Գյադաների երկիրը

Գյադաների երկիրը
Այն, որ երկրիդ քաղաքապետը մարդ է ծեծում եւ նախագահիդ աշխատակազմի ղեկավարը ոչ թե ամեն ինչ անում է, որ քաղաքապետի զայրույթը մեղմի ու կոնֆլիկտը հարթի, այլ իր ենթակային ուղարկում է Լինչի դատաստանի, ոչ մի, անգամ գողական աշխարհի պատկերացումների մեջ չի տեղավորվում: Սակայն այն, որ մեր երկրում սկանդալի պատճառ է դառնում ոչ թե պաշտոնյայի աշխատանքային ձախողումը, ոչ թե նրա կոռումպացվածությունը, ոչ թե նրա մասնագիտական անհամապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին, այլ «ռազբորկան», առավել մեծ խայտառակություն է: Սա նշանակում է, որ մեր երկրում առաջինից մինչեւ վերջին մարդը ապրում են «քուչի տղերքի» հոգեբանությամբ, եւ նրանց թասիբին կպչելը կարող է ներքաղաքական ճգնաժամի պատճառ դառնալ: Երբ Վերահսկիչ պալատը միլիարդավոր դոլարների յուրացումներ ու չարաշահումներ է հայտնաբերում, դա իշխանությունն ու հասարակությունը հանգիստ են տանում, իսկ այ, մի տղայական ծեծկռտուք կարող է երկիրը փոթորկել այնպես, որ միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյա հրաժարական տան, իշխող կուսակցությունը շտապ խորհրդակցություն հրավիրի, աշխուժանան այդ ուժի եւ գործող նախագահի թշնամիները ու ձեռքերը շփելով պատրաստվեն հարմար պահին: Մի խոսքով՝ գրեթե իշխանափոխության վտանգ առաջանա: Այս պահերին ես հասկանում, թե ինչքան փոքրիկ ու ինչ հիվանդ երկրում ենք ապրում մենք: Ինչ հեշտ է նման երկիրը կառավարելը եւ ինչ վատ է կառավարվում այն: Ինչ արատավոր հարաբերություններ են տիրում երկրում եւ քաղաքական կոչվող ուժերն ինչքան հեռու են իրենց կոչումից: Եվ վերջում՝ չեմ կարող չափսոսալ Գագիկ Բեգլարյանի հեռանալու կապակցությամբ: Իր բոլոր թերություններով հանդերձ՝ նա ձգտում էր լավ քաղաքապետ լինել եւ արդարացնել երեւանցիների հույսերը: Կլինի՞ արդյոք հաջորդն այդպիսին: