ՀՀԿ Խորհուրդն այսօր նիստ է անելու

ՀՀԿ Խորհուրդն այսօր նիստ է անելու
Այսօր ՀՀԿ-ն խորհրդի նիստ կհրավիրի՝ որոշելու Երեւանի քաղաքապետի թեկնածուին: Ավելի ճիշտ՝ թեկնածուն արդեն որոշված է, մնում է հանրապետականները հաստատեն. Երեւանի հաջորդ քաղաքապետը «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանն է: Այնուամենայնիվ, երեկ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ-ն գործկոմի նիստ է գումարել ու որոշել այսօր հրավիրել խորհրդի նիստ: Ճիշտ է, հանրապետականների սրտով էր Տարոն Մարգարյանի ընտրությունը, ով յուրային է, ավելի հեշտ կառավարելի եւ կանխատեսելի, սակայն նրանց բոլոր ջանքերը, փաստորեն, ապարդյուն անցան: Այդ առթիվ հանրապետականները մի քիչ շփոթված են, թեեւ այսօր միահամուռ ընտրելու են Կարեն Կարապետյանին:



Ինչեւէ, Մոսկվայից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը չլսեց հանրապետականներին ու որոշեց, որ Երեւանի հաջորդ քաղաքապետը լինելու է Կարեն Կարապետյանը: Կարելի է նկատել՝ հանրապետականների համար Սերժ Սարգսյանի որոշումն անակնկալ էր: Սակայն, որքան մեզ է հայտնի, ժամանակին Գագիկ Բելգարյանի թեկնածությանը դեմ է եղել ՀՀԿ-ի մեծ մասը, բայց Սերժ Սարգսյանը որոշել էր հենց նրան առաջադրել: Դրանից հետո Գագիկ Բեգլարյանն իր շրջապատում հայտարարում էր, թե արդարացնելու է իրեն, քանի որ իրեն վստահել է հենց Սերժ Սարգսյանը: Այժմ Սերժ Սարգսյանը որոշել է առաջադրել Կարեն Կարապետյանին: Ուշագրավ է, որ որոշ պատգամավորներ համոզված են, որ Բեգլարյանի գլխին սարքվել է այս ամենը, որ Կանդայանին ոչ ոք չի գողացել, որ ծեծ չի եղել: Ավելին, ԱԺ-ում ոմանք «միամիտ արարք» են որակում Արմեն Կանդայանի հետ կատարվածը:



Կարեն Կարապետյանի մասին հայտնի է, որ նա ծնունդով ղարաբաղցի է: Նրան «ՀայՌուսգազարդի» տնօրեն է դարձրել Ռոբերտ Քոչարյանը: Տեղեկություններ են շրջանառվում, որ Կարեն Կարապետյանը Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի բարեկամն է, թեեւ դրանք ստույգ չեն: Ի դեպ՝ Կարապետյանը կարողացել է լեզու գտնել ռուսների հետ եւ 40 հազար դոլար աշխատավարձ է ստանում «ՀայՌուսգազարդում»՝ բնականաբար, հայ սպառողների հաշվին: Հայտնի է, որ նա ճոխ կյանքի սիրահար է, բայց նաեւ ինտելեկտուալի համարում ունի: Այսօր Կարապետյանը հանրապետական է: Ճիշտ է, հանրապետականների շրջանում նա այնքան էլ չի ընկալվում որպես յուրային:



Երեկ մեր հարցին՝ եթե Կարեն Կարապետյանը դառնում է  քաղաքապետ, դա չի՞ նշանակում, որ ՀՀԿ-ն Երեւանը հանձնում է քոչարյանական թիմին, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինչի՞ եք մտածում, որ Քոչարյանը մեզանում վատ ա ընդունվում եւ եթե Քոչարյանի մարդը լինի, կամ իրա հավանած մարդը որ լինի, դա ինչ-որ մի մեծ եսիմ ինչ ա»: Իսկ դա չի՞ նշանակում, որ ՀՀԿ-ն հաջորդ ընտրություններում կարող է զրկվել Երեւանի որոշիչ ընտրազանգվածից, Գալուստ Սահակյանը խրոխտ պատասխանեց. «Երբեք չմտածեք, որ որեւէ նախարարի, քաղաքապետի կամ գյուղապետի ուսերին է ծանրացած Հանրապետականի հետագա ուղին»:



Այս պարագայում ուշագրավ է ԲՀԿ-ի արձագանքը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը: Քաղաքապետի թեկնածուների առթիվ ԲՀԿ-ն որոշակի անտարբերություն է դրսեւորում: Բեգլարյանի հրաժարականից հետո ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խմբակցության նիստ է հրավիրել, եւ քաղաքապետի թեկնածուների առթիվ որեւէ արձագանք չի եղել: Ծառուկյանը Բեգլարյանի մասով միայն նկատել է, թե «քցելը ՀՀԿ-ի ձեռագիրն է», հիշեցնելով, որ ժամանակին ՀՀԿ-ն իրենց քցեց. քաղաքապետի ընտրությունների ժամանակ 3-4 թաղապետի պաշտոն խոստացավ` չտվեց, 2 տեղակալի պաշտոն խոստացավ՝ չտվեց, խոստացավ, որ լցոնումներ, կեղծիքներ չեն լինի` խոստումը չպահեց: Դեկտեմբերի 17-ի նիստում Երեւանի ավագանին քաղաքապետ է ընտրելու: Հետաքրքիր նիստ է սպասվում: