Մեկը մյուսից ահավոր

Մեկը մյուսից ահավոր
Գյումրիում քիչ չեն բառի բուն իմաստով՝ անմարդկային պայմաններում ապրող մարդիկ: Մեկը մյուսից սարսափելի  պայմաններ, մեկը մյուսից սարսափելի ճակատագրեր: Երկրաշարժի հետեւանքով բնակարանները կորցրած մարդիկ ապաստանել են ով որտեղ պատահի: «Սլաբոդկա»  թաղամասի կարի գործարանի կիսաքանդ մանկապարտեզի փոքր-ինչ կանգուն մասն արդեն 22 տարի է՝ Սաթենիկ  Սարգսյանի ընտանիքին է ծառայում: Այնտեղ ապրում են 6 հոգով: Բառերով անհնար է նկարագրել, թե ինչ պայմաններում են ապրում: Տանիք չկա, պատուհանների փոխարեն թիթեղ են խփել:



Այդ կառույցի միակ կանգուն մասը զուգարանն է, որը եւ ծառայում է որպես ննջասենյակ: Խնդիրն այն է, որ Մուշ 2 թաղամասի նորակառույց շենքերի 1 սենյականոց բնակարանների հերթացուցակում է եղել նաեւ տիկին Սաթիկը, ով դիմում է գրել` հրաժարվելով  բնակարանից: Մեկ սենյականոցում վեց հոգով ապրել հնարավոր չէ: «Ես, ճիշտ է, երկրաշարժին մեկ սենյականոց եմ կորցրել, բայց տունս համ մեծ էր, համ էլ ես բալկոնը,  զալը կիսել դարձրել էի սենյակներ, բայց Մուշի տները էնքան  փոքր են, որ հնարավոր չէ, առանց էն էլ մի բան չեն, հմի էլ սենյակ կիսե՞ս: Ես դիմում գրեցի ու խնդրեցի, որ հրաժարվում եմ էդ բնակարանից»:



3 ամիս առաջ տիկին Սաթիկի ընտանիքին զրկել են ընտանեկան նպաստից, պատճառաբանելով՝ «դու տուն ես ստացել, այլեւս անօթեւան չես»: «Բայց չէ որ ես հրաժարվել եմ էդ տնից, էս ի՞նչ կենեն: Ինչի՞ համար երեխուս դեղի փողից մեզի կզրգեն: Թոռս  տառապում է էպիլեպսիայով, նպաստի էդ մի քանի կոպեկով դեղ կառնեինք: Հմի էլ էս մանկապարտեզը ծախել են, մեզ ասում են՝ տուն ես ստացել, գնա տունդ: Բայց ախր ես ոչ էդ տան բանալին ունեմ, ոչ էլ սեփականաշնորհման վկայական,-  լացակումած պատմում է տիկին Սաթիկը:-Սաղ տունը իմ թոշակիս հույսին մնացինք, սաղ ձմեռ ինչ պիտի անենք, ուր պիտի գնանք՝ չգիտեմ»:



Որովհետեւ մենք բոմժ ենք



Նախկին հանրակացարաններից Գյումրիում այսօր մնացել են միայն փլատակներ: Որտեղ, սակայն, ապրում են մարդիկ, որոնցից շատերն օտարված են ընտանիքից ու հասարակությունից: Նրանք մարդիկ են, ովքեր քնում են  հատակներին, սնվում են աղբի ամաններից: «Ճակատագիրը մեզ բոմժ դարձրեց: Մենք այդպիսին չենք եղել, ապրել ենք այնպես, ինչպես դուք: Մեր մասին չեն ուզում լսեն պաշտոնյաները, մենք ոչ մեկին պետք չենք, անգամ մեր հարազատներին»,-ասում են Գարեգին Նժդեհ  փողոցի վրա տեղակայված նախկին «ֆեզե»-ի շենքի  բնակիչները: Տեղը, որտեղ ապրում են այդ մարդիկ, դժվար է նկարագրել. նրանք հայտնվել են ծայրահեղ պայմաններում, բայց գիտակից, խելացի մարդիկ են, որոնք, սակայն, հարմարվել են եղած պայմաններին: Ընտելացել են այդտեղ ապրելու եւ այդտեղ մեռնելու մտքի հետ: Նրանց ճակատագիրը չի մտահոգում ոչ քաղաքային, ոչ մարզային իշխանություններին, ոչ մարդկանց: «Մեզ չեն օգնում, ասում են՝ դուք բոմժ եք»,- պատմում են նրանք:



Անժելա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ