Արտակարգ իրավիճակների նախարարությունը Նաֆ-Նաֆի տո՞ւնն է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը Նաֆ-Նաֆի տո՞ւնն է
Վերջին 100 տարվա ընթացքում ՀՀ տարածքում տեղի է ունեցել 4 հզոր երկրաշարժ՝ 1926, 1931, 1968 եւ 1988 թթ.: Իսկ մարդիկ մեռնում են ոչ թե երկրաշարժերից, այլ վատ կառուցված շենքերի փլուզումից եւ իրենց անիրազեկությունից: «1988թ. ավերիչ երկրաշարժի ժամանակ տիրում էր քաոս, որովհետեւ չկար համապատասխան լիազոր մարմին, որը կարող էր ղեկավարել այդ փրկարարական աշխատանքները»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ավելացրեց, որ թեկուզ անցել է 22 տարի, բայց մեր տարածաշրջանում առկա տարբեր աղետներին՝ երկրաշարժերին, սողանքներին, սելավներին, մեկ նախարարության ուժերով հնարավոր չէ դիմակայել, պետք է համատեղ ուժերով պայքարենք:



Նախարարը զուգահեռներ անցկացրեց 21-րդ դարի 2 խոշոր երկրաշարժերի միջեւ, որոնք տեղի ունեցան Հաիթիում եւ Չիլիում. «Հաիթիում 7 մագնիտուդանոց երկրաշարժի ժամանակ զոհվեց 230 հազար մարդ, բայց որոշ ժամանակ անց Չիլիում տեղի ունեցած 9 մագնիտուդանոց երկրաշարժի ժամանակ, որը համարվում է աշխարհակործան երկրաշարժ, զոհվեց ընդամենը  279 մարդ»:



Ըստ նախարարի, պատճառն այն էր, որ երբ 25 տարի առաջ Չիլիում տեղի ունեցավ երկրաշարժ, այնտեղ կառավարության մակարդակով որոշում ընդունվեց ստեղծել աղետակայուն երկիր, որը կկարողանա դիմակայել երկրաշարժերին. «Ես հանձնարարել եմ իմ գործընկերներին, որ ուսումնասիրեն Չիլիի փորձը եւ հետեւություններ անեն»: Իսկ աղետակայուն պետություն ստեղծելու համար համապատասխան ռեսուրսներ ունե՞նք, նախարարը պատասխանեց, որ հիմնական ռեսուրսը պետբյուջեն է: Իսկ բավարար են ռեսուրսները, թե ոչ՝ կարելի է ենթադրություն անել հենց միայն այն փաստից, որ ԱԻ նախարարությանն առաջին եւ միակ ուղղաթիռը նվիրելու է Ռուսաստանի Դաշնությունը: Սպասում են նվերին:



Արմեն Երիցյանը տեղեկացրեց, որ Երեւանում կան 3 հազար 500-ից ավելի բազմաբնակարան շենքեր, որոնք համարվում են վտանգավոր, եւ որտեղ բնակվում է 800 հազարից ավելի մարդ: Վթարային շենքում ապրող մարդը ինչքան էլ  իրազեկված լինի, կարո՞ղ է արդյոք պաշտպանված լինել: «Մարդիկ եթե իրազեկված են, իմանում են որտեղ կանգնեն, ինչ անեն»,- պատասխանեց նախարարը: Իսկ ԱԻ նախարարության լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանն էլ իր կողմից ավելացրեց, որ եթե մարդիկ իրազեկված են, չեն ապրի նման շենքերում: Հարց է առաջանում, թե ինչ անեն վթարային շենքերի բնակիչները:



Լրագրողները հարց ուղղեցին նախարարին, որ մասնագետները նախարարության շենքը սեյսմիկ անվտանգության տեսանկյունից Նաֆ-նաֆի տունն են համարում, ինչին նա պատասխանեց. «Մեր շենքը նորմալ շենք է, մենք դա վերակառուցել ենք ու եղած գումարների սահմանում, ինչքան կարողացել ենք, ամրացրել ենք շենքը»: Նա հերքեց նաեւ այն լուրերը, որ պատրաստվում է ոստիկանապետի պաշտոնն զբաղեցնել: Իսկ ընդհանրապես ասուլիսն առանձնացավ մյուս նախարարություններին ուղղված հարցադրումներով: Մասնավորապես նախարարին հարցրեցին 2012-ին Երկիր մոլորակի անվտանգությանը սպառնացող քարերի մասին, մկների համաճարակի մասին գնահատելով դա որպես արտակարգ իրավիճակ, ու պարոն Երիցյանին առաջարկ անելով, որ գոնե ինքն այդ գործով զբաղվի՝ համ մարդկանց փրկի մկների ձեռքից, համ էլ վերջիններիս:



Հետո հարց հնչեց, որ ձնառատ ձմեռ է սպասվում, ու աղ չցանելու պատճառով փողոցներում արտակարգ իրավիճակներ են սպասվում, աղի պաշարներ կա՞ն: Էլի ուղղեցին հարցեր՝ կապված շինարարության, փրկարարների աշխատավարձի բարձրացման, քաղաքի կամուրջների, ճանապարհային պատահարների հետ, նախարարն էլ անընդհատ ստիպված էր հիշեցնել, որ ինքը ամեն ինչի նախարարը չէ: