Ոստիկանապետը նաեւ ռեժիսոր է

Ոստիկանապետը նաեւ ռեժիսոր է
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե ֆիլմ են նկարելու ոստիկանության մասին՝ հիմնված իրական փաստերի վրա: Ներկայացնելու են ոստիկանի իրական կերպարը, որ հասարակությունը ճիշտ ընկալի նրա դերն ու առաքելությունը: Մեր թղթակցի հարցին, թե ոստիկանությունն օբյեկտիվ կգտնվի՞ եւ ֆիլմում կզետեղի՞ իրական  փաստերից այնպիսի դրվագներ, որտեղ ոստիկանն է նպաստում այս կամ այն հանցանքին, օրինակ՝ Չարենցավանի ոստիկանության բաժնում սպանված Խալաֆյանի դեպքը: Սարգսյանը «քիչ մը» մռայլվելով՝ ասել է. «Դատարանը վճիռն արձակեց, լսեց ամիսներ շարունակ. ես կարծում եմ՝ դրանից ավելի նորմալ դատարանի որոշումը եկեք չքննարկենք:



Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ոստիկանությունը անկեղծ կգտնվի, թե չէ, կարծում եմ՝ այս ժամանակահատվածում մի քիչ պիտի զգայիք, որ  աշխատում ենք հնարավորինս անկեղծ լինել, ես ոչինչ չեմ թաքցնում»: Նա հավելել է նաեւ, որ ամենօրյա հաղորդաշար է լինելու, որտեղ ներկայացվելու է բացահայտված եւ չբացահայտված հանցանքների խրոնիկան. «Դուք կլսեք, թե ինչպիսի դեպքեր են գրանցվել, քանիսն են բացահայտվել, ում կողմից, քանիսը՝ ոչ»: Բացի այդ, ընդգծել է, որ անձամբ է վերահսկելու ֆիլմի սցենարի վրա կատարվող աշխատանքը եւ թույլ չի տալու, որ գռեհկաբանություններով ու առօրյա խոսակցական կամ ժարգոնային լեզվով խոսեն համազգեստ կրողները, թերեւս դա միայն թույլ կտա հանցագործների կերպարների դեպքում: