ, թե՞ տարանջատում ջիպազգիներից
Խախտելով ավանդույթը՝ Հայաստանի իշխանական շրջանակներում ծագած հերթական սկանդալը այս անգամ ոչ թե պաշտոնապես հերքվեց եւ կուլիսներում հարթվեց, այլ հրապարակային զարգացում եւ հանգուցալուծում ունեցավ: Ընդ որում՝ թվում է դրվածքներ մերկացնող եւ հետեւանքներ ունեցող հանգուցալուծում: Հրաժարական ներկայացրեց Երեւանի քաղաքապետը, եւ շարունակեց պաշտոնավարել նախագահի աշխատակազմի ղեկավարը:



Ինչու էր Սերժ Սարգսյանի կամոք Երեւանի քաղաքապետ դարձած Գագիկ Բեգլարյանը նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հետ ծեծուջարդով հարաբերություններ պարզել՝ սոցիալական սայթերից այս կամ այն չափով հայտնի է դարձել: Որքանով է հավաստի, որ վեճը ծագել է Դոմինգոյի համերգի ժամանակ Բեգլարյանի կնոջը արված զգուշացման արդյունքում, որ այստեղ նստի, այնտեղ չնստի՝ կարեւոր էլ չէ: Առանց նույնիսկ ճանաչելու, թե ով է Կանդայանը, կարելի է վստահ լինել, որ նա հանցագործ միջավայրից սերած մեկը չէ: Իհարկե, նախագահականի աշխատակիցների մասին կարելի է ասել, թե ողորմելի են, վախեցած են, կիսագրագետ են, քծնող են, հաճկատար են եւ այլն, բայց հանցագործ ու փողոցային վարքի տեր նրանց չես ասի: Հայաստանում դա օլիգարխ հորջորջվողների ամպլուան է, որոնք Ազգային ժողովում են եւ Երեւանի քաղաքապետարանում: Ի դեպ, վերջերս էլ մի ֆանտաստիկ որակման են արժանացել` ջիպազգիներ:



Թե ջիպազգի պարագլուխներից մեկի մտքով ինչու է անցնում նախագահականի աշխատակցին ծեծուջարդի ենթարկել՝ միջադեպի ժուռնալն է, կինոնկարը դրանից հետո է: Ավելի հետաքրքիր է այն, թե ինչպես է պատահել, որ միջադեպին տեղեկացած հեղինակությունը, տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանը, չի առաջնորդվել ակեկդոտի տրամաբանությամբ, թե` «շունը Ձեզ կծել է, իբրեւ հատուցում` Դուք էլ շանը կծեք», եւ, ասենք, իր թիկնապահների ձեռամբ Բեգլարյանին նույն ծեծուջարդի մեթոդով դաս չի տվել:



Նախագահը չլիներ Սերժ Սարգսյանը, այլ ուրիշ մեկը, նման ներքին հաշվեհարդարն անվայել ու անհնար կթվար: Բայց Սարգսյանն էլ, տեղապահ Քոչարյանն էլ հասարակական գիտակցության մեջ այնպես են սերտաճած իրենց սնուցած ու բազմացրած ջիպազգիների հետ, որ նրանցից առանձնապես տարբերվող իմիջ չունեն: Չէ որ «Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու»: Իսկ ջիպազգիները նաեւ Սերժ Սարգսյանի ընկերներն են, որոնց ինքը խրձով տարավ ՀՀԿ, երբ այդ կուսակցության ղեկն էր ստանձնում, հետո էլ, իբրեւ մատուցած ծառայությունների փոխհատուցում, թե սոցիալական հենարան՝ ջիպազգիներին շաղ տվեց ԱԺ-ում եւ քաղաքապետարանում:



Իհարկե, ջիպազգիներից ոչ ոք չի ակնկալում տարրական մտավոր ունակություններ, հետեւաբար անիմաստ է հարցնել, թե ինչ էր մտածում Բեգլարյանը, երբ նախագահականի աշխատակցի էր ծեծում: Հրապարակավ հաստատում էր, թե օրենքից ու վարքի նորմերից վեր հանցագո՞րծ է, որ «ճշտի ու սխալի» իր փողոցային պատկերացումներով կարող է հաշվեհարդար տեսնել ում հետ ցանկանա: Իր դեմ խաղ չկա՞ ոչ իրենից վեր, ոչ իրենից վար: Ցուցադրեց իր «ամենակարողությունը» եւ իշխանական շրջանակից դուրս շպրտվեց: Դժվար է ասել, եթե նման շրջադարձ կանխատեսեր, այդպես կվարվե՞ր: Սակայն ջիպազգին որտեղի՞ց կարող է տեսնել, ուր մնաց` կանխատեսել:



Իսկ Սերժ Սարգսյանն առիթից օգտվեց եւ որոշեց ջիպազգիներից տարանջատվել: Իբր ինքը նրանցից վեր է եւ նրանց վարքագիծն էլ «կարող է չհանդուրժել», ինչպես փոխանցել է խոսնակ Արմեն Արզումանյանը: Ինչ ամպագոռգոռ բառապաշար: Ջիպազգիներին Սարգսյանն ինքը չի՞ ՀՀԿ ցուցակներում ընդգրկել եւ բաց թողել ժողովրդի վրա: Այժմ Բեգլարյանին պատժելով ցանկանում է մյուս ջիպազգիների՞ն էլ նախազգուշացնել, որ իրենց հանցագործ էությանն ու վարքին վերջ տան, այլապես մի տեղ էլ իրենք կսայթաքեն եւ կպատժվեն: Նույնպես վատ չէ: Բայց այդ ամենը հանցաշխարհի, բանտի ու զոնայի առօրյա եւ հարաբերություններ են: Սերժ Սարգսյանն էլ ապացուցում է, որ այդ միջավայրում գործող ֆիգուրներից մեկն է, եւ պատժելով, եւ չպատժելով: Ցավալին ու ամոթալին դա է: Սարգսյանը եթե նախագահի որակ ունենար, ջիպազգիներից կազատվեր ոչ թե ճարահատյալ ու սկանդալներով, այլ առանց պատրվակների, ուղղակի բացատրելով, որ քաղաքականությունը հանցաշխարհի տեղը չէ:



Իսկ այն, որ ջիպազգին կարող է հրաժարական տալ, բայց չզղջալ, արարքից չհրաժարվել, սիցիլական հանցաշխարհի բնութագծեր է հաղորդում Հայաստանի իշխանական համակարգի հարաբերություններին: Հետեւաբար, աստվածաշնչյան «Սիրեցեք զմիմյանս» ասույթն արդիականացնելով, Հայաստանի իշխանական համակարգում գտնվողներին կարելի է ասել. «Սատկացրեք զմիմյանս»: Ի դեպ, որքան արագ ու մասշտաբային՝ այնքան լավ: Հասարակությունը ջրի երեսին կուտակված տիղմից կազատվի: