Միհրանը ծեծել է, Գեւորգը` պատժվել

Միհրանը ծեծել է, Գեւորգը` պատժվել
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Սերժ Սարգսյանի հրահանգով նախօրեի ուշ երեկոյան աշխատանքից ազատվել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Ուշագրավ է, որ դրանից ժամեր առաջ նախարարը խորհրդարանում էր, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին էր մասնակցում ու ոչինչ չէր խոսում այն մասին, որ կարող է հեռանալ պաշտոնից: Պակաս ուշագրավ չէ, որ նախագահականից հրամանն իջեցվել է ուշ երեկոյան՝ մթության քողի ներքո: Երեկ Գեւորգ Դանիելյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին եւ իր պաշտոնանկության հետ կապված որեւէ մեկնաբանություն անել:



Երեկ արդեն շրջանառվում էին արդարադատության հավանական նախարարների անուններ՝ Սերժ Սարգսյանի օգնական Գեւորգ Կոստանյան, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյան եւ Հանրային խորհրդի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ֆրանսիական համալսարանի ամբիոնի վարիչ Գրիգոր Բադիրյան: Ի դեպ, երեկ արդեն «Հայլուրն» իր տաղավար էր հրավիրել Գեւորգ Կոստանյանին:



Պաշտոնական վարկածով, որը բարձրաձայնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն աշխատանքից ազատվել է «պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար»: Մասնավորապես, որ արդարադատության նախարարը չի կատարել իրեն տրված հանձնարարությունը եւ չի պատժել ԴԱՀԿ պետին՝ Միհրան Պողոսյանին, ով «էթիկայի կանոնների կոպիտ խախտում է թույլ տվել»: Մեզ հասած տեղեկություններով՝ Միհրանին հրապարակային նկատողություն տալու հրահանգը եղել է նախագահականից:



Բնականաբար, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը չէր կարող պատժվել ՀՀ արդարադատության համակարգում տիրող իրավիճակի, քաղբանտարկյալների, կաշառակեր ու մեկ կենտրոնից ղեկավարվող դատավորների, կոռումպացված ՔԿՀ-ների կամ Նիկոլ Փաշինյանի վրա հարձակման համար: Մեզ հասած տեղեկություններով՝ պատճառն այն է, որ արդարադատության նախարարության ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հարվածել կամ ծեծի է ենթարկել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի քեռուն, որն իր աշխատակիցն է եղել:



Գաղտնիք չէ նաեւ, որ նույն ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը, որի գործունեության միջոցով են Երեւանի կենտրոնից տարհանվում գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչները, Սերժ Սարգսյանի սիրելին է, նրա մարդը: Հենց Սերժ Սարգսյանի հետ մտերմության շնորհիվ է երիտասարդ Միհրան Պողոսյանը զբաղվում բիզնեսով՝ սկսած բանանի մենաշնորհային ներկրումից մինչեւ «Քեթրին» խանութների ցանց եւ այլն: Ասել է թե արդարադատության նախարարն իմացել է, որ Միհրանը Սերժ Սարգսյանի մարդն է ու թերեւս չի ցանկացել մտնել նրանց հարաբերությունների մեջ՝ սահմանափակվելով բանավոր նկատողությամբ: Բացի այդ, մեր աղբյուրները նշում են, որ դեպքի առիթով ծառայողական քննություն է նշանակված եղել, եւ Դանիելյանը սպասել է դրա արդյունքների ամփոփմանը: Աշխատանքից ազատվելուց առաջ՝ նույն օրը Գեւորգ Դանիելյանն արդեն Միհրան Պողոսյանին գրավոր նկատողություն է տվել՝ կարգապահական տույժի ենթարկելով, սակայն դա արդեն չի օգնել:



Մեզ հասած տեղեկություններով՝ Դավիթ Հարությունյանն ամեն ինչ արել է, որ իր քեռու նկատմամբ կատարված բռնության հարցը հասցնի Սերժ Սարգսյանին, եւ իր կարողության չափով ճնշում է գործադրել, որ հարցը հենց նման ելք ունենա: Տեղեկություն կա նաեւ, որ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այդպես էլ չի հաշտվել Դանիելյանի` նախարար աշխատելու հետ եւ ցանկացել է պահպանել իր ազդեցությունն արդարադատության համակարգի վրա: Ուստի որոշակի լարվածություն է եղել նրանց միջեւ:



Երեկ, երբ զանգահարեցինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին՝ մեկնաբանություն ստանալու համար, նրա բջջայինից պատասխանեցին, որ Հարությունյանը մեկ շաբաթով մեկնել է Փարիզ:



Ի դեպ, ԴԱՀԿ պետին աշխատանքից ազատելու իրավասություն ունի նախագահը, եւ Սերժ Սարգսյանը կարող էր միանգամից աշխատանքից ազատել Միհրան Պողոսյանին՝ պաշտոնյային անվայել վարքի համար, ինչպես արվեց Գագիկ Բեգլարյանի պարագայում: Սակայն այս դեպքում Սերժ Սարգսյանը փորձել է թեթեւակի պատժել բռնություն գործադրած պաշտոնյային ու արդյունքում աշխատանքից ազատեց նրա ղեկավարին՝ արդարադատության նախարարին: ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը երեկ լրատվամիջոցներին հայտարարել է, թե արդարադատության արդեն նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հրամանի մասին, որով գրավոր նկատողություն է արվել գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին, իմացել է կայքերից: Մամուլի քարտուղարը նաեւ հայտարարել է, թե տեղյակ չէ՝ էթիկայի ինչ նորմ է խախտել գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:



ՀԳ - Որոշ տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանին առաջիկայում այնուամենայնիվ պաշտոնանկություն սպասվում է: