Ի՞նչն է խանգարում ԶԼՄ-ների ազատությանը

Ի՞նչն է խանգարում ԶԼՄ-ների ազատությանը
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից անցկացված փորձագիտական հետազոտությունը ցույց տվեց, որ հայաստանյան լրատվամիջոցները գտնվում են  մասնակի ազատից անազատների շարքն անցնելու եզրագծին: Եթե խոսենք ԶԼՄ-ների գործունեության բացառապես իրավական դաշտին վերաբերող խնդիրների մասին, ապա պետք է ասենք, որ եթե ընդհանուր առմամբ օրենսդրությունը բավականին բարենպաստ է (բացառությամբ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի), ապա այն նորմերը եւ իրավունքները, որոնք ամրագրված են օրենքներում, իրենց կիրառման առումով շատ թերի են:



Այսինքն ամրագրված իրավունքները գործնականում շատ վատ են կիրառվում: Իրավական առումով ԶԼՄ-ների գործունեությունը գնահատվել է մասամբ ազատ: Այստեղ աշխատանքներ պետք է տարվեն եւ օրենքների բարելավման ուղղությամբ, բայց ավելի շատ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն օրենքները կիրառելու համար: Այսինքն՝ օրենքի առջեւ պետք է հավասար լինեն բոլորը, եւ եթե լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքները խախտվում են, ապա մեղավորները պետք է պատիժ կրեն, ինչը  մենք հաճախ չենք տեսնում, գրեթե չենք տեսնում:



Բռնությունները ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ, որոնք տեղի են ունենում եւ որեւէ արձագանք իշխանությունների եւ իրավապահների կողմից չեն ստանում, փաստորեն, հող են ստեղծում նոր իրավախախտումների համար: ԶԼՄ-ների հրապարակումների բովանդակության վրա ներազդում են նաեւ տարբեր քաղաքական ուժերի կամ առանձին խմբերի շահերը: Դա է պատճառը, որ ԶԼՄ-ների գործունեության քաղաքական միջավայրը նույնպես գնահատվել է մասամբ ազատ: Այստեղ թաքնված «գրաքննություն» հասկացության դեմ պետք է պայքար մղվի:



Առաջին հերթին լրագրողները, լրատվամիջոցները պետք է աշխատեն հաղթահարել այդ ճնշումը: Չնայած օրենսդրությամբ գրաքննությունը մեզ մոտ արգելված է, բայց թաքնված ձեւով ճնշումներ՝ հրապարակած նյութերի բովանդակության վրա ազդելու նպատակով, լինում են, եւ լրագրողները դա զգում են: Լրագրողները պետք է իշխող մեխանիզմներ գտնեն դրա դեմ պայքարելու նպատակով: Դա եւ լրագրողական համայնքի խնդիրն է, եւ քաղաքացիական հասարակության, եւ քաղաքական ուժերի: Եթե մենք ուզում ենք ունենալ ազատ լրատվամիջոցներ, ապա թաքնված գրաքննությունը, որը լուրջ մարտահրավեր է լրագրողական հանրության համար, պետք է հաղթահարվի:



Լրատվամիջոցների գործունեության տնտեսական պայմաններն անազատ են: Այսինքն ֆինանսական գործունեությունը ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում չի իրականացվում, չկա բարենպաստ պայմաններ արդար մրցակցության համար, իրենց բիզնեսը զարգացնելու համար: Հեռարձակվող լրատվամիջոցները, օգտվելով իշխանությունների, պետության հովանավորությունից, ամբողջ գովազդային շուկան վերցրել են իրենց ձեռքը, դրանով իսկ «մինիմումի» հասցնելով տպագիր մամուլի եւ ինտերնետային հրապարակումների բաժնեմասը: Այս երեք դաշտերի գնահատականների հանրագումարը ցույց տվեց, որ հայաստանյան լրատվամիջոցները մասնակի ազատներից անազատների անցնելու վտանգավոր եզրագծին են:



Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ