Բոյկոտը շարունակեց «Ժառանգությունը»

Բոյկոտը շարունակեց «Ժառանգությունը»
Բոյկոտային տրամադրությունը երեկ խորհրդարանի արտահերթ նիստում շարունակվեց: Նիստը գումարվել է կառավարության առաջարկով: Այս անգամ 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց «Ժառանգությունը»: Ուշագրավ է, որ Դաշնակցության ֆրակցիան, որը երեկ դժգոհել էր «օրենքներ սղղացնելու» կառավարության գործելաոճից ու հայտարարել, թե չի մասնակցելու արտահերթ նստաշրջանի աշխատանքներին, երեկ նիստի սկզբում ներկա էր դահլիճում:



Գնալ-հետ գալու առթիվ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ արտահերթ նիստերին չմասնակցելու մասին իրենց երեկվա հայտարարությունը հիմնավորված էր, քանի որ իրենք «Պետական գնումների մասին» օրինագծի վերաբերյալ առաջարկություններ են ուղարկել կառավարությանը, որը մերժել է դրանք: Հովհաննիսյանը կրկնեց, որ այսքան կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ լիարժեք ծանոթանալ նախագծերին: «Եվ բնական է, քանի որ մի քանի ժամում կառավարությունը չէր կարող լուրջ քննարկեր մեր առաջարկները եւ բավարարեր»,-հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:



ՀՅԴ ներկայացուցիչը չմոռացավ շնորհակալություն հայտնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որը երեկ կիսել էր իրենց մտահոգությունները եւ հանդիպել ու լսել էր պատգամավորներին: Հովիկ Աբրահամյանն իր հերթին հայտարարեց, որ երեկ երեկոյան ինքը ստացել է ՀՅԴ-ի առաջարկները ու փոխանցել կառավարությանը, որը կպատասխանի նրանց մտահոգությանը:



20 րոպե ընդմիջում խնդրելով, կառավարության աշխատանքներից դժգոհեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Անահիտ Բախշյանը ԱԺ նախագահության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրենքի նախագծերը քննարկվում են ընթացակարգային լուրջ խախտումներով, եւ ինքն առնվազն երեք նախագծի մասին կարող է նշել: «Ես դեմ եմ որեւէ օրենքի նախագիծ կոծկելուն»,- իր հերթին հայտարարեց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, թե կողմ է, որ պատգամավորները ծանոթանան բոլոր նախագծերին:



Նա նաեւ հայտարարեց, թե  կազմակերպչական բոլոր հարցերը պատրաստ է լուծել, որպեսզի լինեն աշխատանքային քննարկումներ եւ կառավարությունը կարողանա պատասխանել պատգամավորներին մտահոգող հարցերին: «Ժառանգությունը» երեկ առաջարկել էր կառավարությանը հետ վերցնել «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» նախագիծը: Կառավարության պատասխանը տվյալ հարցի կապակցությամբ ստանալու համար 20 րոպե ընդմիջում հայտարարվեց: Դրանից հետո ԱԺ-ն շարունակեց քննարկումները համարյա դատարկ դահլիճում. ընդմիջումից հետո ՀՅԴ-ն չկար, իսկ ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից շատ քիչ մարդ կար: «Ժառանգությունն» էլ հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկություններին: