Ասք Ռոբիկի, Սերժիկի ու Գագիկի մասին կամ 11 տարի «արդարադատության Աղվան-ստան»-ում

Ասք Ռոբիկի, Սերժիկի ու Գագիկի մասին կամ 11 տարի «արդարադատության Աղվան-ստան»-ում
Օրերս փոստարկղիս մեջ հերթական ծրարը հայտնաբերեցի։ Հնգամյակը երկուսուկես տարում ավարտած պիոների կայտառությամբ վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2010թ. նոյեմբերի 4-ի որոշմամբ վերադարձրել էր իմ քաղաքականապես մոտիվացված խոշտանգումների ու հետապնդումների փաստերով հարուցված քրեական գործը կարճելու քննիչի որոշման «օրինականության» վերաբերյալ ստորադաս դատարանի որոշման դեմ իմ վճռաբեկ բողոքը։ Ասել, թե վճռաբեկ դատարանի նման անհիմն, կամայական, արդարադատության էությունը խեղաթյուրող եւ կողմնակալ որոշումն ինձ համար անսպասելի էր, սխալ կլինի։



Ես վճռաբեկ դատարանի ընդունած նման որոշումների մի պատկառելի «հավաքածու» ունեմ։ Իմ խոշտանգումների փաստի քրգործի նախաքննական մարմնի անօրինական եւ անհիմն գործողությունների դեմ հարուցված քրեական գործով 2010թ. օգոստոսի 30-ին եւ քաղաքացիական գործով 2010թ. մայիսի 25-ին նմանատիպ 2 այլ պիղատոսական որոշումներ վճռաբեկ դատարանից արդեն ստացել էի, իսկ առաջիկա ամսում էլ սպասում եմ վնասի հատուցման պահանջով ՀՀ նախագահի, գլխավոր դատախազության, զինդատախազության ու մեկուսարանի դեմ իմ քաղաքացիական հայցով վճռաբեկ բողոքի պատասխանին։ Հիմա դրանք համակարգում եմ հետհայաստանյան իրավական գործընթացի համար։



Ինչեւէ, ամեն անհեթեթություն հանդուրժող սպիտակ թղթի վրա, արդեն սովորության համաձայն, վճռաբեկ դատարանը հերթական անգամ որպես «...օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու առումով չհիմնավորված» էր գնահատել ու վերադարձրել 71 էջի վրա շարադրված եւ ստորադաս դատարանի կատարած նյութական ու դատավարական իրավունքի, քրեական օրենքի, սահմանադրական նորմերի եւ Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերի մի քանի տասնյակ էական խախտումներ եւ դրանց վերաբերյալ հիմնավորումներ պարունակող իմ վճռաբեկ բողոքը։



Ավելին՝ երկրի նախագահի ու գլխավոր դատախազի քաղաքական պատվերը մինչեւ վերջ հասցնելու հաստատակամությամբ վճռաբեկ դատարանն այս անհիմն ու արդարադատության էությունը խեղաթյուրող որոշմամբ ըստ էության «չհիմնավորված» է հայտարարել ոչ այնքան իմ բողոքը, որքան ՀՀ Սահմանադրական դատարանի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նույնատիպ հանգամանքների վերաբերյալ  բազմաթիվ որոշումներ, որոնք ես ներկայացրել էի որպես իմ վճռաբեկ բողոքի հիմնավորումներ։ Բայց դե «արդարադատության աղվան-ստանում» Սահմանադրությունը «շեֆի» կամքն է եւ ոչ այն բրոշյուրը, որ մի 200 դրամ են գնահատել։



«Աղվան-ական ոճի արդարադատության» Հայաստանում, որտեղ դատական ակտերը գնվում ու վաճառվում են, Սահմանադրությունը, օրենքները, միջազգային պայմանագրերն ու դրանց մեկնաբանությունները ՀՀ ՍԴ-ի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների տեսքով լավագույն դեպքում կիրառելի կարող են լինել միայն 3 պայմանների առկայության դեպքում, երբ «շեֆի» կամքն անհայտ է, վճռին նախորդած «աճուրդում» էլ կողմերն «անհրաժեշտ նախաձեռնողականություն» չեն դրսեւորել եւ գործն էլ ինքնին հասարակական կամ քաղաքական հնչեղություն չի ստացել (վերջին դեպքում նույնիսկ առանց հեռախոսազանգի ավտոմատ գործում է դատավորի «ինքնապահպանման բնազդը»՝ «շեֆի» ենթադրյալ կամքը րոպե առաջ կատարած լինելու առումով)։



Իսկ որպեսզի ընթերցողին պարզ լինի, թե որքանով էր «չհիմնավորված» իմ վճռաբեկ բողոքը, դրանում ներկայացված մի քանի տասնյակ հիմնավորումներից համառոտ ներկայացնեմ 2-ը։



Իմ նկատմամբ խոշտանգումների քրգործով քրօր.-ի 341 հոդվածի 3-րդ մասով որակավորված մեղադրանքով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը 2010թ. մայիսի 31-ին Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Հ. Սարդարյանի՝ արդարադատության դեմ կատարված հանցագործության հատկանիշներ (քրօր.-ի 351 հոդված) պարունակող խայտառակ որոշմամբ դադարեցվել է իբր հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Իսկ քրգործը կարճվել էր 10 տարվա վաղեմության ժամկետն իբր անցած լինելու հիմքով։ Ակնհայտ անհեթեթություն, քանի որ քրգործով մեղադրյալների եւ ոչ միայն նրանց, այլ նաեւ շատ այլ նախկին ու ներկա պաշտոնյաների՝ իմ հանդեպ կատարած հանցագործությունները քրեական գործով լիովին ապացուցված լինելու վերաբերյալ կա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. մարտի 22-ի՝ օրինական ուժի մեջ մտած որոշում։



Բացի այդ, որ իմ խոշտանգումների մեղադրանքն ապացուցված է, այդ մասին ինձ ասել է նաեւ հենց այդ ապօրինի որոշումն ընդունող քննիչը, ընդգծելով, սակայն, որ անձամբ երկրի նախագահի ու գլխավոր դատախազի կողմից կայացվել է իմ նկատմամբ խոշտանգումների քրգործը կարճելու մասին քաղաքական որոշում եւ ինքը ոչինչ անել չի կարող։ Մի կողմ թողնելով նրա այդ տեղեկությունը, ուզում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել այլ հանգամանքների վրա։ Նախ՝ քրօր.-ի 341 հոդվածի 3-րդ մասով որակավորված մեղադրանքը քրօր.-ի 19 հոդվածի 5-րդ մասով դասվում է «առանձնապես ծանր հանցագործության» տեսակին։



Իսկ նույն օրենսգրքի 75 հոդվածի («Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցած լինելու հետեւանքով») 1-ին մասի 4-րդ կետով  «առանձնապես ծանր հանցագործության» հանգամանքները քննող քրեական գործը վաղեմության ժամկետն ավարտվելու հիմքով կարող էր կարճվել միայն հանցագործությունն ավարտվելու պահից 15 տարվա ժամկետը լրանալուց հետո (եւ ոչ թե 10, ինչպես քննիչն է արել)։ Այսինքն՝ արդեն այսքանով թե քրգործը կարճող քննիչը, թե նրա այդ որոշումն «օրինական» գնահատած գլխավոր դատախազությունը, թե ընդհանուր իրավասության, վերաքննիչ քրեական եւ վճռաբեկ դատարանները խախտել են Հայաստանի Հանրապետության օրենքը։



Ավելին, 2010թ. մայիսի 31-ին քննիչի որոշմամբ իմ հանդեպ կիրառված խոշտանգումների քրգործի կարճումը զուգակցվել է գործով ներգրավված երեք մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմամբ քրդատօր.-ի 35 հոդվածի 2-րդ մասով՝ կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունն իբր ապացուցված չլինելու պատճառաբանությամբ։



Ուշագրավ է, որ ՀՀ ՍԴ-ն 2010թ. մարտի 30-ի իր որոշմամբ, անդրադառնալով քրդատօր.-ի 35 հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդման դադարեցման դեպքերին, հստակ արձանագրել է, որ այդ հիմքով քրեական հետապնդումը կարող է դադարեցվել միայն կոնկրետ անձի նկատմամբ, սակայն քրեական գործը չի կարող կարճվել, քանի որ այդ հիմքի առկայության դեպքում կատարված հանցագործության առկայությունը համարվում է հիմնավորված, եւ գործի կարճումը տուժողի (տվյալ դեպքում իմ) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի սահմանադրական իրավունքի ակնհայտ խախտում է։



Մեկ այլ օրինակ։ Հոկտեմբերի 27-ի գործով ես արդարացված եմ։ Ինչի մասին նշվում է նաեւ թե իմ խոշտանգումների գործը կարճելու վերաբերյալ քննիչի 31 մայիսի 2010թ.  հանցավոր որոշման մեջ եւ թե այդ որոշման դեմ տարած իմ բողոքի վերաբերյալ գլխավոր դատախազության ու տարբեր ատյանների դատարանների ընդունած որոշումների տեքստերում։ Ավելին, 2010թ. մարտի 30-ին էլ ՀՀ զինդատախազը ինձնից, որպես արդարացվածից, գրավոր ներողություն է խնդրել հոկտեմբերի 27-ի գործով զինդատախազության կողմից ինձ ապօրինաբար ձերբակալելու կապակցությամբ։



Այսինքն, իմ արդարացված լինելու իրավաբանական փաստը աներկբա ճանաչվում է նրանց բոլորի կողմից։ Իսկ խոշտանգումների գործով ես նախաքննության մարմնի որոշմամբ ճանաչված եմ տուժող եւ քաղհայցվոր։ Դա նույնպես իրավաբանական փաստ է։ Հայաստանի Սահմանադրությունը, քրեադատավարական օրենսդրությունը եւ մի շարք միջազգային պայմանագրեր նախատեսում են, որ քրգործով արդարացվածին եւ քրգործով տուժողին հատուցվում են քրեական գործի ընթացքում եւ հետեւանքով նրանց կրած բոլոր վնասները։ Եվ այդ վնասները տուժողին հատուցում է ինչպես նախաքննության մարմնի, այնպես էլ դատախազի կամ դատարանի որոշմամբ։



Իմաստ ունի՞ ասել, որ չնայած իմ՝ արդարացվածի եւ տուժողի իրավական կարգավիճակների ճանաչմանը, թե՛ նախաքննական մարմինը, թե՛ գլխավոր դատախազությունը, թե՛ ընդհանուր իրավասության, թե՛ քրեական վերաքննիչ եւ թե՛ վճռաբեկ դատարանները մի խիստ բացատրելի բութ համառությամբ հրաժարվել են ինձ վճարել 2 քրեական գործերի ընթացքում ու հետեւանքով 11 տարի շարունակ ինձ պատճառված նյութական, առողջական, գույքային եւ բարոյական վնասները։  Վնասներ, որոնց հատուցումը ինձ Սահմանադրության ու օրենքների ուղղակի եւ տառացի պահանջն է։



Բայց դե, «արդարադատության աղվան-ստանում» օրենքներն ու Սահմանադրությունը առաջին խախտողները հենց քննիչը, դատախազն ու տարբեր մակարդակի դատարանների դատավորներ են։ Որոնց ապօրինի դատաիրավական ակտերը կանխորոշվում են երկրի նախագահի ու գլխավոր դատախազի պաշտոններն զբաղեցնող անձանց հանցավոր որոշումներով։



Ու այդպես էլ սահուն հոսում է կյանքը «արդարադատության աղվան-ստանում», ուր ոչ քննիչն է քննիչ, ոչ դատախազն է դատախազ, դատավորն էլ դատավոր չէ, ու նախագահն էլ չգիտես թե ինչ է։ Բայց բոլորը գոհ են, չաղ, ուրախ ու բախտավոր։



Նաիրի ԲԱԴԱԼՅԱՆ

ՀՀ քաղաքացի, քաղաքական ապաստանյալ ԱՄՆ-ում