Պահպանենք ջուրը` վաղվա օրվա համար

Պահպանենք ջուրը` վաղվա օրվա համար
Սյունիքը հարուստ է ջրային ռեսուրսներով: Ավազանի մեջ մտնում է իր մեծությամբ ու ծավալով հանրապետության երկրորդ խոշոր Սպանդարյանի ջրամբարը: Հայաստանի ջրառատ (4-րդն է իր ջրառատությամբ) գետերից Որոտանը եւս Սյունիքում է, իսկ Կապանի Ողջի գետն իր ջրառատությամբ առաջին վեցյակի մեջ է: Մարզն ունի երեք գետավազան` Ողջի, Որոտան եւ Մեղրի: Հանրապետության հարավային գետավազանն ընդգրկում է այդ գետերը եւ սահմանային Արաքս գետը:





Որտեղ արտադրություն` այնտեղ  հնարավոր աղտոտվածություն



Լեռնահանքային արդյունաբերություն ունեցող Սյունիքի մարզի ջրային ռեսուրսներն իրենց վրա կրում են ձեռնարկությունների պոչամբարների, արտադրական կեղտաջրերի եւ հեռացվող հոսքերի բացասական ազդեցությունները:



«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Տատյանա Դյակոնովայի հավաստմամբ, այսօր իրենց ձեռնարկությունը խիստ ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական խնդիրները, այդ թվում` ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործումն ու դրանք զերծ պահելը աղտոտումից: «Մեր կողմից իրականացվում է ջրային օբյեկտների լայնամասշտաբ  մոնիթորինգ: Եվ դա կատարում ենք ամեն ամիս ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի հետ համատեղ: Այդ նպատակով օգտագործում ենք գերճշգրիտ սարքավորումներ: Իրականացվում է օգտագործվող ջրի հաշվարկ, քիմիական եւ մանրէաբանական վերահսկողություն: Տեղադրել ենք ջրաչափեր եւ վերահսկվում է նաեւ օգտագործվող ջրի քանակը:



2008թ-ի սկզբներից կոմբինատն անցել է ջրային ռեսուրսների առավել խելամիտ օգտագործման եւ պահպանության: Հանքի ջրերը հավաքվում եւ ուղղվում են Գեղանուշի պոչամբար, որից հետո` ֆաբրիկայի ջրամատակարարման շրջանառու համակարգ: Ընկերությունը չեզոքացնում է արտադրական կեղտաջրերի արտանետումը ջրային օբյեկտներ եւ ջուրն ուղղում դեպի արտադրական գործընթաց: Սա ձեռնարկությունում կիրառվող ջրամատակարարման շրջանառու համակարգն է, ինչի շնորհիվ կոմբինատը դադարել է կեղտաջրերի արտանետումները գետի մեջ: Իսկ եթե առաջանում է արտանետման անհրաժեշտություն` կեղտաջրերը նախապես մաքրվում են ընկերության պարզարաններում: Այս ամենի արդյունքում վերջին տարիներին ջրային ռեսուրսները աղտոտելու համար որեւէ տուգանքներ, տույժեր մեր կոմբինատին չեն ներկայացվել:  Վերջին անգամ դա եղել է ավելի քան երկու տարի առաջ»:



Այդ ժամանակ կոմբինատի արտադրական թափոնները լցվում էին Աճանան գետը, որտեղից էլ Ողջի, որի ջրերով ոռոգվում էին կոմբինատին հարակից Սյունիք գյուղի ցանքսերն ու այգիները` պատճառ դառնալով մարդկանց մեջ մի շարք հիվանդությունների կտրուկ աճի ոչ միայն գյուղում, այլեւ տարածաշրջանում:



Կապանի լեռնահանքային ձեռնարկությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ծրագրեր` տարեցտարի ավելացնելով այդ նպատակով տրամադրվող գումարները: Անելիքներ դեռ կան: Կապանում այսօր խնդիրներ են առաջացնում լքված հանքավայրերը, որոնք մասնագետների  կարծիքով ավելի մեծ վտանգ են ներկայացնում իրենցից: Հորդառատ անձրեւների ժամանակ քաղաքի փողոցներով «դեղին գետակներ» են հոսում: Դրանք դատարկ ապարներից հոսած անձրեւաջրերն են, որոնց մի մասը ջրահեռացման համակարգերով լցվում է Ողջի գետ, իսկ մյուս մասն էլ մնալով ասֆալտին` չորանում է ու մեքենաների տեղաշարժի ընթացքում, նաեւ քամու հետ` օդ բարձրանում: Միայն վերջերս այս խնդիրը սկսել է հետաքրքրել ԵԱՀԿ-ի փորձագետներին:



Բնապահպանական միջոցառումներ իրականացվում են նաեւ մարզի մյուս հանքարդյունաբերական ձեռնարկություններում` Ագարակի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատներում: Այդ նպատակով տարեկան միլիոնավոր դրամներ են ծախսվում, սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել բնապահպանական խնդիրներից: Դրա ապացույցը օրերս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար գնացող բետոնապատ խողովակի  վթարն էր, ինչի հետեւանքով շուրջ 50տ ապարախյուսի` այդ թվում  կախյալ նյութերի հոսք է տեղի ունեցել Ողջի գետի ջրային ավազան` հասցնելով 650 հազ. դրամի վնաս:



Մեկ այլ ապացույց է այս տարվա մարտին Կապան քաղաքի Շղարշիկ ծայրամասային թաղամասում արձանագրված դեպքը, երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տեղ-տեղ քայքայված թափուկատարից դուրս թափվող ջրերը խառնվել են հարակից ձորով հոսող առվին եւ թափուկատարի հարեւանությամբ գտնվող Շղարշիկ թաղամասի ընդհանուր աղբյուրի ջրերին` պատճառ դառնալով թունավորումների մարդկանց ու կենդանիների շրջանում: Միայն տեղական որոշ ՀԿ-ների կողմից ԶԼՄ-ներով բարձրացված աղմուկից հետո այստեղ սկսվել են շինարարական աշխատանքներ եւ բետոնապատվել են թափուկատարի քայքայված մասերը, որից հետո միայն դադարեցվել է արտադրական ջրերի արտահոսքը:



Արաքս անդրսահմանային գետի ջրերը աղտոտումից պաշտպանելու նպատակով 2007-ից գործում է հայ-իրանական «Մաքուր Արաքս» միջպետական ծրագիրը: Դրա առիթը եղավ Իրանի Իսլամական Հանրապետության բողոքի նոտան ՀՀ արտգործնախարարությանը` Արաքս գետի ջրերի արտադրական թափոններով աղտոտելու մասին: Ըստ ծրագրի հայկական կողմի անդամ Արամ Գրիգորյանի, իրանական կողմին հիմնականում մտահոգում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կողմից գետի ջրերի աղտոտումը:  Իրականացվող նախագծի շրջանակներում տարեկան 4 անգամ Արաքսի ջրերի մաքրության վերաբերյալ մոնիթորինգ է անցկացվում: Նմուշները վերցվում են Արաքսի ե’ւ հայկական, ե’ւ իրանական կողմից: Կատարվում է տվյալների փոխանակություն: Անցած երեք տարիների ընթացքում Արաքսի ջրերի աղտոտվածության վերաբերյալ մոնիթորինգի արդյունքները գոհացուցիչ են եղել:



«Քանի որ գետի ծավալը շատ մեծ է եւ ինքնամաքրման հնարավորությունն է մեծ, ջրերի աղտոտվածությունն ակնառու լինել չի կարող: Սակայն առաջիկայում նախատեսված հայ-իրանական համատեղ ՀԷԿ-ի կառուցումից հետո, ջրի ծավալը կփոքրանա եւ աղտոտվածությունը ակնառու կդառնա: Այստեղ կա մի ուրիշ խնդիր եւս` Արաքսի միայն 40 կմ հատվածն է անցնում մեր տարածքով, իսկ մինչ այդ գետը հոսում  է Ադրբեջանի` Նախիջեւանի տարածքով, որտեղ եւս աղտոտվում է: Փաստորեն գետը Հայաստան մտնում է արդեն իսկ աղտոտված: Դրա համար էլ մեր կողմից պարբերաբար վերահսկվում են գետի ջրերի կենցաղային, գյուղատնտեսական եւ արտադրական աղտոտիչները», - ասում է Ա. Գրիգորյանը: Միջազգային մակարդակով իրականացվող նման միջոցառումների պայմաններում եւս խուսափել Արաքսի ջրերի աղտոտումից առայժմ չի հաջողվում: Սյունիքի բնապահպանական տարածքային բաժինը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ը 2009-ին տուգանել է Արաքս գետի ջրերի աղտոտման համար, վնասի չափը կազմել էր 500 հազար դրամ:



Կապանի Ողջի գետը հանրապետության ամենաաղտոտված գետերից է



Սյունիքում ամենաաղտոտվածը Ողջի գետն է, որը հոսում է Կապան եւ Քաջարան քաղաքների միջով: Գետն իր Վաչագան եւ Նորաշենիկ վտակներով Հայաստանի մակերեւութային ջրերի ամենակեղտոտված ջրային ռեսուրսներից է: Այս մասին վկայում են «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից  2009թ.-ին անցկացված մոնիթորինգի արդյունքները: «Նորաշենիկի ջրհավաք ավազանում, կոնկրետ ձորում, առկա է հանքարդյունաբերության ճնշում: Դա հանքավայրերից, հանքախորշերից, թափոնների եւ դատարկ ապարների կուտակման վայրերից, վթարային արտանետումների տեղավայրերից, Նորաշենիկ գետի ափամերձ, խիստ ձեւախեղված տարածքներից լվացվող ջրերի, հանքաջրերի, էռոզիոն ջրերի  ներհոսքն է Նորաշենիկ գետ:



Նորաշենիկի ներքին հոսանքը եւ գետաբերանի շրջանը խիստ աղտոտված են հանքարդյունաբերության ուղեկից կեղտաջրերով», - ասված է վերջնական զեկույցում: Ի դեպ` Ողջիի վտակներից Կավարտջրի գետաբերանն այնքան աղտոտված է հոսքաջրերով, որ այն ընդհանրապես զուրկ է կենդանական աշխարհից: Ողջին տեխնիկական գետ է համարվում: Մինչեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային եւ Կապանի լեռնահարստացման կոմբինատների թափուկատարների կառուցումը, ձեռնարկությունների արտադրական թափոններն ուղղակի լցվում էին Ողջի գետ:



«Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը պատմում է` «50-ականների սկզբներին, փոքր երեխա էի, օդանավակայանին հարակից հողամաս ունեինք, որը ոռոգում էինք գետի պղտոր ջրերով: Մինչեւ պոչամբարների կառուցումը, ԶՊՄԿ-ի արտադրական թափոնները լցվում էին Ողջի գետը: Նույնիսկ այդ արտադրական թափոնների առկայության պայմաններում գետում ձուկ կար, մարդիկ որսում եւ ուտում էին, առանց հասկանալու»:



Եթե մարզի լեռնահանքային ձեռնարկությունների կողմից վերջին տարիներին մեծ գումարներ են ծախսվում ջրային պաշարներն աղտոտումից պաշտպանելու համար, ապա կենցաղային կեղտաջրերի առումով, որոնք անմիջապես թափվում են գետի մեջ, առայժմ ոչ մի քայլ չի ձեռնարկվում:



Կապան քաղաքի կոյուղագիծն անցնում է Ողջի գետի միջով, որի վրա չորս տեղից թույլատրվում է կեղտաջրերը լցնել ուղղակի գետի մեջ: Այս մասին տեղեկացնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հարավային մասնաճյուղի Կապան տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը: «Քաղաքի կոյուղագիծը կառուցվել է դեռեւս 60-ական թվականներին` 15 հազար բնակչի հաշվարկով: Այսօր քաղաքում 38 հազար մարդ է ապրում, բնական է, որ այդ կոյուղատարի հզորությունը չի բավականացնի նման ծավալի կեղտաջրերի տեղափոխման համար: Այդ պատճառով էլ ՀՀ բնապահպանության նախարարությունը թույլատրել է, որ կեղտաջրերի որոշակի քանակություն բաց թողնվի գետի մեջ: Խորհրդային տարիներին անգամ նման ձեւով է աշխատել կոյուղատարը: Իսկ կեղտաջրերի մաքրման կայանը չի աշխատում արդեն 18 տարի է», - ասում է Հ.Գեւորգյանը:



Նախկինում 30 տարի անընդմեջ Կապանի ջրային տնտեսությունը ղեկավարած Յուրիկ Գյունաշյանը հաստատում է, որ այն ժամանակ էլ քաղաքի կեղտաջրերի մի մասը լցվել է Ողջի գետ: Պատճառը սակայն նշում է կոյուղատարի ոչ ամբողջական լինելը: 90-ականների սկզբներին նախագծեր են պատվիրվել, որպեսզի կառուցվածքային փոփոխություններ կատարվեն, մեծացվի կոլեկտորի թողունակությունը, անգամ որոշ հատվածներում նոր կոյուղատար կառուցվի, որպեսզի քաղաքի ողջ կեղտաջրերը հասցվեն մաքրման կայան եւ չաղտոտեն գետը: Սակայն աշխատանքները կիսատ են մնացել` սկսված Արցախյան պատերազմի պատճառով:



Կապան քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանը շահագործման է հանձնվել 1976թ.-ին:  Կայանն օրական մաքրում էր 25 հազ խոր. մետր կեղտաջուր, չնայած հզորությունը կրկնակի էր, բայց քանի որ կոյուղատարի հզորությունը անհամեմատ փոքր էր, քաղաքի կեղտաջրերի մի մասը թափվելով Ողջի գետի մեջ չէր հասնում կայան: Մաքրման կայանը մեծ ճանաչում ուներ ԽՍՀՄ-ում:



«Կեղտաջուրը  տիղմի նման, մտնում էր մաքրման կայան եւ դուրս էր գալիս ոնց որ առվակի ջուր, որը բաց էինք թողնում գետ: Հարթակի վրա հավաքվում էր տիղմը: Նախատեսել էինք այդ տիղմից պարարտանյութ ստանալ` նոր արտադրամասի տեղադրմամբ: Սակայն բոլոր ծրագրերը կիսատ մնացին սկսված ռազմական գործողությունների պատճառով: Լինելով հայ-ադրբեջանական սահմանին շատ մոտ` ռմբակոծության ժամանակ արկն ընկավ ուղիղ լաբորատորիայի մեջ: Այլեւս կոլեկտիվի համար վտանգավոր էր աշխատելը եւ որոշում կայացվեց կանգնեցնել կայանը: Դրանից հետո այն երբեք չաշխատեց, դեռ ավելին` մնալով բարձիթողի վիճակում ժամանակի ընթացքում ամբողջովին թալանվեց: Շատ հոյակապ կառույց էր: Սարքավորումները ռուսական արտադրության էին ու շատ թանկ: Դեռ էն ժամանակ ասում էին 400 մլն ռուբլի է պետք նորը կառուցելու համար: Մաքրման կայան ունենալը Կապանի համար կենսական նշանակություն ունի այսօր», - պատմում է Յու.Գյունաշյանը:



Ողջի գետի աղտոտվածության խնդիրը անհանգստացնում է բնակչությանը: Բնապահպանական այս խնդրի մասին ահազանգել է Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն` նամակներ հղելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, ՀՀ բնապահպանության նախարարությանը, Սյունիքի մարզային եւ ՀՀ գլխավոր դատախազներին: Կազմակերպությունը շարունակելով պայքարը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացվող «Ռազմավարական դատավարություն» ծրագրի շրջանակներում հայց է ներկայացրել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, այն մասին, որ վերջինս չի կատարում բաժանորդների հետ կնքված պայմանագրային պարտավորությունները` չի ապահովում կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը: Կազմակերպությունը դիմել է նաեւ ՀՀ վարչական դատարան` մեղադրելով ՀՀ բնապահպանության նախարարությանը անգործության մեջ, ինչի հետեւանքով աղտոտվում է Ողջի գետը:



Գետերն ամենաշատը աղտոտում են բնակիչները



Պոլիէթիլենային շշեր, տոպրակներ, կոշիկ, լաթի կտորներ, մանկական տիկնիկի մարմնի մասեր, շինարարական աղբ, դեղորայք… Թվում է, թե կարելի է անվերջ թվարկել այն ամենը, ինչ անզեն աչքով հնարավոր է տեսնել մարզի բնակավայրերով հոսող գետերում: Դրանք ժամանակի ընթացքում նեխում, փտում են ջրում եւ մեծ վնաս հասցնում առաջին հերթին կենդանական աշխարհին: Ու դա կատարվում է անարգել, շատ հաճախ օրը ցերեկով, ուղղակի բնակիչների աչքի առաջ:



«Դրա համար նախատեսված վարչական տուգանքը ֆիզիկական անձի նկատմամբ սկսվում է 50 հազարից, սակայն առայսօր ոչ մի քաղաքացու հանդեպ չենք կիրառել կենցաղային կամ շինարարական աղբը գետը նետելու համար: Կարծում եմ, որ մարդն ինքը պետք է գիտակցի եւ հրաժարվի վատ արարքից, այլ ոչ թե դա անի վախից դրդված: Մարդը փոքր հասակից իր ընտանիքում, մանակապարտեզում, դպրոցում պետք է սովորի այդ ամենը: Շատ եմ կարեւորում մարդու էկոդաստիարակությունը, ինչի շնորհիվ կարելի է խուսափել նման տհաճ երեւույթներից: Ի դեպ, վերջին տարիներին արդեն նկատելի է էկոդաստաիարակության բարձրացում հատկապես Կապանում, ես դա նկատում եմ», - ասում է Սյունիքի բնապահպանական տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը:



Ժամանակ առ ժամանակ քաղաքային համայնքներում գետերի հունը մաքրվում է` միլիոնավոր դրամներ ծախսվելով: Մաքրման աշխատանքները կատարվում են տեխնիկայի օգնությամբ, ինչից էլ խիստ տուժում է կենդանական աշխարհը: Ժամանակ առ ժամանակ գետերն իրենք են հոգում իրենց մասին` հորդացումների ժամանակ քշել-տանելով հունի եզրերին հավաքված աղբը: Բայց դա ոչ բոլոր դեպքերում: Պատահում է նաեւ այնպես, որ գետը նետած աղբը դառնում է դժբախտ պատահարների պատճառ: Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղը չունի աղբատեղի եւ որքան էլ զարմանալի է, որպես այդպիսին գյուղացիների համար ծառայում է գյուղի միջով հոսող Ղազարի գետը:



Ընթացիկ տարվա մարտին առատ տեղումների պատճառով գետը հորդացել էր եւ ջրերը մոտ 2 մ բարձրությամբ դուրս գալով ափերից, լցվել են բնակիչների տների նկուղներն ու գոմերը, քշել անասուններին եւ թռչուններին: Հեղեղումից տուժել է գյուղի 50-60 հա տնամերձ հողամաս, որի արտաքին շերտը ջուրը քշել-տարել է եւ այն դարձրել ցանքսի համար ոչ պիտանի: Հեղեղումների արդյունքում խիստ տուժել է այս տարվա բերքը: Ղազարի գետի վարարունից քանդվել են նաեւ գյուղամիջյան կամուրջները:



Դեպքի վայր մեկնած Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների հետ համատեղ մի քանի ժամ շարունակ աղբից մաքրել է գետը, որից հետո ջուրն անարգել սկսել է հոսել եւ գետի մակարդակն իջել է: Գյուղին հասցվել է 780 հազար դրամի վնաս: Թվում է, թե նման աղետից հետո խնդիրը պետք է որ ինքն իրեն լուծվեր: Սակայն, ըստ գյուղապետ Ատոմ Առաքելյանի, այսօր էլ բնակիչների միայն մի մասն է գիտակցում է, որ աղբը գետի մեջ նետել չի կարելի: Չնայած գյուղն արդեն ունի աղբատեղի, իրականացվում է հսկողություն, սակայն խնդիրը գյուղում դեռեւս վերջնական  լուծված չէ:



Սիսիան քաղաքի միջով հոսող Որոտան գետի մեջ են թափվում քաղաքի վարչական տարածքում գործող քարի վերամշակման արտադրամասի արտադրական ջրերը, լվացման կետերի կեղտաջրերը: Բացի դրանից քաղաքի կոյուղատարը որոշակի հատված կեղտաջրերը քաղաքից հեռացնելուց հետո դրանք թափում է դարձյալ գետի մեջ` մաքրման կայանի չգործելու պատճառով: Ժամանակ առ ժամանակ գետի ջրերում հայտնվում է շինարարական աղբ: «Բազմաթիվ խնդրանքներից, դիմումներից, բողոքներից հետո անգամ մեկ է, գետի ափերին, ջրերի մեջ շինարարական աղբ են լցնում: Չենք կարողնաում առայժմ բռնել, բայց տուգանվելու են անպայման, եթե հայտնաբերվեն մեղավորները», - հավաստիացնում է քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:



Սիսիանում Որոտանի ջրերը աղտոտված են նաեւ բնական ճանապարհով:  Քաղաքի կենտրոնական հատվածում բազալտե պատվարներ են կառուցված, գետի ջուրը կանգնեցված է` ստեղծված են ջրային հայելիներ: «Մաքրման համար տեղադրված փականները տարիների ընթացքում չեն էլ աշխատում: Ֆինանսների սղության պատճառով այս խնդրրի վրա ուշադրություն չի դարձվել, ինչի հետեւանքով ջուրն ամբողջությամբ ծածկվել է  տիղմով, ջրիմուռներով, հակասանիտարական վիճակ է ստեղծված: Ամռան շոգին այստեղ մոծակների պարսեր են վխտում, ինչը կարող է համաճարակների պատճառ դառնալ: Նախատեսել ենք եկող տարի լուծել խնդիրը: Պետք է բացվեն փականները, ջրազրկվեն այդ տարածքները, փորձենք գետի ջուրը ուղղորդել մեկ հունով, որից հետո ջրազրկված տարածքները պետք է մաքրվեն:



Ագարակը Սյունիքի այն եզակի քաղաքային համայնքներից է, որի վարչական տարածքում բացակայում են բնական ջրային  ռեսուրսները, եւ ինչպես քաղաքապետ Մխիթար Զաքարյանն է ասում` քաղաքը կառուցվել է անապատում: Սակայն նման դեպքում եւս առկա է ջրային ռեսուրսների պահպանման ու չաղտոտման խնդիր: Բավական է նշել, որ քաղաքի կեղտաջրերը թափվում են սահմանային Արաքս գետի մեջ: Կեղտաջրերի մաքրման կայանը չի աշխատում վաղուց: Իսկ տարածաշրջանի մյուս քաղաքում` Մեղրիում, կոյուղատարը կեղտաջրերը հեռացնում է քաղաքից եւ թափում Մեղրիգետ, որն էլ իր հերթին այդ թափոնները հասցնում է Արաքս:



Մեղրիում ընդամենը 3-4 տարի առաջ է կառուցվել կոյուղագիծ: Մինչ այդ քաղաքում ջրահեռացում չի կատարվել` կոյուղագիծ չլինելու պատճառով: Կեղտաջրերն անկանոն թափվել են Մեղրիգետ, հոսել քաղաքի ողջ երկայնքով: Իսկ բնակիչները գետի ջրերով ոռոգել են սեփական այգիներն ու բանջարանոցները: Աղբը գետը նետել չի կարելի. բոլորը գիտեն, բայց բոլորը չէ, որ դա կատարում են: Քաղաքապետարանը միայն զգուշացնում է, կանխում արարքը, իսկ տուգանելու համար պետք է մեղավորին բռնել արարքը կատարելիս, ինչը մինչ այսօր չի հաջողվել: Ագարակ եւ Մեղրի քաղաքներում խմելու ջրի ներքին ցանցի մաշվածության պատճառով ջրի կորուստները կազմում են ավելի քան 60-70 տոկոս: Նշանակում է այստեղ ջրի խնայողության, ճիշտ օգտագործման մասին խոսք անգամ լինել չի կարող: Ջրի որակական ցուցանիշները եւս զիջում են ընդունված նորմերին: Մեղրիի քաղաքապետի խոսքով, մինչեւ մաքրման կայան մտնելը ջուրն ավելի մաքուր է, քան մաքրման կայանի միջով անցնելուց հետո:



Ո՞վ է տնօրինում Շաքիի ջրվեժի ճակատագիրը



Շաքիի ջրաղբյուրի ջրերի ոչ ճիշտ օգտագործման արդյունքում Սյունիքի գեղատեսիլ վայերից մեկը` Շաքիի ջրվեժն այսօր գործում է ոչ լիարժեք: Մինչդեռ այն Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է` ունի 18 մ բարձրություն: Անհիշելի ժամանակներից ջրվեժն այցելուներին գրավել է իր յուրօրինակ գեղեցկությամբ: Շաքիի ջրերը միշտ էլ օգտագործվել եւ օգտագործվում  են հիդրոէներգետիկ, գյուղատնտեսական, կենցաղային եւ այլ նպատակներով: Սակայն վերջին 4-5 տարում ջրառեսուրսի մեջ հնարավոր էկոլոգիական թողքը չի ապահովում ջրվեժին անհրաժեշտ ջրի քանակությունը եւ այն որպես այդպիսին չի գործում: Բացի դրանից ջրվեժի տարածքը, որը նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի տարածք է, ցանակապատված է ամբողջովին, ինչը խոչընդոտում է զբոսաշրջիկների ազատ ելումուտը ջրվեժի տարածք:



Սիսիան քաղաքի 14-ամյա բնակիչ Ալիկը նախ հուզվեց ջրվեժի մասին իրեն ուղղված հարցից, իսկ հետո մտահոգ դեմքով ասաց, որ մի քանի անգամ եղել է ջրվեժում, տարածքը շատ գեղեցիկ է, սակայն` «Գեղեցկությունը պիտի պահպանել, թե չէ Շաքիի անունն է ջրվեժ, իրականում այն ջրվեժ չի: Այդպես եմ ասում, քանի որ իսկականը միայն նկարում եմ տեսել»:



«Շաքիի ՀԷԿ-ը փաստորեն պետք է օգտագործի քիչ չափաքանակով ջուր: Առաջարկվել է այստեղ օգտագործման համար տրված եւ ներկայումս օգտագործվող ջրի քանակությունը պակասեցնել, որպեսզի ջրվեժը գործի: Խնդիրը կլուծվի, եթե ջրօգտագործման թույլտվություն տալիս հաշվի առնվի ջրվեժի գործելուն անհրաժեշտ ջրի քանակը, որից հետո մնացած ջուրը բաշխվի ջրօգտագործողներին: Խնդիրը կա եւ այն պետք է լուծվի, միաժամանակ պետք է հաշվի առնվի նաեւ սեփականատերերի շահերը, չէ որ նրանք ներդրումներ են կատարել այստեղ», - ասում է Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ Արամ Գրիգորյանը:



«Հակոբջանյան եւ Գալստյան» ՀԷԿ-ի (Շաքիի ՀԷԿ-ի) համասեփականատեր, Սիսիանի ներկայիս քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի կարծիքով, ջրվեժի ոչ լիարժեք գործելը պայմանավորված չէ միայն ՀԷԿ-ի աշխատանքով: «Իմ կարծիքով այսօր Սիսիան քաղաքին անհրաժեշտ է վայրկյանում 60լ ջուր, մինչդեռ Շաքիի ավազանից խմելու ջրի նպատակով դուրս է գալիս մոտ 400լ/վրկ ջուր: Իսկ ես ինձ հասանելիք 2 խոր/մ ջրից հնարավորություն ունեմ ստանալու միայն 1,2 խոր/մ-ը: Պատճառն այն է, որ ջրի առկա ծավալները չեն բավարարում, չգիտեմ ինչ հաշվարկների հիման վրա է դա եղել, բայց այդպես է: Եվ այսպես մեկը մյուսով շաղկապված, առաջացել է խնդիրը»:



«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հարավային մասնաճյուղի մամլո ծառայությունից տեղեկանում ենք, որ չնայած իրենց հասանելիք ջուրը վայրկյանում 410 լ է, իրենք օգտագործում են 220լ ջուր, ինչն էլ բավարարում է Սիսիան քաղաքի շուրջօրյա ջրամատակարարմանը: Ի դեպ, վերջին տարիներին ընկերությանը հասանելիք ջրի չափաբաժնի ավելացում չի եղել: Սակայն պարզվում է, որ ՀԷԿ-ից եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հարավային մասնաճյուղից բացի, Շաքեի ջրաղբյուրից  օգտվելու թույլտվություն ունեն նաեւ որոշ համայնքներ: Մինչդեռ ջրաղբյուրի հզորությունը ընդամենը 2400 լ/վրկ է:



«Գիտեք, միայն ասում են փակ է ջրվեժը,  հավաստիացնում եմ, որ չի լինի մեկը, որ ուզենա տեսնի Շաքիի ջրվեժը, որեւէ դժվարարություն առաջանա: Այցելուները կարող են զանգահարել ինձ եւ խնդիրը կլուծվի: 15-30 րոպեով մասնակիորեն դադարեցվում է ՀԷԿ-ի աշխատանքը, փակվում է փականներից մեկը եւ ջրերը բաց են թողնվում: Այսօր Սիսիան մտնողի համար տպավորիչը Շաքիի ջրվեժն է, ես ինչո՞ւ պիտի խոչընդոտեմ մարդկանց այն տեսնելու համար», - հավաստիացնում է Ա.Հակոբջանյանը: Մինչդեռ եղել են դեպքեր, երբ հանրապետության տարբեր վայրերից եկած այցելուները ստիպված վճարել են 5 հազար դրամ` ջրվեժը լիարժեք տեսնելու համար: Այս մասին տեղյակ է Ա.Հակոբջանյանը:



«Որոշ աշխատողների մեղքով է նման բան եղել, նրանք բոլորն էլ ազատվել են աշխատանքից, եթե նման բան էլի լինի, ներկայիս աշխատողներն էլ կազատվեն: Եկող տարի նախատեսել ենք ջրվեժին հարակից տարածքում`14 հա-ի վրա ստեղծել հանգստի գոտի: Հստակեցված գրաֆիկ կլինի ջրվեժի համար, կլինեն հատուկ աշխատողներ, որ կկարգավորեն այդ աշխատանքները: Իսկ ջրվեժի շուրջօրյա գործելու նպատակը չեմ տեսնում: Եթե գիշերը ժամը 10-ից հետո այցելուներ չպիտի լինեն, ջուրը ինչի՞ թափվի, ես դրա իմաստը չեմ հասկանում» - սա Ա.Հակոբջանյանի տեսակետն է, որտեղ հաշվի չի առնված ամենագլխավորը, որ ջրվեժի գոյությունը բնության կամքն է, իսկ բնության մեջ ոչինչ աննպատակ չի լինում, պարզապես պետք է կարողանալ գտնել դրա իմաստը: Սա է խնդիրը:



«Կենդանական, բուսական աշխարհի տուժելու հարց լինել չի կարող, ավազանը շատ կարճ է, ջրային մակերեսը 500-600մ է ընդամենը, որից ջրազրկվում է 50-70 մետրը եւ ոչ ավելին: Ներքեւից ջուրն աշխատում է, վերեւում պատվարն է, ջրային ավազանը կա: Ջրվեժի հունը եւս վտանգված չէ, այն չի կարող քայքայվել, քանի որ միշտ էլ որոշ քանակության ջուր լինում է: Իսկ տարածքը ցանկապատված է, քանի որ բնակիչները հակասանիտարական վիճակ են ստեղծում,  Եթե չցանկապատվեր, վաղուց տարածքում եղած ծառերը հատված կլինեին: Հանգստի գոտի ստեղծվելուց հետո ամեն ինչ կդառնա վճարովի: Միայն ջրային համակարգի անցկացման համար նախատեսել ենք 20 հազար ԱՄՆ դոլար գումար: Կլինեն աշխատողներ` 15-20 հոգի: Կարեւորը, որ տարիների ընթացքում Շաքիի ջրերի նվազում չի նկատվում: Դա բնական աղետ կլինի ոչ միայն մեզ, այլեւ ազգի համար»: Այսպիսինն են պարոն Հակոբջանյանի պատասխանները, որոնցից կարելի է եզրակացնել, որ մարդու ձեռքով բնության խաթարված գեղեցկությունն իր համար աղետ չէ: «Գիտեք, բիզնեսը` բիզնես, բայց սա նաեւ հանրօգուտ աշխատանք է` ես պետությանը էլեկտրաէներգիա եմ վաճառում», - ասում է նա:



Ջրվեժի ճակատագրով մտահոգ է Շաքիի գյուղապետ Վաղարշակ Առաքելյանը: «Մի քանի տարի առաջ գոնե 30 տոկոս ջրով ապահովված է եղել ջրվեժը, իսկ հիմա 5 տոկոս հազիվ է, ընդամենը ջրի մի քանի փոքրիկ շիթ: Դիմել եմ ՀԷԿ-ի տնօրենին, որ ամառվա ամիսներին, երբ զբոսաշրջիկների մեծ հոսք է լինում,  պահպանի ջրի թողքի գոնե այդ չափաքանակը, բայց անարդյունք: Մարդիկ որ այդ տեսքով տեսնում են ջրվեժը, հիասթափվում են, էլ չեն գալիս: Մեր բախտը բերում է այն ժամանակ, երբ ՀԷԿ-ի գեներատորներից մեկը փչանում է եւ ջուրը վերջապես գնում է իր բնական հունով, կարողանում ենք թեկուզ կարճ ժամանակով հիանալ մեր սիրելի ջրվեժով: Էսօր վերջին կաթիլ ջուրն էլ օգտագործում են սեփական եկամուտների համար:  Պետական սեփականության ժամանակ այդպես չի եղել: Շատ ցանկալի կլինի, որ ջրվեժը ջուր ունենա, զարգանա զբոսաշրջությունը», - ասում է գյուղապետը:



Ծնունդով Շաքի գյուղից տիկին Անահիտին եւս մտահոգում է ջրվեժի անորոշ ճակատագիրը. «Մեր ջրվեժի նման բնության հրաշալիքն իրենց համար հեչ ա, մենք ինչ անենք, դա ղեկավարության խնդիրն է, փոխարեն իրենք պաշտպանեն ժողովրդի հարստությունը, միայն քարերն է մնացել, գալիս են մարդիկ եւ հիասթափված հետ են գնում»:



Իսկ 48-ամյա Արմենն ասում է. «Հասարակ, գյուղացի մարդ եմ, միայն գիտեմ, որ ջուրը կտրել, էլեկտարկայան են սարքել, նախկինում ջրվեժը շատ գեղեցիկ էր, մանկությունս էնտեղ է անցել: Ցավում եմ, բայց ոնց պայքարենք, ում բողոքենք, գիտեմ, ոչ մի արդյունքի չենք հասնելու, անիմաստ է»:



Մտահոգություն



Կապանի Լեռնաձոր համայնքի վարչական տարածքում ուրանի հանքերի երկրաբանական հետախուզական աշխատանքներ են ընթանում, որից հետո հնարավոր է հանքավայրի շահագործում: Տարածաշրջանի բնակչությունը սկսել է այսպես կոչված հակաուրանյան շարժում: Բնապահպանների կարծիքով ուրանի հանքերի շահագործման դեպքում հնարավոր է ջրային ռեսուրսների վարակվածության վտանգ: Վլադիկ Մարտիրոսյանն ասում է. «Ուրանի արդյունահանման նպատակով կիրառվող տեխնոլոգիաների ժամանակ առկա է գրունտային ջրերի ռադիոակտիվացման վտանգը: Իսկ ուրանի ենթադրվելիք ծննդավայրը գտնվում է Ողջի գետի  վերին հոսանքում եւ այդ ջրերը ինչ-որ ձեւով թափվելու են գետի մեջ, որի ջրերով ոռոգման աշխատանքներ են կատարվում, անասուններին են ջրում, եւ վերջապես գետը հոսույմ է Կապան քաղաքի միջով»:



Սրանք դեռեւս ենթադրություններ են` հնարավոր վտանգներ ջրային ռեսուրսների աղտոտման համար: Սակայն այսօր առկա է ջրային պաշարներին առնչվող իրական մտահոգություն: «Հիշում  եմ, երբ փոքր էի, անցած դարի 50-ական թվականներն էին, գյուղի տղաներով բարձրանում էինք մեր տան կտուրը, մոտ 3 մետր բարձրությունից ցատկում ձյան մեջ եւ առանց որեւէ վնասվածքի ոտքի կանգնում ու վազում: Ասելիքս այն է, որ նախկինում տեղումներն այնքան շատ էին, որ ձյան շերտի հաստությունը երբեմն հասնում էր 1 մետրի: 80-ակաների վերջերից սկսած ես նման բան չեմ տեսել: Մեր սերնդի աչքի առաջ շատ աղբյուրներ են ցամաքել, իսկ գործող աղբյուրներն էլ զգալիորեն բարակել են: Լեռնային ռելիեֆ ունեցող մեր մարզի գետերին ու աղբյուրներին անձրեւները շատ քիչ օգուտ են տալիս: Անձրեւաջրերը քերծերի թեքությունների վրայով, հեղեղատների միջով փոքր առուներ դարձած լցվում են ձորը եւ հոսում-գնում, այսինքն` չեն հասցնում ծծվել հողի մեջ, որպեսզի գրունտային ջրերի մակարդակը բարձրանա: Մինչդեռ գրունտային ջրերը գետերի ու աղբյուրների հիմնական սնուցողներն են» - պատմում է Վլադիկ Մարտիրոսյանը:



Նա հիշում է  նաեւ, որ մինչեւ 70-ականների կեսերը Նորաշենիկ գետի մի ափից մյուսը անհնար էր քարից-քար թռչելով անցնել: Իսկ հիմա, գետի ջրերն այնքան պակասել են, որ անգամ գարնանը, շատ հանգիստ կարելի է գետի միջով անցնելով հասնել մի ափից մյուսը: «Այսօր ջրային ռեսուրսների նվազման միտում կա, ինչը ես կապում եմ կլիմիայի գլոբալ փոփոխության հետ: Եղած ջուրը պետք է աչքի լույսի պես պահել ու ճիշտ օգտագործել», - մարդկանց խորհուրդ է տալիս փորձառու բնապահպանը:



Ըստ Հայաստանի կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի հրապարակած տվյալների, վերջին երեք տասնամյակների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1961-1990թթ. միջինի համեմատ Կապանի, Գորիսի եւ Մեղրիի տարածաշրջաններում տեղումները նվազել են 9 տոկոսով: Միայն Մեղրիում հունիս ամսվա տեղումների քանակը կրճատվել է 60 տոկոսով:



Բնակլիմայական պայմանների փոփոխության դեմ պայքարելու լավագույն միջոցը բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքն է, մասնավորապես` առկա ջրային պաշարների ճիշտ օգտագործումը:



Գոհար ԻՍԱԽԱՆՅԱՆ

Հետաքննությունը կատարվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի (Scoop) աջակցությամբ