Մինչեւ չկպնենք Ադրբեջանի գրպանին, հարցը չի լուծվի

Մինչեւ չկպնենք Ադրբեջանի գրպանին, հարցը չի լուծվի
«Միայն հայերը չունեն խաչքարեր, այո, դա իրականություն է, ուդիները նույնպես ունեն»,- ի պատասխան Ադրբեջանի տարածած ստահոդ հայտարարությունների, թե խաչքարերը ոչ թե հայկական ծագման մշակութային արժեքներ են, այլ ուդիական, «Հայելի» ակումբում հայտարարեց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, հավելելով, սակայն, որ ուդիները դաղստանյան ժողովուրդ են, ովքեր հարյուրամյակներ ի վեր կրել են հայկական մշակույթը, դավանել Հայ առաքելական եկեղեցուն:



«Ուդիական գյուղերին մերձ հնավայրերում կան խաչքարեր, որոնք ունեն մեզ ծանոթ հորինվածքը: Նկատենք, որ դրանք միմիայն հայերեն արձանագրություններով են»,- նշեց նա: «Ապացուցելու կարիք չկա, որ խաչքարը մերն է, դա ողջ աշխարհը գիտի»,-ասում է հուշարձանագետը` վկայակոչելով այն փաստը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական խաչքարերը հռչակել է իր ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող արժեք: Ջուղայի խաչքարերը դեռ 1960-ականներից են սկսել ավերել, եւ դրանց պահպանման խնդրով ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա հույս դնելը Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն «անհույս գործ է համարում»:



«Խաչքարը մերն է, բայց պետք է ամենօրյա աշխատանք տանել, պետք է բազմալեզու տպագիր գրքեր  հրատարակել խաչքարի՝ մերը լինելու մասին եւ անընդհատ կրկնել եւ անընդհատ կրկնել»,- նշեց Մկրտիչ Մինասյանը: Վերջինիս  համոզմամբ` այս հարցը Հայաստանը պետք է պետական մակարդակով լուծի՝ հակադարձելով ադրբեջանական քարոզչությանը. «Ադրբեջանը հսկակայական գումարներ է ծախսում  ճանաչողական գրքեր հրատարակելու համար, իսկ մե՞նք...»:



Բանախոսներն ահազանգում են նաեւ, որ թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են ոչնչացնել հայկական հուշարձանները:  «Հյուսիսային Արցախի, Նախիջեւանի տարածքի հուշարձանները ադրբեջանցիների ձեռքով շարունակվում են ոչնչացվել»,-նշում է Սամվել Կարապետյանը: Ըստ նրա` այս բարբարոսություններին վերջ տալու համար հայկական կողմը պետք է վճռական քայլերի դիմի:



«Ամենալավ տարբերակը ամեն մի ավերված հուշարձանի համար հայկական կողմից դատական հայց ներկայացնելն է, մի բան, որ մենք չենք արել: Այսօր միայն Ջուղայից ենք խոսում, բայց Նախիջեւանի խորքերում գտնվող բոլոր հուշարձաններն էլ ոչնչացվել են»,-ասում է հուշարձանագետը` հավելելով. «Մինչեւ մենք չկպնենք Ադրբեջանի գրպանին, այս հարցը չի լուծվի»: Կարապետյանը նշեց նաեւ, որ կազմակերպության հավաքած փաստերը գրքի տեսքով կհրատարակվեն հաջորդ տարեսկզբին: Նրա հավաստմամբ` իրենք ունեն Մարտունաշենի, Գետաշենի եւ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող այլ հայկական բնակավայրերում գտնվող հայկական հուշարձանների ավերման մասին փաստեր:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ