Առաջիկայում հրաժարական կտա նաեւ ԱԺ նախագա՞հը

Առաջիկայում հրաժարական կտա նաեւ ԱԺ նախագա՞հը
«Առաջին հերթին առաջիկայում՝ ընտրություններից առաջ, հրաժարական կտա ԱԺ նախագահը: Դա պայմանավորված կլինի ընտրական կամպանիայում ուժերի վերադասավորությամբ եւ քաղաքական կերպարանափոխությամբ: Հանրապետականը քաղաքական մետամորֆոզի գործընթաց է սկսել, համենայնդեպս իրողությունները այդ են վկայում»,-կարծում է մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Շարունակելով մեր հարցախույզը կադրային փոփոխությունների հետ կապված՝ Դավիթ Հակոբյանից եւ մի շարք այլ քաղաքական գործիչներից հետաքրքրվեցինք՝ եթե իրենք լինեին նախագահ, ո՞ւմ կազատեին աշխատանքից:



Որքան էլ հետաքրքիր է՝ եւ նախորդ հրապարակման ժամանակ, եւ այս անգամ հարցվածների մեծամասնությունը նշում էր տնտեսական ոլորտը եւ տնտեսական ոլորտի պատասխանատուներին: «Այսօր ուղղակի պատմական անհրաժեշտություն է սկզբունքորեն նոր տնտեսական քաղաքականություն սկսելը: Այս կապակցությամբ առաջին հերթին պետք է թարմացվի գաղափարական վարդապետությունը եւ նոր գաղափարական վարդապետներ պետք է առաջ գան: Նախագահը պետք է ձեւավորի նոր գաղափարական շքախումբը: Ես բազմիցս տնտեսական ֆորումների ժամանակ հուշել եմ նախագահին այդ մասին: Սոցիալական պոռթկումն ամեն վայրկյան սպասելի է»,-ասաց մարքսիստը:



Դաշնակցական Արծվիկ Մինասյանն էլ, անդրադառնալով վերջին իրադարձություններին, ասաց. «Չեմ ուզում անդրադառնամ քաղաքապետի հրաժարականին, դա ավելի շատ իրենց անձնական հարաբերությունների հարցն է: Ինչ վերաբերում է Գեւորգ Դանիելյանին, ապա ես ասում եմ, որ, ցավոք, կառավարությունում քիչ կան այնպիսի պրոֆեսիոնալ եւ պարկեշտ մարդիկ, ինչպիսին Գեւորգ Դանիելյանն էր: Եվ ամենեւին նա չէ պատճառը այն ձախողումների, որոնք արձանագրել է կառավարությունը: Ես կարծում եմ, որ կառավարությունն ունի կոնկրետ պատասխանատուներ, ովքեր որ ձախողել են Հայաստանի զարգացմանը վերաբերող բարեփոխումները:



Կոնկրետ կառավարության ղեկավարը: Կոնկրետ անձանց հրաժարականը չի կարող փոփոխել համակարգը»: Ապա հավելեց, որ այս կադրային փոփոխությունները դեռ ոչինչ չեն նշանակում. «Համակարգային փոփոխության համար անհրաժեշտ են նոր որակի իշխանություններ կամ առնվազն իշխանության որակական փոփոխություններ: Այս ընթացիկ խնդիրները մեծ քաղաքականության հետ կապելը ճիշտ չէ: Ես Հայաստանում փոփոխության նշույլներ դեռ չեմ տեսնում: Իսկ այս առանձին ազատումներն ու նշանակումները որեւէ ձեւով կապված չեն այն ձախողումների հետ, որոնք արձանագրել են իշխանությունները երկրի զարգացման գործում»:



Իսկ ահա Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը չհրաժարվեց կոնկրետ անուններ նշելուց: «Առաջինը տնտեսական բլոկի ներկայացուցիչները՝ Տիգրան Սարգսյան, Ներսես Երիցյան եւ այլոք, որովհետեւ նրանք ձախողվել են, Աղվան Հովսեփյան, Ալիկ Հարությունյան: Այդպիսի մարդկանց շարքը շարունակական է»,-ասաց նա: Հմայակ Հովհաննիսյանը երկրում տիրող այս փոփոխությունները համարում է ընտրություններից առաջ ձեռնարկվող քայլեր: Նա ոչ միայն կոնկրետ անուններ նշեց, այլեւ հետաքրքիր կանխատեսում արեց. «Ես կանխատեսում եմ ոչ միայն հրաժարականներ, այլեւ շատ հնարավոր մի իրավիճակ, որ կցրվի Ազգային ժողովը:



Այսինքն Սերժ Սարգսյանը կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Նա շահագրգռված է, որպեսզի խորհրդարանական ընտրությունները լինեն արտահերթ եւ լինեն գարնանը, որպեսզի դրանից հետո ինքը հասցնի ձեւավորել կառավարություն, հաղթահարել հետընտրական ապակայունացումը, հասցնի վերցնել իրավիճակը սեփական վերահսկողության տակ եւ մեկ տարի հետո, նորմալ պայմաններում կանխորոշի նախագահական ընտրությունների արդյունքները»:



Դուրս եկանք փողոց եւ առաջադրված հարցի հետ կապված փորձեցինք լսել նաեւ հասարակ քաղաքացիների կարծիքներ: Հետաքրքիր է, բայց շատերն անգամ չէին ցանկանում հայտնվել Սերժ Սարգսյանի տեղում, բայց անուններ, ամեն դեպքում, նշում էին՝ Տիգրան Սարգսյանից մինչեւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան ու վճռաբեկ դատարանի նախագահ: Իսկ մի քաղաքացի, չցանկանալով թվարկել բոլորի անունները, ասաց. «Դրանց բոլորին էլ պետք է ազատել: Բոլորին անխտիր պետք է փոխել»: