ԱԺ մեծամասնությունը տապալել է ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրինագծի քվեարկությունը

ԱԺ մեծամասնությունը տապալել է ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրինագծի քվեարկությունը
Այսօր Ազգային ժողովում քվեարկությամբ վճռվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Լարիսա Ալավերդյանի, Ստյոպա Սաֆարյանի, Անահիտ Բախշյանի, Վարդան Խաչատրյանի, Զարուհի Փոստանջյանի  եւ Արմեն Մարտիրոսյանի ներկայացրած` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի ճակատագիրը:



Քառօրյայի հերթական օրվա առաջին նիստի բացման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը վարման կարգի շրջանակներում հետաքրքրվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից, թե երբ է կազմակերպվելու օրինագծի քվեարկությունն առաջին ընթերցման ռեժիմով: ԱԺ նախագահը հայտարարել է, որ քվեարկությունը կկազմակերպվի 2011թ. պետական բյուջեի քվեարկությունից հետո:



Հայտարարված պահին քվեարկության դնելու ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վարման կարգով ձայն խնդրելով` հայտարարել է, որ քաղաքական կոալիցիայի տեսակետը, որը ներկայացվել էր հոկտեմբերի 28-ին, չի փոխվել, այլ ավելի է ամրապնդվել. «Ուստի կոալիցիոն ուժերի անունից հայտարարում եմ, որ մենք քվեարկությանը չենք մասնակցելու»,- ասել է Գալուստ Սահակյանը: Ի պատասխան` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատել է, որ «Ժառանգությունը» մնում է իր տեսակետին:



Հայտարարություններից հետո ԱԺ նախագահի կողմից քվեարկության դրված` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի քվեարկությանը մասնակցել է ընդամենը 13 պատգամավոր: Օրինագծին կողմ են քվեարկել «Ժառանգություն» խմբակցությունն իր ողջ կազմով` Րաֆֆի Հովհաննիսյանը, Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավորներից Արտյուշա Շահբազյանը, Ռուզաննա Առաքելյանը, Հրայր Կարապետյանը, Բագրատ Սարգսյանը, Արծվիկ  Մինասյանը, Արա Նռանյանը եւ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը:



Փաստացի, խորհրդարանական մեծամասնությունը տապալել է օրինագծի քվեարկությունը, որից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս է եկել նիստերի դահլիճից: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ԱԺ ամբիոնից խորհրդարանական մեծամասնության պահվածքն անընդունելի ու մերժելի է գնահատել. «Քվեարկությանը չմասնակցելով ու այն տապալելով, դուք ի ցույց դրեցիք, որ հայոց խորհրդարանում երբեւէ չի քննարկվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը եւ չի ճանաչվելու այն,- հայտարարել է Սաֆարյանը: -Այդ հարցը քննարկվելու է ամենուրեք` Լաքվիլայում ու Մուսկոկայում, այն էլ առանց մեզ, Աստանայում` այն էլ ԼՂՀ-ի շահերին դեմ ձեւով, բայց ոչ այստեղ ու այս դահլիճում»: