Գյուղատնտեսության ու բնապահպանության նախարարներն է՞լ

Գյուղատնտեսության ու բնապահպանության նախարարներն է՞լ
Երեկ մամուլը լի էր հրաժարականների եւ նոր նշանակումների մասին լուրերով: Կեսօրին իմացանք, որ աշխատանքիցազատվել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, որը, սակայն, փողոցում չի հայտնվի. նախագահականում երեկ քննարկվում էր նրա հարցը: Երիցյանին կամ կառաջարկեն ՀՀ նախագահի տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնը՝ վերջերս Համահայկական բանկի նախագահ նշանակված Վահրամ Ներսիսյանցի փոխարեն, կամ՝ Կենտրոնական բանկի փոխնախագահի` Վաչե Գաբրիելյանի փոխարեն:



Իսկ լեզվաբան Վազգեն Գաբրիելյանի որդին եւ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Վահե Գաբրիելյանի եղբայրը՝ Վաչեն, կնշանակվի ֆինանսների նախարար: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն էլ կհանգրվանի էկոնոմիկայի նախարարի աթոռին: Խոսվում էր, որ աշխատանքից կազատվի նաեւ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, թեեւ նրա կուսղեկավար Արթուր Բաղդասարյանը, ըստ հավաստի տեղեկությունների, համառորեն դիմադրում է այս պաշտոնաթողությանը: Հաջորդ զոհը, ըստ լուրերի, լինելու է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Եվ հնարավոր է, որ բանը հասնի նաեւ մշակույթի նախարարին: Նշանակումների հարցը երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀԿ քաղխորհրդին: