Տիգրանը տուն կգնա՞

Տիգրանը տուն կգնա՞
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ, մերժեց Լիլիա Անտոնյանի լիազոր ներկայացուցիչ Ամալյա Հարությունյանի հայցը եւ Գավառի առաջին ատյանի դատարանի կայացրած որդեգրման մասին վճիռը թողեց ուժի մեջ: Սա նշանակում է, որ եթե հայցվոր կողմը վճռաբեկ բողոք չներկայացնի, ապա վճռի՝ ուժի մեջ մտնելուց հետո որդեգրի ծնողները Գավառի մանկատնից արդեն կարող են տուն տանել Տիգրանին: Հիշեցնենք, որ մայրը մեկ տարեկանում թողել էր իր երեխային, որը մեծացել էր նախ Նորքի, ապա Գավառի մանկատանը:



Իսկ երեւանաբնակ ամուսինները որոշել էին որդեգրել արդեն 9-ամյա Տիգրանին: Ամեն ինչ բարեհաջող էր անցել. դատարանը որդեգրման վճիռը ամուսինների օգտին էր կայացրել, սակայն մինչ վճիռը կմտներ օրինական ուժի մեջ, հայտնվել էր երեխայի մայրը՝ իր լիազոր ներկայացուցչի հետ, եւ բողոքարկել այն: Նրանք պնդում էին, որ որդեգրումը տեղի է ունեցել բազմաթիվ խախտումներով. երեխան մայր ունի եւ առանց մոր համաձայնության հնարավոր չէ որդեգրման հանձնել երեխային: Այնինչ Տիգրանի ծննդյան վկայականում ծնողների մասին որեւէ նշում չկա:



Ինչեւէ, երեկ երկրորդ աստիճանի դատարանը եւս մերժեց հայցը: Ի դեպ, հայցվոր կողմի ներկայացուցիչները՝ ոչ մայրը, ոչ էլ Ամալյա Հարությունյանը, դատարան չէին ներկայացել: Հավանաբար նախօրոք զգացել էին, որ կանխորոշված է վճռի ելքը, որովհետեւ որեւէ հիմնավոր փաստարկ չեն ներկայացրել եւ խուսափել են հերթական անգամ հանդիպել մարդկանց, ովքեր մեծ ցանկություն ունեն մեծացնել եւ բարեկեցիկ ապագա տալ Տիգրանին: Որդեգիր ծնողները վճռի հրապարակումից հետո շատ ուրախացան: Վերջապես նրանք կարող են իրենց տանը վայելել Տիգրանի ներկայությունը, եթե, իհարկե, հայցվոր կողմը չորոշի բողոքարկել վերաքննիչի որոշումը: Սակայն ուրախությանը զուգահեռ՝ մտավախություն ունեին, որ դատական այս քաշքշուկը դեռ երկար կձգվի: