Ասում եմ՝ չգիտեմ

Ասում եմ՝ չգիտեմ
Չնայած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է, որ «քաղաքական դաշտում ամեն մեկը ամեն մեկի մրցակից է, սա դրված է քաղաքական պայքարի մեջ», բայց եթե հասարակությունը, հանրությունը եւ ընդդիմությունը ուզում են ունենալ հաջողություն, ապա Հայ ազգային կոնգրես-ՀՅԴ-«Ժառանգություն» եռյակը եւ «հատկապես հասարակական հատվածը» պետք է  համագործակցության եզրեր գտնեն: «Եթե ոչ՝ քաղաքական բեկումնային արդյունք մենք չենք տեսնելու»,-համոզմունք հայտնեց Հովհաննիսյանը:



Նա անհրաժեշտություն է համարում նաեւ ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսությունը, սակայն իր պատկերացրած երկխոսության նախադրյալներ այսօր չի տեսնում. «Ես կողմնակից եմ առանց նախապայմանների՝ բոլորի կողմից երկխոսության»:  Հովհաննիսյանի խոսքով՝ ապագա խորհրդարանում «կհայտնվեն  հին ուժերը եւ մեկ-երկու նոր ուժ»: Թե ովքեր կլինեն այդ «նոր ուժերը», Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Չնայած Հայաստանում «չգիտեմ»-ը մոդա չէ, բայց ես ասում եմ` չգիտեմ»: «Ժառանգության» ղեկավարը նշել է նաեւ, որ հաջորդ տարվանից նախընտրական գործընթացները կլինեն ավելի ակտիվ:



«Կարծում եմ՝ հաջորդ տարվանից կտեսնեք բյուրեղացում, եւ քաղաքական ուժերն ավելի սառը դատողությամբ կկատարեն ինքնագնահատական եւ հաջողության հասնելու հնարավորություն կստեղծեն»,-հավելել է Րաֆֆի Հովհաննիսյանը: