Կարեկցանքի արժանի

Կարեկցանքի արժանի
Երեկ օդը լի էր սուր ապրումներով ու աժիոտաժով: Առավոտյան տեղեկացանք, որ ՀՌԱՀ-ը կրկին մերժել է «Ա1+»-ին եւ եթերից զրկել է ԱԼՄ-ին: Թվում էր՝ սպասելի որոշումներ, սակայն մինչ դրանց հրապարակումը մարդիկ մի փոքրիկ հույս ունեին: Ի վերջո, մարդը միշտ լավի, բարու, ազնիվի ակնկալիք ունի եւ ուզում է հավատալ, որ այս անգամ արդարությունը հաղթելու է: Բայց իր դեմքին իր ներաշխարհի ողջ էությունը կրող Ամալյանը, որին ժողովուրդը «Ամալյա» անունով է կնքել, իր թիմով հանդերձ անսասան է եւ ժողովրդական զանգվածների ցանկություններին անհաղորդ: Այսքան թուքումուր, այսքան նախատինք, այսքան մերժում, որ նա եւ իր թիմն են կրում, մեզնից ոչ մեկը չէր տանի: Վաղուց հրաժարված կլինեինք այդ պաշտոնից էլ, դրա բերած բարիքներից էլ: Չէ որ այդ մասսայական ատելությունն անհետեւանք չի անցնելու, այն մի օր, մի տեղից դուրս է գալու: ՀՌԱՀ-ի հույսն անշուշտ դժգոհների ու ատողների կարճ հիշողության վրա է: Բայց ինչպես «Ա1+»-ը եթերում տեսնել երազողների հույսերն են տարեցտարի ի դերեւ ելնում, նրանցն էլ կարող են ելնել: Այնպես որ, Ամալյանին ու իր թիմին առջեւում ոչ մի լավ բան չի սպասվում: Միայն կարեկցել կարելի է այդ թիմում հայտնված անձանց՝ Արմեն Մկրտչյանին, որը ժամանակին ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ էր, բողոքի ակցիաներին մասնակցելու համար ապօրինաբար տուգանվել էր եւ դիմել դատարան: Ապա եռաստիճան դատական համակարգով անցնելուց հետո Եվրադատարանում հաղթանակ տարավ: Ժիրայր Դադասյանին, որը հայտնի ռեժիսոր է, «Հայրենիք» հեռուստաընկերությունը դիտարժան դարձնելու հեղինակը: Այս անձինք՝ իրենց դեմքով ու անձով շիրմա ծառայեցին այն ուժերի համար, ովքեր սահմանափակում են ազատ խոսքը եւ վախենում են անկառավարելի լրատվամիջոցներից: