Աշոտյանի աչքը լույս

Աշոտյանի աչքը լույս
«Ցավոք, Հայաստանը, ինչպես վկայում են տեղական եւ միջազգային փորձագետների ուսումնասիրությունները եւ հանրային կարծիքի հարցումները, շարունակում է մնալ համատարած եւ համակարգային բնույթ ունեցող կոռուպցիայի երկիր»,- ասվում է «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի զեկույցում, որը ներկայացվեց երեկ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ: Ըստ կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) Հայաստանում անցկացված հարցումների, հարցվածների ուղիղ կեսի կարծիքով՝ հանրապետությունում վերջին 3 տարիների ընթացքում կոռուպցիայի մակարդակն աճել է, եւ միայն 15 տոկոսն է կարծում, որ այն նվազել է: Մնացած 35 տոկոսի կարծիքով՝ կոռուպցիան մնացել է նույն մակարդակի վրա:



«Թրանսփարենսի ինտերնեշնլի» հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում ամենակոռումպացված ոլորտը համարվում է կրթական համակարգը, որին հաջորդում են ոստիկանությունը եւ դատական համակարգը: Հատկապես կրթական ոլորտի հետ կապված ցուցանիշը շատ մտահոգիչ է, քանի որ ԿՀԲ-ի կողմից հարցված որտեղ ոչ մի երկրում կրթական համակարգն այդպիսի խայտառակ վիճակում չէ: Եթե գնահատման սանդղակը 1-5 է, որտեղ 1-ը նշանակում է ընդհանրապես չկոռումպացված, իսկ 5-ը՝ ամբողջությամբ կոռումպացված, ապա Հայաստանում կրթական համակարգի կոռումպացվածության ցուցանիշը համարվում է 4,2, ինչը նշանակում է, որ Աշոտյանը մտորելու շատ բան ունի:



Հաջորդ ցավալի փաստն այն է, որ ԿՀԲ-ի կողմից նախորդ տարի ուսումնասիրված ոլորտները այս տարի համարվում են առավել կոռումպացված, քան նախորդ տարի: Միակ բացառությունը լրատվամիջոցներն են, որոնց կոռումպացվածության աստիճանը մնացել է անփոփոխ: ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնը կոռուպցիան արմատախիլ անելու համար առաջարկում է 3 հիմնական ուղղություններ՝  կանխարգելում, բացահայտում եւ հանրային աջակցության ապահովում: «Համակարգային բնույթ ունեցող ախտի դեմ պայքարը պետք է ունենա համակարգային բնույթ...



Կոռուպցիոն բուրգի գագաթը չպետք է լինի անձեռնմխելի, քանի որ համակարգային պայքարն անհնարին է, եթե երկրում առկա է անպատժելիության մթնոլորտ: Բիզնեսը եւ քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվեն: Իրար սերտաճած քաղաքական եւ տնտեսական մենաշնորհները բացարձակացնում են իշխանությունը, իսկ բացարձակ իշխանությունը չի կարող գոյատեւել առանց կոռուպցիայի: Կոռուպցիայի դեմ համակարգային պայքարը նշանակում է պայքար նրա բոլոր, ներառյալ այնպիսի վտանգավոր դրսեւորումների դեմ, ինչպիսիք են քաղաքական կոռուպցիան եւ պետության զավթումը:



Իսկ դա նշանակում է, որ պետք է հարգվեն մարդու իրավունքները եւ ազատությունները, դատական համակարգը պետք է անկախ լինի, պետք է չհալածվի մամուլը եւ անցկացվեն արդար ու մրցակցային ընտրություններ: Հասարակություն չպետք է հանդուրժեն անարդարությունը, անօրինականությունը եւ անբարոյականությունը, եւ առավել եւս՝ նրա յուրաքանչյուր անդամը չպետք է ներքաշվի դրանց մեջ»,-ասվում է ԹԻ հայտարարության մեջ: