Չկա չարիք` առանց բարիք

Չկա չարիք` առանց բարիք
«Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 48-րդ հոդվածի  2-րդ մասով եւ Երեւան քաղաքի ավագանու «Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N1-Ն որոշման հավելվածի 115-րդ կետով՝  Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղեկալ Տ. Մարգարյանի 2010թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ 2010թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ հետեւյալ օրակարգով՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամկետը սահմանելու մասին»։



Եթե ամեն ինչ հենց այնպես է, ինչպես մեզ ներկայացնում է Երեւանի քաղաքապետարանի համապատասխան բաժինը, ապա գրեթե միանշանակ է, որ Երեւանի նոր քաղաքապետ կընտրվի ավագանու ձայների 50 տոկոս եւ ավելին ունեցող քաղաքական ուժի հերթական համարը, այսինքն` Տարոն Մարգարյանը: Բայց մյուս կողմից էլ` մարդիկ տեսան, թե  այդ 50 տոկոսանոց ուժի առաջին ընտրությունը ինչերի հանգեցրեց: Ի՞նչ անենք: Թողնենք, որ կրկի՞ն փորձեն: Իսկ ինչո՞ւ ոչ, եթե հույս կա, որ Երեւանի քաղաքապետ կարող է դառնալ շատերի կողմից ընդունված մի անձնավորություն, որ ի վերջո մականունավոր չէ: Ի՞նչ է սա` չկա չարիք առանց բարիքի՞: Գուցե:



Բայց ի՞նչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը, մինչեւ ավագանու կրկին փորձելը, ինքը կրկին փորձի ու, ինչպես Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, իր նախաձեռնությամբ նոր քաղաքապետ նշանակի: Չենք ասում պատահական մեկին բերի: Մարդ ես, մեկ էլ տեսար նրա ընտրությունը կանգ առավ որեւէ ԲՀԿ-ական տղայի վրա: Հասկանալի է, ԲՀԿ-ն մի քիչ չեմուչում կանի, կհիշի իր կոալիցիոն պարտավորությունները… բայց ոչինչ: Ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսը` կամ ես նրան կտանեմ զագս, կամ նա ինձ` դատախազի մոտ: Իսկ զագսը, այս համեմատության մեջ, միշտ էլ ավելի հաճելի տեղ է:



Քաղաքապետի աթոռի շուրջ ՀՀԿ-ԲՀԿ նոր ջերմացումը բացառված չէ, քանզի երկուստեք, միմյանց բզկտելով, այլեւս անտանելի էին դառնում: Իսկ նման բաները ամենից լավ երեւում են նախագահական նստավայրից: Գագիկ Ծառուկյանն էլ իր աշտարակը հո պատահաբար չի՞ կառուցել: Այն ի վերջո հակակշռելու է քաղաքապետարանի` հարեւանությամբ վեր խոյացող աշտարակին: Այլապես ո՞րն էր իմաստը Շուստովի գինու գործարանի պոչին այդպիսի մի սյուն տնկելու:



Ինչեւէ, այս ամենը միայն երեւակայության ոլորտից է, բայց մեր խառը ժամանակներում ինչ ասես տեղի չի ունենում: Սպորտի բնագավառը, օրինակ, տվեցին ԲՀԿ-ին, խնդրեմ, չծաղկե՞ց: Առողջապահությունը չի՞ ծաղկում: Իսկ ինչո՞ւ չմտածել, որ, ասենք, արդարադատությունն էլ կծաղկի, Երեւանն էլ: Աբովյանը մեզ օրինակ:



Ամեն դեպքում` ես Տարոն Մարգարյանին եմ հաջողություն մաղթում: Գագիկ Ծառուկյանը թող չնեղանա, բայց հենց Տարոն Մարգարյանի անվան հետ է կապված Երեւանի ավագանու անցած ընտրություններում ՀՀԿ-ի 50 տոկոս պլյուս մեկ հաջողությունը: Բացի այդ էլ` արդար չի լինի ընտրովի երկրորդ քաղաքապետ ունենալ ՀՀ նախագահի կողմից նշանակման արդյունքում:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ