Ես դատապարտյալ չեմ, գերի եմ

Ես դատապարտյալ չեմ, գերի եմ
Այսպես է իր կարգավիճակը բնութագրում 1963 թվականին ծնված Կարեն Թելմանի Հովհաննիսյանը,  ով  1999 թվականի մարտի 3-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քր. օրենսգրքի 99 հոդվածի 1-ին կետով, 88 հոդվածի 3-րդ մասով եւ 232 հոդվածի 1-ին մասով, որպես սպանության օժանդակող եւ սպանության փորձ կատարող, դատապարտվել է ազատազրկման 13 տարի ժամկետով եւ մինչ օրս պատիժը կրում է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:



Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ ամեն ինչ տրամաբանության սահմաններում է, եւ կատարած հանցանքի համար պետք է հատուցել: Կարեն Հովհաննիսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու տարիներին կարգապահական 8 տույժ եւ 6 խրախուսանք է ստացել: Ի դեպ, տույժերի վաղեմության ժամկետը  լրացել է 2002 թվականին, ըստ օրենքի՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովին միջնորդել է, որ դատապարտյալ Կարեն Հովհաննիսյանն ուղղվել է եւ նշանակված պատժի մնացած մասն ազատազրկման վայրում կրելու կարիք չունի:



ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը 2009 թվականի հուլիսի 22-ին որոշում է կայացրել, ըստ որի՝ հաշվի առնելով դատապարտյալ Կարեն Թելմանի Հովհաննիսյանի վարքագիծը պատիժը կրելու տարիներին, պետք է տեղափոխել բաց տեսակի ուղղիչ հիմնարկ: Վեցուկես ամիս գտնվելով բաց տեսակի ուղղիչ հիմնարկում՝ Կարեն Հովհաննիսյանը զբաղվել է հանրօգուտ աշխատանքով, կարգապահական ոչ մի խախտում չի կատարել: Կարծես եկել էր ժամանակը իր ընտանիքին հատուցելու այն ամենը, ինչից 10 տարուց ավելի զրկված են եղել հարազատները:  Սակայն...



ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքների այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը որոշեց քննարկել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Կարեն Թելմանի Հովհաննիսյանին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 22-ի որոշման օրինականությունը:



Վարչության  ավագ դատախազ Ստեփանյանը պարզել է, որ`



1. Կարեն Հովհաննիսյանը հասարակական հնչեղություն ունեցող ծանր հանցագործություն է կատարել:



2. Կարեն Հովհաննիսյանը հայտարարել է հացադուլ՝ փորձելով ճնշում գործադրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի վրա:



3. Կարեն Հովհաննիսյանին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու որոշմամբ չի ապահովվել ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածով սահմանված պատժի նպատակների իրականացումը:



4. «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի  ղեկավարությունը եւ տեղաբաշխման հանձնաժողովի անդամներն անտեղյակ են կալանավորներից եւ կարող են իրականությանը չհամապատասխանող փաստաթղթերի տակ ստորագրել:



Այն, որ  Կարեն Հովհաննիսյանը հասարակական հնչեղություն ունեցող ծանր հանցագործություն է կատարել՝ դատարանին հայտնի է, եւ արժանի պատիժ է նշանակվել:



Այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածի երկրորդ մասին համահունչ Կարեն Հովհաննիսյանն ուղղվել է, հաստատում են նրա նկատմամբ կիրառված խրախուսանքները եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից տրված բնութագրերը:



Բայց  երբ ընթերցում ենք այն հոդվածները, որոնց հղում է կատարել Ստեփանյանը՝ առանց մասերը նշելու, պատկերն ամբողջանում է:



Օրինակ, պարոն Ստեփանյանի նշած ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածի առաջին մասի առաջին ենթակետի դ) կետի համաձայն՝ Կարեն Հովհաննիսյանին նախատեսվել է տեղափոխել պատիժը կրելու բաց տեսակի ուղղիչ հիմնարկ: Իսկ նույն հոդվածի  երկրորդ մասով թվարկված են այն դեպքերը, որոնց առկայության պարագայում միայն կարելի էր Կարեն Հովհաննիսյանի   ուղղիչ հիմնարկի տեսակը փոխել դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի: Սակայն գործում նման հատկանիշներ չկան, եւ Ստեփանյանը բավարարվել է միայն 102 հոդվածը նշելով, չկենտրոնանալով որեւէ մասի վրա, քանի որ իր ուզած մասը չկա հոդվածում:



Այս ուսումնասիրության ընթացքում պարոն Ստեփանյանը, անձամբ անտեսելով  ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածի դրույթները,  որոշել է անհիմն կասեցնել եւ միջնորդել է  ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին վերանայել 2009 թ. հուլիսի 22-ի թիվ 573 որոշումը:



Վերանայումը իրեն երկար սպասեցնել չի տվել, եւ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի կոպիտ խախտումով Կարեն Հովհաննիսյանը տեղափոխվել է կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկ:



Չնայած քրեակատարողական  ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը քաջ գիտեր, թե որ դեպքերում կարող է վերանայել իր իսկ որոշումը, սակայն հասկանալով, որ գործ ունի հզոր պատվիրատուի հետ, գերադասեց ճանաչել իր անգործունակությունը եւ փոխել նախկին որոշումը:



Պատվերի առկայությունը հաստատում է նաեւ այն իրողությունը, որ Կարեն Հովհաննիսյանին 3 ամիսը մեկ ներկայացնում են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովին, սակայն հանձնաժողովը առանց հիմնավորման մերժում է: Այս ամենից կարելի է մեկ հետեւություն անել. երբ դատարանն անձին մեղավոր է ճանաչում, նույն պահին դատապարտյալը կորցնում է իր բոլոր իրավունքները եւ պետք է հույսը դնի ոչ թե օրինականության, այլ որոշ պաշտոնյաների «բարձր» տրամադրության վրա:



Անժելա ԲԱԴԱԼՅԱՆ