Արցախի Եհովականներին կրկին մերժեցին

Արցախի Եհովականներին կրկին մերժեցին
«Եհովայի վկաներ» կազմակերպությունը, որ մեկ տարի առաջ հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ բողոքարկելով որպես կրոնական կազմակերպություն պետական գրանցման մերժումը, եւ ԼՂՀ առաջին ատյանի դատարանը 2009 թ. հոկտեմբերին մերժել էր վերջիններիս հայցը, կրկին դիմել է դատարան։ Ս.թ. դեկտեմբերի 3-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (վարչական դատարան), քննելով ԼՂՀ «Եհովայի վկաներ» քրիստոնեական կազմակերպության հիմնադիրների հայցն ընդդեմ ԼՂՀ կառավարության աշխատակազմի փորձագիտական եզրակացություն տալուն պարտավորեցնելու պահանջի մասին, որոշում է կայացրել մերժել:



Հետաքրքրական է, որ հայցադիմումի մեջ «Եհովայի վկաները» ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչ Ա. Սարգսյանին, որպես փորձագետի, բացարկ են հայտնել՝ դա պատճառաբանելով նրանով, որ վերջինս «ունի կանխակալ վերաբերմունք Եհովայի վկաների նկատմամբ»: Մեկնաբանելով եհովականների այդ քայլը, Ա. Սարգսյանն ասաց. «Ցավալի է, որ Հայաստանից եւ արտասահմանից հրավիրված իրավապաշտպանները միտումնավոր իմ անձին են վերագրում փորձագիտական եզրակացություն տալու բացառիկ իրավունքը, մոռանալով, որ ես միայն փորձագիտական խմբի երեք անդամներից մեկն եմ:



Եթե բացարկ հայտարարելը ԼՂՀ դատարաններն ընդունեն, փաստորեն, փորձագիտական եզրակացություն տալն անհնար կլինի, քանի որ, սահմանված կարգի համաձայն, փորձագիտական խումբը պետք է բաղկացած լինի երեք անդամներից»:



Ի պատասխան իմ հարցի, որ որոշ կրոնական համայնքներ ԼՂՀ կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչին մեղադրում են կրոնական կազմակերպությունների մեջ խտրականություն դնելու մեջ, Ա. Սարգսյանն ասաց, թե կրոնական կազմակերպությունը պետականորեն գրանցված կրոնական համայնքը կամ միավորումն է, եւ այդ կազմակերպությունների բնականոն գործունեության համար պետք է ապահովվեն նորմալ պայմաններ։ Նա ասաց, որ միեւնույն ժամանակ ԼՂՀ, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով բացառիկ դեր է հատկացված Հայ առաքելական եկեղեցուն, այսինքն՝ էն գլխից «խտրականություն է» դրված կրոնական կազմակերպությունների միջեւ:



«Ինչ վերաբերում է մյուս կրոնական համայնքներին, որոնք չունեն պետական գրանցում եւ որոնք հիմնականում աղանդներ են, բնականաբար, ունեն նվազ իրավունքներ, մասնավորապես իրավունք չունեն կրոնական հավաքներ կազմակերպելու, քարոզչություն իրականացնելու, եւ նրանք հաճախ խախտում են երկրում գործող օրենքները, որպեսզի արդարացնեն այն ֆինանսական ու նյութական միջոցների վատնումը, որ առատորեն տրամադրում են արտերկրի հովանավոր շեֆերը»,- ասաց Ա. Սարգսյանը։ Ի դեպ, հայաստանյան լրատվամիջոցներից մեկը «Եհովայի վկաների» գրանցման մերժումը բացատրել է նրանով, որ խղճի եւ կրոնական համոզմունքների ազատությունը դեռ Ղարաբաղ չի հասել,- ասացի ես։



«Ցավով խոստովանեմ, որ մենք՝ հայերս, սիրում ենք մեր ազգային արժեքները ստորադասել եվրոպական ինչ-որ, այսպես կոչված, վեհ ստանդարտների, որոնց, ի դեպ, այդ նույն Եվրոպայում քամահրանքով են վերաբերվում,- պատասխանեց ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչը։- Օրինակ, Բելգիայում պաշտոնապես ճանաչված են քրիստոնեական 4 ուղղություններ (կաթոլիկությունը, բողոքականությունը, անգլիկանությունը եւ ուղղափառությունը), իսլամը եւ հուդայականությունը: Մյուս բոլորը կոչվում են աղանդներ, իրավաբանական ոչ մի կարգավիճակ չունեն եւ պետությունից նպաստ չեն ստանում: Դրանք, այդ թվում «Եհովայի վկաները», մտցված են «քայքայիչ աղանդավորական կազմակերպության» ցուցակի մեջ։ Իսկ «գիտակցության մանիպուլացումը», որով առաջնորդվում են «Եհովայի վկաները» եւ աղանդավորական այլ կազմակերպություններ, Ֆրանսիայում 2000 թվականից համարվում է քրեական հանցագործություն, որի համար խիստ պատիժներ են սահմանված»։



Ի՞նչ պետք է անել։ Ո՞րն է ելքը՝ հարցրի։ «Այս պահին, եթե Արցախին մի բան է անհրաժեշտ, ապա դա համայն հայության հոգեւոր եւ նյութական միասնությունն է: Ներկայումս ազգը տարբեր կրոնական համայնքների բաժանելը ինքնակործանում է»,- պատասխանեց Ա. Սարգսյանը: