Դպրոցը` մարզպետի կամայականությունների դաշտում

Դպրոցը` մարզպետի կամայականությունների դաշտում
Այս ուսումնական տարվա առաջին օրը` սեպտեմբերի մեկին, Արագածոտնի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Պարգեւ Համբարձումյանը զանգահարում է Ն. Բազմաբերդի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Առաքելյանին եւ ասում, որ մարզպետ Սարգիս Սահակյանը կարգադրել է, որ տնօրենն աշխատանքից ազատի դպրոցի ուսմասվար,  քիմիայի վաստակաշատ ուսուցիչ, «Մովսես Խորենացի» մեդալի ասպետ Ռաֆիկ Ասատրյանին եւ տեղը նշանակի Աշոտ Հայրապետյանին: Վերջինս կրթության հետ բոլորովին առնչություն չունեցող մարդ է: Այդ օրը Ռ. Ասատրյանը սովորականի պես եկել է դպրոց, այսինքն՝ եղել է աշխատանքային գործունեության մեջ ու, համաձայն աշխատանքային օրենսգրքի, գրավոր փաստաթղթով նախապես ծանուցված չի եղել տնօրենի կողմից աշխատանքից ազատման մասին:



Իմանալով մարզպետի հրահանգի մասին, կոլեկտիվը եւ մի խումբ ծնողներ` շուրջ 50 հոգի, նույն օրը ուղեւորվում են Աշտարակ` բողոքելու այդ կամայական որոշման դեմ: Ինչպես ներկայացնում են ուսուցիչները, նրանք արժանանում են մարզպետի հեգնանքին, վիրավորանքներին: Սակայն մանկավարժներից մեկը համարձակվում է  ասել, որ մարզպետը կաշառք է վերցրել, դրա համար էլ դպրոցին է պարտադրում մեկին, ով դպրոցի հետ առնչություն չունի: Բողոքավորները մարզպետին մեկ օր ժամանակ են տալիս, որպեսզի նա հրաժարվի իր որոշումից:



Սակայն նույն օրը վիրավորված վաստակաշատ ուսմասվար Ռ. Ասատրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնում: Բայց սրանով էլ պատմությունը չի ավարտվում. երկու օր հետո մարզպետին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնում տնօրեն Վ. Առաքելյանը, որը, սակայն, մարզպետը ժամանակավորապես չի մակագրում: Նրա կարգադրությամբ ստուգողներ են մտնում դպրոց: Ստուգումն անօրինական էր, քանի որ հերթական ստուգումն այդ դպրոցում նախատեսված էր չորրորդ եռամսյակում:



Դրանից հետո մարզպետը մակագրում է տնօրեն Վ. Առաքելյանի դիմումն ու տնօրենի  պաշտոնակատար նշանակում հարեւան Պարտիզակ գյուղի դպրոցի ուսմասվար Անդրանիկ Պետրոսյանին: Արագածոտնի մարզպետը որդեգրել է այսպիսի աշխատաոճ` դպրոցները համալրել պաշտոնակատար տնօրեններով, ինչպես արվեց Աշտարակ քաղաքի, ինչպես նաեւ մարզի մի շարք դպրոցներում:



Իսկ դպրոցի տնօրեններից մեկը, ով   ուսումնական տարեվերջին գրավոր խիստ նկատողություն էր ստացել ավարտական դասարանի երկու աշակերտի բացակայության պատճառով, ասաց. «Մարզպետարանի կրթության վարչությունը բոլորովին ավելորդ կառույց է, քանի որ դպրոցները միանձնյա ղեկավարում է մարզպետը. ինքն է ուսուցիչ նշանակում-ազատում: Դպրոցները լցրել է ժամանակավոր պաշտոնակատարներով: Տարեվերջին վեց դպրոցի տնօրեն արժանացան մարզպետի գրավոր խիստ նկատողությանը:  Սասունիկի, Ուջանի, Ոսկեվազի, Վերին Ագարակի դպրոցի տնօրեններն էին նրանք: Այդ դեպքում ապա ինչո՞ւ Արուճի միջնակարգ դպրոցի տնօրեն Սեդա Գրիգորյանն արժանացավ տարվա լավագույն  տնօրենի կոչմանը. երեւի այն բանի համար, որ մարզպետի դուստր Լուսնթագ Սահակյանը սովորում էր այդ դպրոցում, դասերին բոլորովին չէր հաճախում եւ ավարտեց Արուճի դպրոցը` չիմանալով համադասարանցիների եւ ուսուցիչների անունները:



Կամ ուսուցիչների տարեսկզբյան կրճատումները: Այս դեպքում էլ կանչում է տնօրեններին եւ պարտադրում, որ պետք է կրճատվեն մի քանիսը: Բայց հետո, որոշ ժամանակ անց, պարզվում է, որ չեն կրճատվել: Ինչպես, օրինակ, Աշտարակի մտավոր հետամնաց երեխաների դպրոցից վեց մանկավարժի սպառնաց կրճատել, սակայն հետագայում վեցն էլ մնացին: Ինչի համար են այդ խաղերը՝ կարծում ենք, պարզ է: Ոմանք փորձում են մարզպետին արդարացնել, թե այդ ձեւով մարդկանց բերում է դեպի Հանրապետական կուսակցություն:



Ես այդ կարծիքի չեմ. դրա տակ մեկ այլ բան է թաքնված: Վայ էն կուսակցությանը, որտեղ մարդուն պետք է բռնի անդամագրես, մանավանդ մանկավարժին: Օհանավանի դպրոցի տնօրեն Աշխարհիկ Կարապետյանը եղել է կոմունիստ, ՀՀՇ-ական, դաշնակցական, իսկ այժմ, Հանրապետականի կրծքանշանը կրծքին, մտնում է դպրոց: Ի՞նչ սերունդ պիտի կրթի այդ անսկզբունքային կուսակցականը, եւ քանի՞ քվե է նրանից ակնկալում Հանրապետական կուսակցությունը: Ի դեպ, եթե հաջողվել է մարզպետին մարդ կուսակցականացնել, ապա դրանք հիմնականում այս որակի են: Ցամաքասարի դպրոցի տնօրենը բանտ նստեց. այդ հողի վրա բոլորովին անբացատրելի հանգամանքներում աշխատանքից ազատվեց մարզպետի գլխավոր խորհրդական Ռուբիկ Գրիգորյանը: Մի խոսքով, թե մարզպետարան գնալն է սարսափելի, թե դպրոց մտնելը»:



Ստացվում է, որ Արագածոտնի մարզի 128 դպրոցների տնօրենները երեք ճանապարհ ունեն՝  աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել մարզպետին, Հանրապետականի շարքերը համալրելու դիմում գրել մարզպետին, եւ վերջինը` ընտրել բանտի ուղեգիրը:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ