Ազատվել են երկու քաղբանտարկյալ եւ մեկ քաղաքապետ

Ազատվել են երկու քաղբանտարկյալ եւ մեկ քաղաքապետ
«Ազատվել են երկու քաղբանտարկյալ եւ մեկ քաղաքապետ»,- ուրբաթ օրն իր ելույթն այսպես սկսեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ինչը մի լավ զվարճացրեց հավաքվածներին: Գագիկ Ջհանգիրյանն էլ հուշեց, թե՝ մի հատ էլ նախարար է ազատ արձակվել: Ուրբաթ Հայ ազգային կոնգրեսը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված երթ էր կազմակերպել: Չնայած մեծ թվով քաղաքացիներ էին եկել, սակայն չէին մասնակցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը:



Իսկ Լեւոն Զուրաբյանի մատնանշած ազատ արձակվածներից Սարյանի արձանի մոտ էին միայն  քաղբանտարկյալներ Ֆելիքս Գեւորգյանն ու Գաբրիել Գաբրիելյանը: Նրանք համեստորեն չէին ցանկանում հրապարակային ելույթ ունենալ, բայց Ջհանգիրյանի հորդորին չդիմացան, մոտեցան եւ բազմությանն իրենց շնորհակալությունը հայտնեցին, որ գիշեր ու զօր պայքարում են հանուն ժողովրդավարության ու ազատության հաստատման:



ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանը վերստին հիշեցրեց, որ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը ցեխի արժեք ունի, ապա ասաց, որ  կուսակցության վարչությունը «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ որոշում է կայացրել դիմել Եվրոպական Միության կառույցներին ու Միացյալ Նահանգների  կառավարությանը` վիզաներ չտրամադրել բոլոր այն մարդկանց, ովքեր մարտի 1-ի անցնող գործերով կեղծ ցուցմունքներ են տվել, ովքեր կեղծ վճիռներ են կայացրել ու կեղծ դատախազական ֆունկցիաներ են իրականացրել, ովքեր նպաստել են քաղբանտարկյալների գոյությանն ու տասը զոհերի մահվան հանգամանքների չբացահայտմանը, ովքեր նպաստել են մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներին:



Դավիթ Շահնազարյանն էլ, դիմելով ազատության մարտիկներին, ասաց. «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը իրականացնելու եք միայն դուք»: Ապա հիշեցրեց նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանին դիմավորելու ժամանակ արված իր հայտարարությունը, որ սա քաղբանտարկյալներին ազատելու մի նոր փուլի սկիզբն է, եւ հեռու չէ այն օրը, որ բոլոր քաղբանտարկյալները կլինեն այստեղ, մեր կողքին, ժողովրդի ջանքերի արդյունքում: Հայտարարությունն ընդհատվեց ազատության կոչերով:



Շահնազարյանը մատնանշեց ռեժիմի վերջին ճաքերը, սակայն վստահեցրեց. «Դա իրենց գործն է, մեր բոլորի խնդիրն է՝ բոլորին միասին փաթեթով հեռացնել իշխանությունից, որպեսզի նրանք դադարեն ժողովրդին ճնշելուց ու կեղեքելուց»: Բավականին ջիգյարով ելույթ ունեցավ Գագիկ Ջհանգիրյանը. «Սիրելի ժողովուրդ, երեք օրվա ընթացքում երկու քաղբանտարկյալ է ազատվել... Նրանց ազատությունը մեր բոլորի ազատությունն է, եւ բանտերում գտնվողների ազատությունը ձեր ձեռքերում է: Եթե մեր տղաներից շատերի անունը դուք լսել եք մինչեւ բանտարկվելն ու դրա ընթացքում, ես վստահ եմ, որ որեւէ մեկը Գաբրիել Գաբրիելյանի անունը չի լսել, նույնիսկ ես... Ողջունենք մեր հերոսներին, որ երեք տարի անմռունչ տղամարդավարի կրել են անազատության զրկանքները, բայց մնացել են մարդ, մեր համակիրն ու ՀԱԿ զինվորը: Ապրեք, տղերք»:



Ապա  եռագույնների  ու ազատության կոչերի ներքո մեկնարկեց երթը, ինչը Մաշտոցի պողոտայից սկսած մինչեւ Հյուսիսային պողոտա ողջունում էին կանգառներում կանգնած քաղաքացիներն ու մեքենաների վարորդները: Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված երթը անասելի համարձակությամբ էր լցրել նաեւ կառավարության ու այլ հիմնարկների աշխատակիցների հոգիները:



Նրանք դուրս էին թափվել ու բերանները բաց հետեւում էին երթին: Իսկ ֆինանսների նախարարության ու Տիգրան Սարգսյանի նստավայրում գտնվող մեր հայրենակիցները նախանձով  խմբվել էին պատուհանների մոտ, ոմանք անգամ այնքան էին ոգեւորվել հնչող կոչերից, որ գլուխները պատուհաններից դուրս էին հանել՝ հազիվ զսպելով իրենց իրավունքների համար անվախ ու անկաշկանդ պայքարող քաղաքացիներին ողջունելու ցանկությունը: Համենայնդեպս տպավորությունն այդպիսին էր: