Վտանգավոր ավանդույթ

Վտանգավոր ավանդույթ
Շաբաթներ շարունակ հայկական հեռուստաեթերը ողողված է կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների սոցիալական ուղղվածության, իրենց իսկ բնորոշմամբ՝ «միջոցառումների» լուսաբանմամբ: Կարծես զգալով վերահաս համապետական արտահերթ ընտրությունների շունչը, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն սկսել են հերթական անգամ «անվճար» հայտարարված բուժօգնություն իրականացնել մարզերում եւ Արցախում` մտնելով զավեշտի հասնող մրցապայքարի մեջ: Բազմաթիվ մասնագետներ, թողած իրենց հիմնական աշխատավայրերը եւ պատասխանատու գործառույթները, խորհրդային ժամանակներին բնորոշ կամավոր-ստիպողական սկզբունքով մեկնում են մարզեր:



Այցելություններն ուղեկցվում են կուսակցական հայտնի դեմքերի մասնակցությամբ, որոնք հեռուստախցիկների առջեւ պաթետիկ ելույթներում պարտադիր նշում են իրենց կուսակցության եւ նրա ղեկավարի դերն ու նշանակությունը միջոցառման կազմակերպման գործում: Բժշկի անչափ գնահատելի մասնագիտական գործունեությունը բժշկելու մարդասիրական գործից վերածվում է քաղաքական անընդունելի պատվեր-շոուի: Իսկ կատարված ծախսերի համեմատ ցածր արդյունավետության կարճաժամկետ այդ ակցիաները ոչ մի աղերս չունեն մարզերում առողջապահական համակարգի վատ վիճակը շտկելու կամ էլ սոցիալապես անապահով խավին օգնելու հետ:



Միջոցառումների կազմակերպիչներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ձեւավորած կոալիցիոն կառավարությունն է, որ տարիներ շարունակ իր ծրագրերում հռչակում է մարզային առողջապահության զարգացման անհրաժեշտության, բուժօգնության մատչելիության ու որակի բարելավման մասին եւ պատասխանատվություն են կրում երկրում վարվող սոցիալական քաղաքականության, մասնավորապես առողջապահական խնդիրների լուծման համար: Ուստիեւ ժամանակ առ ժամանակ կազմակերպվող այս շոուները, ըստ էության, խոստովանություն են վարվող սոցիալական քաղաքականության տապալված լինելու մասին:



Խիստ կասկածելի համարելով այս գործունեության եւ դրա ֆինանսավորման օրինականությունը, զերծ կմնանք իրավական գնահատականներ տալուց, թողնելով դա ապագա անկախ դատարանին: Այսօրինակ քայլերով ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ի չիք են դարձնում մարզային առողջապահության զարգացմանն ուղղված պետական, այդ թվում վարկային ծրագրերի իրականացման կարեւորությունը: Ավելին, այդ քայլերը լրջագույն մարտահրավեր են Սահմանադրությամբ սոցիալական եւ իրավական հռչակված Հայաստանի Հանրապետության պետականությանը, քանի որ հիմք են դնում արատավոր ու շատ վտանգավոր ավանդույթի, այն է՝ պետական գործառույթների ուզուրպացիա՝ ի շահ կուսակցական խնդիրների, ինչը կարելի է բնութագրել որպես քաղաքական կոռուպցիայի վառ դրսեւորում:



Հայ ազգային կոնգրեսի

առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնախումբ