Պաշտոնյայի միս

Պաշտոնյայի միս
Ապտակը, փաստորեն, սպառնում է վերածվել լուրջ քաղաքական գործոնի: Սկզբում քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էր, այժմ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Թեպետ անհասկանալի է, եթե առաջին դեպքում ապտակի հեղինակին են պատժել, ապա երկրորդ դեպքում ինչո՞ւ են ապտակի հեղինակին՝ Քեթրինի Միհրանին մոռացել եւ պատժել նրա «խիստ նկատողությունը» ուշացրած նախարարին: Իսկ գուցե վճռորոշը ապտա՞կը չի եղել: Առաջին դեպքում դեր են խաղացել, ասենք, Բեգլարյանի վերջին շրջանի պահվածքը, նրա որոշ արտահայտությունները, հարաբերությունները, քայլերը: Այնպես, ինչպես եղավ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի դեպքում: Գուցե նա անկառավարելի էր դառնում եւ վտանգավո՞ր: Իսկ երկրորդ՝ Դանիելյանի դեպքում դեր է խաղացել, ասենք, նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որի քեռուն է, ասում են, Միհրանը ապտակել: Նաեւ դեր է խաղացել այն, որ նախագահն «էն գլխից Գեւորգին չէր սիրում», կամ՝ որ Գեւորգը համակարգը լավ չէր տիրապետում: Իսկ գուցե ավելի վճռորոշ է եղել Գեւորգ Կոստանյանի՞ գործոնը, որը, ասում են՝ քնում-արթնանում է նախարար դառնալու երազով: Այնպես որ, ապտակը տվյալ պարագայում ընդամենը կարող է պատրվակ, առիթ լինել. պրոցեսներն ավելի խորքային են եւ «մուտիլովկաները»՝ ավելի խոշոր: Ինչեւէ, երեկ քաղաքում լուրեր էին շրջում. «Սպասեք Սերժը Մոսկվայից գա, կտեսնեք դեռ ինչե՜ր են լինելու»: Զգացե՞լ եք՝ մեզանում ինչ-որ հիվանդագին ցնծություն կա պաշտոնաթողությունների, ընդհանրապես՝ աժիոտաժային իրավիճակների նկատմամբ: Մի տեսակ բոլորս «պաշտոնյայի միս» ենք տենչում: Եվ այս անառողջ հրճվանքի մեջ ոչ մի կոնստրուկտիվ բան չկա: Այսպես որ գնաց, մեր փոքրիկ երկրի յուրաքանչյուր քաղաքացի ինչ-որ ժամանակ հետո հասցրած կլինի մի քանի ամիս նախարար կամ քաղաքապետ լինել: