Խուժանակրատիա. զարմանալու բան չկա

Խուժանակրատիա. զարմանալու բան չկա
Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի լուրը բուռն քննարկվում է Հայաստանում, դրան անդրադարձել է նաեւ սփյուռքի եւ միջազգային մամուլը: Բեգլարյանի հրաժարականի մասին արտահայտվելով` քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները դատապարտում էին կատարվածը եւ հրաժարականը համարում արարքին համապատասխան պատիժ: Չենք ուզում գնահատական տալ, բայց սա հիշեցնում է՝ «եզն ընկավ, դանակավորը շատացավ»:



«Ես կարծում եմ, որ դա քաղաքական գործընթացների արդյունք չէ, այլ ներքին, ոչ ֆորմալ հարաբերությունների պարզման արդյունք: Քաղաքապետը ձեռք է բարձրացրել մի անձի վրա, որն անթույլատրելի է: Նախագահի ապարատում աշխատողներն անձեռնմխելի անձինք են, որովհետեւ անմիջապես կապ ունեն նախագահի հետ: Ուստի նրանց նկատմամբ չի կարելի նմանատիպ քայլեր իրականացնել: Մամուլում մինչ այս էլի գրվել է, որ Գագիկ Բեգլարյանը ներգրավված է եղել ինչ-ինչ խնդիրների մեջ, ծեծ եւ այլն, բայց ոչ մի անգամ նույնիսկ անհարմար իրավիճակի մեջ չի եղել:



Մինչդեռ այս դեպքում անմիջապես հետեւեց պատիժը»,-կարծում է  «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Իսկ պատժի ընտրված տարբերակը նա բնավ էլ խիստ չի համարում, ավելին՝ «դրան պետք է հետեւեն նաեւ որոշակի իրավական գործընթացներ»: ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը նույնպես կարծում է, որ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի. «Ես համարում եմ, որ հրաժարականը հարցի մասնակի լուծում է»: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ զարմանալու բան չկա առանձնապես, քանի որ ռեժիմի գործելակերպն է այդպիսին:



«Ինչ խոսք, հետաքրքիր իրադարձություններ են: Հետաքրքիր են այնքանով, որ տեղի է ունեցել դեպք, որը երեւի թե վերջերս բազմաթիվ նմանատիպ դեպքերից տարբերվում է նրանով, որ ծեծի է ենթարկվել ոչ թե շարքային քաղաքացի, ոչ թե  լրագրող, ընդդիմադիր քաղաքական գործիչ, այլ նախագահի արքունիքի աշխատակից: Շատ ցանկալի կլիներ, որ Սերժ Սարգսյանը նման որոշում կայացներ այն դեպքում, երբ ընտրությունների ժամանակ 10-րդ ընտրատարածքում Բեգլարյանի սուրհանդակները ծեծի էին ենթարկում լրագրողներին, քարոզարշավի ժամանակ դաժան ծեծի ենթարկվեցին Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք, երիտասարդներ: Թող այդ ժամանակ Սերժ Սարգսյանը համապատասխան քայլեր ձեռնարկեր եւ պատժեր Գագիկ Բեգլարյանին: Ստացվում է, որ նա հրաժարվում է երաշխավորել ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը, բայց երբ խոսքը վերաբերում է իր փեսայի ընկերոջը, ապա նա նախանձախնդիր է եւ դիմում է վճռական քայլերի»,-ասաց Հովհաննիսյանը եւ հավելեց.



«Այս պարագայում Գագիկ Բեգլարյանն ընդամենը կարող է արդարանալ, որ եթե Սերժ Սարգսյանն իր կողքն է նստեցնում փեսային, ապա ինչո՞ւ ինքը, որ Սերժին այդքան ծառայություններ էր մատուցել, չի կարող իր կնոջը նստեցնել նախագահի կողքին: Այ, սա է հոգեբանությունը, տղայական այն մթնոլորտը, որ ես անվանել եմ խուժանակրատիա: Խուժանի կանոններն են գործում մեզ մոտ»: ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը չցանկացավ մեկնաբանել քաղաքապետի հրաժարականը, միայն ասաց. «Դրանք գործառույթներ են, որոնք վերաբերում են պետության կառավարման, դրա արդյունավետության, կարգուկանոնի պահպանմանը: Հիմա, ելնելով դրանցից չգիտեմ որ մեկից, կատարվում են համապատասխան քայլեր»: Իսկ ահա գործող կոալիցիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հեղինե Բիշարյանն ասաց. «Ցանկացած պաշտոնյա պետք է իր պաշտոնին հարիր պահվածք ունենա: Արարքը ենթադրում էր, որ քաղաքապետը պետք է հրաժարական տար, միանշանակ, ինչպես ասաց նաեւ նախագահը»: