Հրաժեշտ են տվել հուզվելու աստիճան

Հրաժեշտ են տվել հուզվելու աստիճան
Երեկ կեսօրին Գագիկ Բեգլարյանը քաղաքապետարանում է հավաքել վարչական շրջանների ղեկավարներին: Թաղապետերի հետ կեսժամանոց հանդիպումը բավականին ջերմ ու սրտառուչ է անցել: Բեգլարյանը հավատացրել է, որ ինքնակամ է հրաժարական տվել՝ իր ընտրությունն է: Շնորհակալություն է հայտնել նրանց համատեղ աշխատանքի համար, ապա քաջալերել է՝ լավ աշխատել: Իր՝ երկրից հեռանալու լուրերին անդրադառնալով, վստահեցրել  է, որ ոչ մի տեղ էլ չի գնալու, Երեւանում է մնալու, ավելին՝ իրենց կողքին է լինելու:



Մի խոսքով, այս սրտաճմլիկ հանդիպումից ոմանք զգացվել են եւ ափսոսանքով հրաժեշտ տվել արդեն նախկին շեֆին: Աջափնյակ համայնքի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը՝ Աղվան Հովսեփյանի եղբայրը, մեզ հետ զրույցում չցանկանացավ մեկնաբանել Բեգլարյանի հետ տեղի ունեցածը: Իսկ հանդիպման մասին ասաց. «Ամեն շաբաթ էլ մի քանի անգամ հավաքվում ենք, հրաժարականի հարցը չենք քննարկել: Պարտադի՞ր ա, որ մամուլն իմանա ինչ են քննարկել վարչական շրջանների ղեկավարները: Մենք մեր պարտականությունն ենք կատարում»:



Իսկ Բեգլարյանի  ձեռամբ պատվավոր քաղաքացի օծված Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը եղածի առնչությամբ մեծ դժվարությամբ կցկտուր մի քանի բառ արտասանեց. «Չեմ կարող ասել, ժողովուրդը պտի հասկանա՝ իրա քաղաքն ա, իրա տունն ա՝ պտի նորմալ ընթանա: Նախագահը ինչ որոշում կայացրել է, էդպես էլ պիտի լինի»: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանն էլ չէր շտապում որեւէ բան ասել. «Չեմ ուզում շտապել կարծիք հայտնել, շատ լավ աշխատող էր»: Վստահեցրեց, որ նույն ձեւով շարունակելու են, ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի քայլին, ապա՝ «թույլ տվեք մեկնաբանություններ չանեմ, որովհետեւ իրազեկված չեմ ինչն ինչոց է: Ամեն դեպքում, նախագահն իր գնահատականը տվել է»: