Արդարադատության համակարգի ամենազորն ու քավության նոխազը

Արդարադատության համակարգի ամենազորն ու քավության նոխազը




Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ վարչապետին` Արդարադատության նախարարի` աշխատանքից հեռացման հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ:



«Սույն թվականի դեկտեմբերի 9-ին` Կառավարության նիստի ընթացքում, Արդարադատության նախարարին ազատելու մասին Ձեր հայտարարության մեջ նշել եք. «Մենք ձեզ հետ միասին պետք է մեծ կարեւորություն տանք էթիկայի կանոնների պահպանմանը, բոլոր գերատեսչություններում պաշտոնատար անձանց պահվածքին: Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում: Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել ծառայության պետին իր պահվածքի համար: Արդարադատության նախարարը հանձնարարականը չի կատարել»:



Արդյունքում ՀՀ նախագահի հրամանագրով աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով` աշխատանքից ազատվել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:



Իհարկե, պաշտոնատար անձանց պատշաճ պահվածքի Ձեր պահանջին ամբողջությամբ կմիանա մեր հասարակությունը եւ մենք նույնպես: Շատ ավելի հասկանալի կլիներ այս ամենը, եթե անմիջապես աշխատանքից ազատվեր հենց էթիկայի կանոնները լրջորեն խախտած պաշտոնյան:



Սակայն հասարակությունը, պաշտոնապես տեղեկացված չլինելով Հարկադիր կատարման ծառայության ղեկավարի կողմից թույլ տված էթիկայի կանոնների լուրջ խախտման մասին, բարձրացնում է մի շարք հարցեր.



1. Ինչո՞ւ հեռուստալրատվամիջոցները պաշտոնապես չեն հրապարակել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի էթիկայի խախտման փաստի մասին լուրը, որպեսզի հասարակությունը ընկալի  հրամանագիրը:



«ԴԱՀԿ ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ` «Կարգապահական տույժը կիրառելու եւ տույժը հանելու կարգը» հոդվածի 1-ին կետում գրված է. «Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին»:



  1. Ե՞րբ է խախտումը տեղի ունեցել, անցե՞լ է արդյոք այն վեց ամիսը, որի ընթացքում  պետք է նշանակվեր կարգապահական տույժը, կամ գուցե նախարարը, կատարված խախտման վտանգավորության աստիճանը հաշվի առնելով, Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պատրաստվում էր դիմել Նախագահին` ծառայությունից ազատելու միջնորդությամբ:


  2. Ի՞նչ է նշանակում էթիկայի կանոնների լուրջ խախտում, եւ ի՞նչ գործողություն եք ակնկալել  նախարարից` իբրեւ հրապարակային պատիժ:


  3. Արդյո՞ք էթիկայի կանոնները լրջորեն խախտած ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շարունակում է աշխատել իր պաշտոնում:


  4. Ինչո՞ւ օրենքները խախտած պետական պաշտոնյաները չեն պատժվում:


  5. Որպես պատգամավորներ` մենք կարող ենք վկայել, որ Կառավարության անդամներից շատերն են իրենց աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարում եւ շատ ավելի վատ, քան Արդարադատության նախարարը: Ինչքանո՞վ է արդարացի ՀՀ նախագահի հրամանագիրը` հատկապես  նրա  նկատմամբ:




Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տրամադրել վերոնշյալ հարցերի պատասխանները, որոնք կհրապարակվեն»: