ԲՀԿ-ն պատրաստվում է վճռական գործողությունների

ԲՀԿ-ն պատրաստվում է վճռական գործողությունների
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ կրքերը շարունակում են եռալ: Մամուլն արդեն անդրադարձել է այն խնդրին, որ կոալիցիոն գործընկերները պահանջում են ԲՀԿ-ից այսօր արդեն արտահայտվել 2013-ի նախագահական ընտրություններում իր «տեսլականի» մասին: Այսինքն՝ հայտարարել, որ սատարելու են Սերժ Սարգսյանին, հակառակ պարագայում կարող է քննության առարկա դառնալ նրանց՝ կոալիցիայում մնալ-չմնալու հարցը: Սակայն ԲՀԿ-ն հրաժարվում է հայտարարություն անելուց, ասելով, որ իրեն ՕԵԿ-ի հետ չշփոթեն, եւ փորձում է այդ պահը հետաձգել մինչեւ խորհրդարանական ընտրություններ՝ 2012 թվական:



Միտքն այն է, որ եթե այդ ընտրություններում շատ ձայն հավաքեն, հնարավոր է՝ նախագահի ընտրություններում ԲՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով, որը, բնականաբար, Սերժ Սարգսյանը չի լինի: Սակայն գործող իշխանությունը ստիպում է կողմնորոշվել հիմա: Մամուլում հրապարակումներ եղան, որ վերջերս «Նոյ» գինու-կոնյակի գործարանում ԲՀԿ ակտիվի ժողով է եղել, որի ժամանակ հենց այս հարցն են քննարկել, եւ անգամ հրապարակում եղավ, որ որոշել են պաշտպանել Ս. Սարգսյանի թեկնածությունը: Ինչին անմիջապես հաջորդեց հերքում ԲՀԿ-ի կողմից, որ նման բան չի եղել:



Եվ իրականում, մեզ հասած տեղեկություններով, նշված քննարկման ժամանակ ճիշտ հակառակ տեսակետն է իշխել եւ որոշում է կայացվել՝ ճնշումն ուժեղացնելու դեպքում ինքնակամ դուրս գալ կոալիցիայից եւ բացահայտ պատերազմ հայտարարել գործող իշխանությանը: Անգամ ժամկետներ են որոշվել: Իսկ սա մի բան է նշանակում՝ առաջիկայում Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կարող է չափազանց սրվել: