Հայի հետին խելքը

Հայի հետին խելքը
Ապագա եւ ներկա մայրիկները երեկ կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում ընդդեմ  «ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխության, որով կրճատվում են հղիներին վճարվող գումարները: Չնայած այն դեկտեմբերի 1-ին նախագահը ստորագրել է, ու մտել է ուժի մեջ, սակայն նրանք շարունակում են պահանջել` օրենքը բերել նախկին տեսքի: Մինչ հղիները բողոքում էին, Տիգրան Սարգսյանը կառավարության ամբիոնից անդրադարձավ խնդրին. «Մտահոգությունները, որոնք հնչում են, մեր նախարարությունը եւ ԱԺ հանձնաժողովը կիսում են: Այսօր պատրաստվել է մի նոր օրենքի նախագիծ, որն անհրաժեշտ է քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, եւ անհրաժեշտության դեպքում օրենքում կկատարենք շտկումներ՝ նպատակ ունենալով ստեղծել այնպիսի միջավայր, որը խթանում է ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում»:







Նիստի ավարտից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը դուրս եկավ կառավարության շենքից եւ ընկավ ներկա ու ապագա մայրիկների օղակի մեջ: Կանայք նկատեցին, թե այդ օրենքով դեմոգրաֆիական խնդիր է առաջանալու, նախարարը պատասխանեց. «Դեմոգրաֆիական խնդիրը պայմանավորված չէ ժամանակավոր անաշխատունակության նպաստով, դուք հաշվեք՝ մենք ինչքան արտոնություններ ենք տալիս հղի կնոջը»:



«Ի՞նչ արտոնություններ»,- զարմացան հղիները: «Անվճար ծնունդօգնությունը»,-անվրդով պատասխանեց նախարարը: Մենք հետաքրքրվեցինք, թե հղիների  ակցիանե՞րն են ստիպել, որ օրենքը վերանայվելու է, Գրիգորյանը պատասխանեց. «Բողոքը կապ չուներ, փոփոխությունները նախապատրաստված էր»: Այսինքն՝ մերոնք օրենքներ մշակելիս «նավսյակի» ժողովրդի համար համեմատաբար բարենպաստ տարբերակը պահում են վերջում, եթե չհաջողվի սղացնել իրենց ուզածը, ծայրահեղ դեպքում «հոգապահուստը» ջրի երես կհանեն: