Այդ որոշման հեղինակները երկրի թշնամին են

Այդ որոշման հեղինակները երկրի թշնամին են
«Այս անգամ մի փոքր հույս կար, որ հնարավոր է ինչ-որ բան փոխվեր, բայց նորից հուսախաբ եղանք»,- երեկ ՀՌԱՀ-ի մրցույթից հետո Երեւանի փողոցներում մեր հարցախույզի ժամանակ հայտարարեց մի քաղաքացի՝ «Ա1+» հեռուստաընկերությանը կրկին եթեր չտրամադրելու կապակցությամբ՝ շարունակելով. «Ես վրդովված եմ իշխանության պահվածքից: Ի՞նչ է նշանակում, որ նախագահականում նստած մի քանիսը պետք է որոշեն՝ ես անկախ հեռուստատեսություն նայեմ, թե ոչ: Եթե հիմիկվանից փակում են եթերը, նշանակում է, չեն ուզում նորմալ ընտրություն լինի էս երկրում, չեն ուզում էս երկիրը պետություն դառնա: Կարծում եմ՝ էդ որոշման հեղինակները պետք է պատասխան տան: Ինչքա՞ն սպասենք փոփոխության: Էդ որոշման հեղինակները առաջին հերթին էս պետության թշնամիներն են»:



Երեկ, երբ այցելեցինք «Ա1+», լրագրողները բավական տխուր էին, ասացին, թե մի փոքր հույս կար, որ հնարավոր է այս անգամ իրենց թույլատրեին եթեր վերադառնալ: Քաղաքացիներ էին զանգահարում «Ա1+», իրենց զորակցությունը հայտնում նրանց եւ տարակուսանք ու վրդովմունք արտահայտում եթեր չտրամադրելու հետ կապված: Նշենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկ կրկին զրկեց «Ա1+»-ին եթեր վերադառնալու հնարավորությունից: ՀՌԱՀ-ի 7 անդամները` Գրիգոր Ամալյանը, Ժիրայր Դադասյանը, Սիմավոն Անդրեասյանը, Արմեն Մկրտչյանը, Արամ Մելքոնյանը, Հայկ Քոթանյանը եւ Կորյուն Առաքելյանը, «Ա1+»-ի փաթեթը գնահատեցին 0, «Արմնյուզ»-ինը` 6: ՀՌԱՀ անդամներից Արա Թադեւոսյանը համարձակվեց 2 գնահատել «Ա1+»-ի փաթեթը:



Երեկ կեսօրին մեզ հետ զրուցած քաղաքացիներն արդեն տեղյակ էին ՀՌԱՀ-ի որոշումից եւ բավական բացասական էին գնահատում այն: «Շատ վատ է իհարկե, որ չի լինելու գոնե մի ազատ հեռուստատեսություն: Ես էլ էի տրամադրված, որ Եվրոպայի կարծիքից հետո գոնե ինչ-որ բան կփոխվի, բայց չի փոխվում Հայաստանում ոչինչ, նույն վիճակն է մամուլի եւ հեռուստատեսության հետ կապված: Իշխանական լծակների հետ «Ա1+»-ը կապ չուներ, բնականաբար պիտի մերժեին: Քանի որ ամեն ինչ կեղծվում է էս երկրում, ոչ մի լավ բանի չեմ սպասում»,- մեզ հետ զրույցում ասաց 52-ամյա Ամալյա Գալստյանը:



«Ստացվում է՝ իշխանությունն այնքան թույլ է, որ վախենում է մրցակցությունից, այլակարծությունից: Մենք, փաստորեն, ունենք անմրցունակ իշխանություն, որն ի վիճակի չէր նորմալ քաղաքական պայքարի մեջ մտնել: Դա շատ ցավալի է: Կարծում եմ, մեզ նման իշխանություն պետք չէ: Ցանկալի կլիներ, որ իշխանությունն այլ որակներ դրսեւորեր»,- հայտարարեց մի երիտասարդ իրավաբան: Մեր մյուս զրուցակիցը «Ռադիո Ֆրանս»-ի  լրագրող Նելլի Մադաթյանն էր. «Շատ վատ է, որ «Ա1+»-ին չտրամադրեցին հեռուստաալիք, քանի որ դա այլընտրանքային լրատվական միջոց է, եւ անհրաժեշտ է, իհարկե, այլընտրանքային կարծիք էլ ունենալ:



Միգուցե ես միամիտ եմ, բայց հույս ունեի, որ էս անգամ գոնե կանցնի, բայց, փաստորեն, չանցավ: Ինչ վերաբերում  է ԱԼՄ-ին, անձամբ ես չեմ նայում էդ ալիքը, չնայած գիտեմ, որ շատ երկրպագուներ ունի: Նույն կերպ չեմ նայում «Երեւան»-ը»: «Ա1+»-ի թեման երեկ քննարկվում էր նաեւ փողոցում առեւտրով զբաղվող վաճառականների շրջանում: «Այսօրվա դրությամբ բոլորին էլ պարզ է, որ ազատ հեռուստաեթեր չկա, նման բան չկա, գոյություն չունի: Էսպես էնքան կշարունակվի, մինչեւ դանակը հասնի ոսկորին: Անկախություն տվեցին, հիմա ազատություն չունենք»,- ասաց մի առեւտրական, ով չցանկացավ ներկայանալ:



ԱՄԱԼՅԱՆԸ ՃԻՇՏ ՉԻ՞ ԱՍԵԼ, ԿԱՄ «Ա1+»-Ը ԴԱՏԻ Է ՏԱԼԻՍ ՀՌԱՀ-ԻՆ



Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը հայտարարել էր, թե «Ա1+»-ին տրված նման գնահատականը պայմանավորված է նրա փաթեթում «ակնհայտ կեղծ փաստաթղթերի առկայությամբ»: Ըստ Ամալյանի, փաթեթում «Մելտեքս» ընկերությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերող արտասահմանյան ընկերություններն իրականում գոյություն չունեն. «Պատրաստակամություն են հայտնել ֆինանսապես աջակցել երկու միջազգային ընկերություն՝ «Rogeston Logictics LTD» եւ «Hobbington Management Limited» ընկերությունները:



Մեզ մոտ մի շարք կասկածներ առաջացան՝ կապված այս ընկերությունների ձեւաթղթերի եւ կնիքների տարբերության հետ»: Ամալյանը հայտարարեց, թե իրենք հարցում են արել ու պարզել, որ ընկերություններից մեկի հաշվին կա 2 ֆունտ ստեռլինգ, մյուսը գոյություն չունի: «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը Ամալյանի մեղադրանքն աբսուրդ համարեց. ««Rogeston Logictics LTD»-ն  ունի տարբեր մասնաճյուղեր, որոնցից մեկն էլ Ռուսաստանում է: Ներկայացրել է գումարներ, դրա համար էլ կնիքը երեւի կրկնվում է, քանի որ դա ընդհանուր մի կորպորացիա է, որը տարբեր երկրներում ունի իր մասնաճյուղերը: Այն մեղադրանքը, որ նա ներկայացրել է, համարում եմ աբսուրդ»,- հանձնաժողովի՝ «Ա1+»-ին ներկայացրած մեղադրանքի առթիվ հայտարարեց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը՝ հավելելով, որ «Ա1+»-ը պատրաստվում է դատի տալ հանձնաժողովին՝ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար:



Երեկ եթերազրկվեց նաեւ ԱԼՄ-ն, մրցույթը շահեց «Երեւան» հեռուստաընկերությունը: Մյուս մրցույթներում ներկայացված բոլոր փաթեթները ՀՌԱՀ անդամների կողմից միաձայն արժանացան բարձր` 6 գնահատականի: Հանրապետական սփռման լիցենզիա ստացան 5 իշխանամերձ ու իշխանահաճո հեռուստաընկերություններ՝ «Արմենիա», «Շանթ», «Հայկական 2-րդ հեռուստաալիք», «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա»։



«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ», ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԼԻՆԵԼՈՒ Է



Երեկ երեկոյան հայտարարություն տարածեց «Ա1+» հեռուստաընկերությանն աջակցող «ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ խոր հիասթափություն հայտնելով հանձնաժողովի աշխատանքի առթիվ: Հիշեցնենք, որ 26 հազար քաղաքացիներ գումար էին ուղարկել «Ա1+»-ի աջակցության հիմնադրամին: «Այն փաստը, որ հանձնաժողովի 8 անդամներից 7-ը «Ա1+»-ի մրցութային առաջարկը գնահատեցին 0 միավորով, արդեն իսկ ապացուցում է, որ հանձնաժողովի մոտեցումները եղել են ոչ պրոֆեսիոնալ եւ կանխորոշված:



Այն փաստարկները, որոնք բերվեցին հանձնաժողովի նախագահի կողմից հետմրցութային ասուլիսում, խիստ խոցելի են եւ թյուրիմացության մեջ են գցում հասարակությանը: «Ա1+»-ը դեռ կներկայացնի իր սեփական փաստարկները: Մենք փաստում ենք, որ ՀՌԱՀ-ը եւ Հայաստանի իշխանություններն արհամարհեցին Եվրոպական դատարանի կողմից 2008թ. հունիսի 17-ի «Մելտեքս» ՍՊԸ («Ա1+») գործով որոշումը, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների մի շարք փաստաթղթերն ու հորդորները, ինչպես նաեւ սեփական երկրի հասարակության կարծիքը»,- ասված է հայտարարության մեջ:



Հոգաբարձուների խորհուրդը նաեւ վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու գործունեությունը «Ժողովրդական հեռուստատեսություն» ստեղծելու ուղղությամբ: