Ես զարմանում եմ, որ դեռ զարմանում եք

Ես զարմանում եմ, որ դեռ զարմանում եք
Ես զարմանում եմ, որ դուք դեռ զարմանում եք այդ կարգի դեպքերի վրա (խոսքը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից ՀՀ նախագահի աշխատակազմի պրոտոկոլի վարչության պետի տեղակալին ծեծի ենթարկելու մասին է՝ խմբ.): Ընդհանուր՝ իշխանությունների որակն է այդպիսին: Նախագահն ընդամենը մի արտահայտության համար Պապլավոկում մարդ սպանեց, անմեղ մարդկանց, խաղաղ ցուցարարներին դրեցին գնդակահարեցին, նախարար ծեծեցին, պատգամավոր ծեծեցին, բայց ոչ մի հետեւանք, ոչ ոք չպատժվեց: Հասկանում եք, եթե դեպքն այնպես է, ինչպես մամուլն է ներկայացնում, ապա զարմանալու ոչինչ չկա:



Սա ընդամենը իշխանություններին բնորոշ գործելակերպ է: Միջադեպը Սերժ Սարգսյանի հանդեպ անսահման սիրո դրսեւորում է, ընդամենը մի քիչ կոպիտ ձեւով: Ի՞նչ եք աղմուկ բարձրացրել, ինչ է եղե՞լ որ: Ցավոք սրտի, այսպիսի դեպքերում հումորով խոսելը երբեմն մի քիչ չի սազում, բայց ուրիշ ձեւ չի մնում. ես նորից եմ ասում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ անսահման սիրո դրսեւորում է, որովհետեւ նրանք ուզեցել են անմիջապես նրա կողքը նստեն՝ ընդամենը այդքանը: Իշխանության ներկայացուցիչների սովորական գործելակերպն է: Ով ինչ ուզում է, ինչպես ուզում է, այնպես էլ անում է, նրանց որակն է այդպիսին:



Պարզապես չկարողացան այս դեպքն անաղմուկ անել: Բաներ կան, որ երբեմն անկառավարելի են դառնում, դուրս են գալիս վերահսկողությունից: Ամեն մեկին իրենց չափով դոզայավորել են՝ դու այսքան կարող ես լկտի լինել, մյուսը՝ մի ուրիշ չափով: Դու այսքան մարդ կարող ես ծեծել, այսքան այլանդակություններ անել եւ այլն, բայց երբեմն նրանք չափն անցնում են: Իր ինչին էր պետք անձամբ ծեծել այդ մարդուն, տասը հաստավիզներ են կողքից քայլում, ուղղակի երբեմն-երբեմն տղերքը չափն անցնում են, բայց, համենայնդեպս, այդ ամենը պայմանավորված է, նորից եմ կրկնում՝ իշխանությունների որակով:



Հիմա մամուլում, կայքերում քննարկվում է, որ նա կամ պետք է հրաժարական տա, կամ ներողություն խնդրի նախագահի աշխատակազմից, բայց ես կարծում եմ, որ ոչ մի տարբերակն է հավանական, ոչ մյուսը: Սա Բեգլարյանի համար որեւէ լուրջ հետեւանքներ չի ունենա, պարզապես շեֆը մի փոքր կխռովի, կանցնի կգնա ու վերջ:



Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Երեւանի նախկին քաղաքապետ

Երեկ երեկոյան, երբ պարզ դարձավ, որ քաղաքապետը հրաժարական է տվել, զանգեցինք նախկին քաղաքապետին, ով, լուրը լսելով, ապշեց եւ մի քանի վայրկյան լռելուց հետո ասաց. «Ապշելու բան է: Ուրեմն այս երկրում, ամեն դեպքում, ինչ-որ բան կփոխվի, հա՞»: