Իսկ ինչո՞ւ իրականացումը չենք տեսնում

Իսկ ինչո՞ւ իրականացումը չենք տեսնում
Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն էին ՀՀ վարչապետը, ՍԴ նախագահը, դատավորներ, նախարարներ, պատգամավորներ, հյուրեր: Հյուրընկալության առիթը ԱՄՆ դեսպանատան կողմից «Ազատության պաշտպանի» մրցանակով ՀՀ քաղաքացիների պարգեւատրումն էր: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ մրցանակը շնորհվել է հասարակական գործիչների (2008-ին՝ իրավապաշտպան Միքայել Դանիելյանին, 2009-ին՝ լրագրող Էդիկ Բաղդասարյանին), 2010-ի մրցանակը շնորհվել էր երեք դատավորների՝ Ռուզաննա Բարսեղյանին, Հովսեփ Բեդեւյանին եւ Մարինե Մելքոնյանին:



Ինչ խոսք, փոքր-ինչ անսովոր է, երբ պետական իշխանության ներկայացուցիչներին գնահատում եւ մեծարում է օտարերկրյա դեսպանատունը, բայց եթե հայրենի պետությունը դա չի անում, պետք է գոհ լինել գոնե օտարների ուշադրությունից: Ամեն դեպքում հաճելի էր, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ դատավորների «Ազատության պաշտպանի» տիտղոսի էր արժանացրել՝ «հանուն Հայաստանի Հանրապետության» կայացրած որոշումների եւ պաշտպանած արժեքների  համար: Ինչպես բացման խոսքում նշեց դեսպան Մարի Յովանովիչը, մրցանակակիրներն իրենց օրինակով ցույց էին տվել, որ մարդու իրավունքները լոկ հոդվածներ չեն օրենսգրքերի ու Սահմանադրության փոշեծածկ հատորներում, այլ` արժեքներ, իրավունքներ, որոնք հնարավոր է Հայաստանում իրացնել:



Դատավոր Ռուզաննա Բարսեղյանը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է 1999-ից: Այս տարվա ընթացքում իր քննած գործերից մեկով, որը ծանր հանցագործության է վերաբերել, տիկին Բարսեղյանը դատարանի դահլիճ է հրավիրել ոստիկաններին եւ անընդունելի է համարել ոչ պատշաճ կերպով նրանց ձեռք բերած ապացույցները, հետամուտ է եղել, որպեսզի ապահովվի կասկածյալի՝ պաշտպան ունենալու իրավունքը: Եթե ամեն դատավոր նույնքան սկզբունքայնություն ունենար, Հայաստանում, իհարկե, չէին լինի քաղբանտարկյալներ: Տիկին Բարսեղյանին մեծարել արժեր, որպեսզի մյուս կամակատարներն ու պնակալեզները, որ նույնպես դատավոր են կոչվում, բայց սկզբունքայնության ու ինքնուրույնության նշույլ իսկ չեն դրսեւորում, ամեն թելադրված որոշում դակելիս չարդարանան, թե բոլորն են նույնը անում:



Դատավոր Հովսեփ Բեդեւյանը ՀՀ վարչական դատարանի դատավոր է եւ ԱՄՆ դեսպանատան մրցանակին էր արժանացել, քանի որ իր քննած գործով քաղաքացու եւ պետական մարմնի միջեւ առկա վեճում վճռել էր հօգուտ քաղաքացու՝ ի հեճուկս իշխանության մարմնի ամենազորության եւ ազդեցության: Դատավորը հաստատել էր, որ շարքային քաղաքացին կարող է արդարադատության ընթացակարգերով իր իրավունքները պաշտպանել: Եթե ամեն դատավոր այդպես վարվեր, Հայաստանում անարխիան չէր հասնի այնտեղ, որ պետության, դրա մարմնավորում իշխանության եւ իշխանությունը կրող հանցագործների դեմ «խաղ չլիներ», ու նրանց կարգի հրավիրելու համար էլ ոչ թե իրավունքը, իրավական նորմերը գործեին, այլ երկրի նախագահի՝ կամայականություն հիշեցնող կամքը:



Վերջապես դատավոր Մարինե Մելքոնյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է 2008-ից: Նա իր քննած 4 գործերով արդարացման դատավճիռներ է կայացրել: Մի բան, որ հարգանք է ներշնչում: Երբ Հայաստանում դատախազությունը շիզոֆրենիայի այն մակարդակում է, որ քաղաքական ելույթը ներկայացնում է որպես զանգվածների վրա նեյրո-լինգվիստիկ ազդեցության մեթոդ, նույն ցնդաբանությամբ շարունակում է, թե մարդիկ իրենք իրենց կրակելով սպանում են կամ փայտով ու մետաղի կտորով հեղափոխություն անում, եւ այդ կարգի հիմնազուրկ մեղադրանքներով էլ հասնում է մարդկանց ազատազրկման, արժե, որ դատախազության դուդուկի տակ պարող ամեն մի պնակալեզ տեսնի, որ կան նաեւ դատավորի որակ ունեցող մարդիկ, ովքեր առանց հիմնավոր մեղադրանքի չեն դատապարտում:



Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում ասաց. «Ժամանակակից աշխարհում ոչ թե հանքերը, արդյունաբերական հզորությունները, ապրանքները կամ ծառայություններն են առաջընթացի եւ զարգացման գրավականը, այլ մարդը, մարդու ինտելեկտուալ կարողությունները»: Հետեւաբար մարդուն պաշտպանելը, «այնպիսի միջավայրի ձեւավորումը, ուր մարդն իր տաղանդները կարողանար դրսեւորել եւ իրացնել», ՀՀ կառավարության նպատակն ու ձգտումն են: Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ իրականացումը չենք տեսնում կյանքում: