Հերթը նժդեհյան ոգին կրողներինն է

Հերթը նժդեհյան ոգին կրողներինն է
«Մենք պիտի շարունակենք մեր քաղաքական հավատամքի դրսեւորման եղանակները, մի փոքր դժվար կլինի միջազգային հարթակներում ներկայացնել Արցախի իրավականությունը նման պահվածքից հետո, սակայն որեւէ որոշում չկա նոր օրինագիծ ներկայացնելու, եւ հավանաբար չներկայացնենք»,- խորհրդարանում Արցախի ճանաչման վերաբերյալ իրենց օրենսդրական նախաձեռնության տապալումից հետո լրագրողների հետ կիսվել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:



Այնուհետեւ հավելեց. «Թույլ տանք քաղաքական մեծամասնությանը, որ ինքը մի փոքր մտածի՝ ինչպես անել, իր հավատամքը, քաղաքական իր ծրագիրը, նժդեհական ոգին, ինչպես նաեւ Արցախի ազատագրումը թարգմանի եւ դարձնի մատչելի եւ իրավական բովանդակություն ունեցող կարգավիճակ»: Իսկ Ղարաբաղի ճանաչման հարցում քվեարկության չմասնակցելը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, համարժեք է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին չմասնակցելուն:



«Այնտեղ կան մարդիկ, ովքեր ազատամարտիկ են եղել, մասնակցել են Արցախի ազատագրմանը, եւ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանից բացի, ես ակնկալում էի, որ կլինեն մի քանի պատգամավորներ, խղճով մարդիկ, ազատամարտիկներ, որոնք կհասկանային, որ սա կուսակցական կամ հատվածական նախաձեռնություն չէ, սա պետական շահին համապատասխանող անհրաժեշտություն է»,-նշել է Հովհաննիսյանը: Ի պատասխան իշխանությունների հակափաստարկներին, թե ճանաչումը կխոչընդոտի բանակցային գործընթացին, իսկ հիմա՝ Աստանայից հետո, այս առումով լավատեսության հիմքեր կան, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Միգուցե Աստանայում լավատեսության հիմքեր կան, բայց ես համարում եմ, որ զուտ դիվանագիտական կամ բանակցային արվեստի տեսակետից մենք հերթական փակուղի մտանք կամ խորացրինք եղած փակուղին:



Ես կողմ եմ խաղաղ բանակցությունների նաեւ դիվանագիտական լուծման: Բայց կարգավիճակը նաեւ Հայաստանի անվտանգության գործառույթ է, եւ այդ կարգավիճակը արդեն պետք է ճանաչվի: Թե ինչ կմնա օրակարգում դիվանագիտական: Ես կարծում եմ, որ շատ սկզբունքային հարցեր կմնան ԼՂՀ կարգավիճակից բացի: Այնտեղ կմնան թե Հայաստանի Հանրապետությանը վերաբերող անվտանգության մեխանիզմների ճշգրտումը եւ իրացումը այդ ողջ համակարգով, կմնան գաղթականների բազմակողմանի եւ համապարփակ, սիմետրիկ վերադարձի լծակները, մեխանիզմները, փուլերը, մշակութային ժառանգության վերականգնման խնդիրներ: Ինչպես նաեւ եւ հատկապես դրանից հետո ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ եթե երկկողմանի անհրաժեշտություն կա, իրենց միջեւ սահմանների վերջնական դելիմիտացիայի, ճշգրտման հարցերը»:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ