Ում կարելի է ծեծել, ում` ոչ

Ում կարելի է ծեծել, ում` ոչ
Եվ այսպես. Սերժ Սարգսյանն անընդունելի եւ անհանդուրժելի հայտարարեց իր արարողակարգի վարչության պետի տեղակալ Արամ Կանդայանին ծեծի ենթարկած քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պահվածքը եւ պահանջեց նրա հրաժարականը: Պաշտոնական լրատվությունը միանգամից քննադատության թիրախ դարձրեց Բեգլարյանին՝ «հերոսի կոչում շնորհելով» Սերժ Սարգսյանին: Ի դեպ, շրջանառվող տեղեկություններով, երեկ Գագիկ Բեգլարյանը փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ եւ ասել, որ պատրաստ է ներողություն խնդրել, սակայն վերջինս չի ընդունել նրան՝ հայտարարելով, թե թող դիմում գրի:



Մասնավորապես, մեզ, հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Գագիկ Բեգլարյանի արարքի առթիվ ասել է, թե «մնում է թքեր երեսիս»: Նշենք նաեւ, որ քաղաքապետ դարձած Գագիկ Բեգլարյանն իր մերձակա շրջապատում հայտարարում էր, թե 5 անգամ ընտրվելու է քաղաքապետի պաշտոնում, այնպիսի քաղաքապետ է լինելու, որ Սերժ Սարգսյանը, ով իրեն վստահել է այդ պաշտոնը, գոհ լինի իրենից:



Երեկ ոստիկանությունից տեղեկացանք, որ քրեական գործ չի հարուցվել փաստի առթիվ, եւ կատարվածի հանգամանքները հասարակությանը թերեւս անհայտ կմնան: Սակայն կատարվածն ի հայտ բերեց հետեւյալ իրողությունը, որ Սերժ Սարգսյանը բարկանում է միայն, երբ ոտնձգություն է կատարվում անձամբ իր աշխատակազմի ներկայացուցչի նկատմամբ, իսկ երբ խոսքը քաղաքացու, ընտրություններում առաջադրված թեկնածուի վստահված անձի, լրագրողի մասին է, նրա բարկությունը գոնե այդչափ չի կարող բորբոքվել, եւ դա նա անհանդուրժելի չի համարում. նման դեպքերում ծեծ կամ բռնություն իրականացնողները շարունակում են պաշտոնավարել ու բարգավաճել:



Այսպես. երբ նույն հանրապետականները բռնություն էին կիրառում ընտրատեղամասերում, Սերժ Սարգսյանը դա չդատապարտեց: Այս տարվա հունվարի 10-ին Կենտրոն վարչական տարածքում պատգամավորի ընտրության ժամանակ, երբ թաղային հեղինակությունները դաժան ծեծի ենթարկեցին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին ու նրա տղային, Սերժ Սարգսյանը դա անընդունելի չհամարեց: Ավելին՝ մեղադրանք առաջադրվեց Մակեյաններին: Երբ 2009-ին՝ նույն Գագիկ Բեգլարյանի ընտրության ժամանակ, Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում Սերժ Սարգսյանի մեկ այլ մերձավորի` Լյովա Սարգսյանի հրահանգով նրա հրոսակները հարձակվեցին լրագրողների վրա ու դաժան ծեծի ենթարկեցին լրագրող աղջկան, նաեւ հայհոյեցին ներկաներին, Սերժ Սարգսյանը դա անհանդուրժելի չհամարեց:



Որեւէ մեկը պատասխան չտվեց կատարվածի համար, ու Լյովա Սարգսյանը շարունակում է բարգավաճել, նոր բիզնես դնել Սեւանի ափին, կրել պատգամավորական մանդատը: Ավելին, 2008-ի ավարտին նույն Լեւոն Սարգսյանի հրահանգով ծեծի ենթարկվեց եւ մահացավ 2 երեխաների հայր, 35-ամյա Անդրանիկ Բաբայանը: Եվ ի՞նչ. սպանության փաստացի կազմակերպիչ Լեւոն Սարգսյանը պատասխան չտվեց, իսկ հանցագործությունը կատարածներն արդեն ազատության մեջ են, նրանց համաներումով ազատ արձակեցին: Երբ Ռուբեն Հայրապետյանը հայհոյում է լրագրողին կամ իր «Հարսնաքարում» ձեռնաշղթաներ հագցնելով ծեծի է ենթարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, Սերժ Սարգսյանն այդտեղ եւս որեւէ անընդունելի բան չի տեսնում:



Երբ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները, 2008-ին Սերժ Սարգսյանի համար ձայներ ապահովելու նպատակով, ծեծի էին ենթարկում վստահված անձանց, անգամ մի կնոջ՝ Լարիսա Թադեւոսյան անուն-ազգանունով, ով ասուլիսի ժամանակ պատմում էր, թե ինչպես են իրեն առեւանգել ու ծեծել, Սերժ Սարգսյանը չէր համարում, որ դա անընդունելի է եւ անհանդուրժելի: Երբ Հարավ-արեւմտյան թաղամասում էին ընտրությունների ժամանակ բռնություն կիրառում, Սերժ Սարգսյանը դա չէր համարում անընդունելի:



Ավելին, Սերժ Սարգսյանը մինչեւ վերջ անընդունելի չհամարեց անգամ մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու որոշումը, անընդունելի չէ, երբ ցույցերի ժամանակ հատուկ ջոկատայինները կարող են ծեծի ենթարկել երիտասարդին, տարեց կնոջը կամ տղամարդուն:



Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրել, որտեղ, ենթադրաբար, պետք է քննարկվեին քաղաքապետի հրաժարականն ու դրա շուրջ ծավալված իրադարձությունները: Երբ այցելեցինք ՀՀԿ գրասենյակ, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ գործադիրի նիստն արդեն ավարտվել էր: ՀՀԿ էր ժամանել ՀՀԿ խորհրդի անդամների մեծ մասը: Նիստում Սերժ Սարգսյանը խոսել է Գագիկ Բեգլարյանի հրաժարականի մասին՝ կրկնելով Արմեն Արզումանյանի՝ մամուլին տված գնահատականները, թե նման վարքագիծն անընդունելի է եւ անթույլատրելի, մանավանդ պետական պաշտոնյայի դեպքում:



Երեւանի քաղաքապետի՝ ՀՀԿ-ի թեկնածուն դեռ վերջնական չի որոշվել, սակայն երեկ տեղեկացանք, որ քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանն արդեն հրավիրվել է նախագահական, եւ նա հավանաբար կնշանակվի քաղաքապետի պաշտոնակատար: Ի դեպ, ըստ օրենքի՝ դա պետք է լինի ավագանու անդամ, որին ավագանին իր նիստում կընտրի մեծամասնություն կազմող ՀՀԿ-ականներից:



«Մենք ցավում ենք, բայց ինքը ճիշտ է արել»,- գործադիր նիստից հետո մեզ հետ զրույցում Գագիկ Բեգլարյանի դիմումի հետ կապված՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Մեր հարցին, թե քրեական գործ հարուցվելո՞ւ է միջադեպի առթիվ, Սահակյանը հայտարարեց. «Ինքն իրեն դատապարտել է: Երեւույթը տգեղ է եւ դատապարտելի»: Հավելելով, թե դեռ հայտնի չէ՝ ինչ է եղել, բայց ծեծ չի եղել: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գնահատականի առթիվ մեր հարցին ի պատասխան հայտարարեց, թե «գնահատականը տվել է նախագահի մամուլի խոսնակը»: Մեր հարցին, թե ինչո՞ւ մյուս դեպքերում, երբ նախագահի աշխատակազմից չէր ծեծվողը, այլ սովորական քաղաքացի, նման արձագանք չեղավ, Շարմազանովը հայտարարեց. «Ես մյուս դեպքերի մասին տեղյակ չեմ, եթե տեղյակ եք, կարող եք դիմել իրավապահ մարմիններին»:



Ի դեպ, երեկ Հանրապետականում այնքան վախեցած էին, որ անգամ հրաժարվեցին պատասխանել, թե Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ եկե՞լ է: Ուշ երեկոյան քաղաքի կենտրոնում ինչ-որ մեկը հրավառություն էր արձակում: Կարելի էր կարծել, որ ոմանք տոնում են Բեգլարյանի հեռանալը: