Արցախի կառավարությունը տեղափոխվում է նոր շենք

Արցախի կառավարությունը տեղափոխվում է նոր շենք
Տարիներ առաջ Անուշավան Դանիելյանը, նշանակվելով Արցախի վարչապետի պաշտոնում, անմիջապես քննադատել էր իր նախորդներին՝ Ստեփանակերտի կենտրոնական մասում կամրջի շինարարություն սկսելու համար, եւ նշել, որ աղքատ Ղարաբաղի պայմաններում դա ավելորդ միլիոնների վատնում է։ Մի քանի տարի հետո, մոռանալով իր վերաբերմունքն այդ կամրջի նկատմամբ, նա ժպտերես ղեկավարել է նորաբաց կամրջի բացման, հատկապես կարմիր ժապավեն կտրելու արարողությունը։



Իսկ իր ղեկավարության վերջին տարիներին նա աղքատ Ղարաբաղի պետբյուջեից մի մեծ եւ կլորիկ գումար է դուրս գրել՝ Ազգային ժողովի եւ կառավարության նոր շենքեր կառուցելու համար։ Ազգային ժողովի շենքը եկեղեցի է հիշեցնում, բավական օրիգինալ կառույց է, շահագործման է հանձնվել երեք տարի առաջ, դեռեւս Ա. Դանիելյանի պաշտոնավարման ժամանակ։



Արցախի նոր իշխանությունները շարունակում են իրենց նախորդների ավանդույթները։ Կառավարության նոր շենքը, չնայած շրջակայքում դեռեւս շինարարական աշխատանքներ են գնում, արդեն ընդունել է իր առաջին «բնակիչներին»՝ մի քանի տասնյակ բաժնի պետերի, բաժնի վարիչների ու կառավարական աշխատողների։ Ղարաբաղի նոր տերերն անշուշտ չէին կարող կիսատ թողնել իրենց նախորդների սկսածը, բայց որ վերջիններս լավագույնս շարունակում են «շքեղ ապրելու» նրանց ապրելաոճը, ոչ մի կասկած չկա։



Կառավարության նոր շենքը շռայլորեն կահավորված է ընտիր ու թանկարժեք կահույքով։ Բաժնի վարիչների եւ  պետերի աշխատասենյակներին կնախանձեն եվրոպական զարգացած երկրների պաշտոնյաները, իսկ ավելի բարձր տրամաչափի չինովնիկների առանձնասենյակներում իրենց գլուխը կկորցնեն անգամ ամենահարուստ երկրների նրանց կոլեգաները։ Կառավարության նոր շենքի շինարարության եւ շքեղ կահավորանքի վրա թերեւս այնքան գումար է ծախսվել, որ դրանով առնվազն մի քանի հազար դրամով կարելի էր բարձրացնել արցախցիների կենսաթոշակը։ Բայց, ինչպես Արցախի նախկին վարչապետն է իմաստնորեն ասել՝ ժողովրդի կենսաթոշակը մի քանի հազար դրամով բարձրացնելը ոչինչ չի փոխում, իսկ ԱԺ եւ կառավարության նոր շենքերը երեւացող բաներ են...



Արցախի կառավարության բազմաթիվ աշխատակիցներ Ամանորը նշելու են նոր շենքում, իսկ նոր տարում գործադիրն իր որոշումներն ամբողջությամբ կկայացնի շքեղ նորակառույցում։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ