Միգրացիոն «Ճամպրուկը»՝ լրագրողներին

Միգրացիոն «Ճամպրուկը»՝ լրագրողներին
«People in Need» («Մարդիկ՝ կարիքի մեջ») չեխական կազմակերպության հայաստանյան գրասենյակը Եվրամիության շենքում  ուրբաթ ամփոփեց «Ճամպրուկ» լրագրողական մրցանակաբաշխության արդյունքները: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով, Հայաստանում միգրացիայի թեման իր ծավալներով դասվում է հանրությանը հետաքրքրող թեմաների շարքը:




«Հայաստանում չկա մի ընտանիք, որ ուղղակիորեն ներքաշված չլինի այս պրոցեսների մեջ»,- ասաց Գ. Եգանյանը՝ ավելացնելով, որ կառավարությանն արդեն ներկայացվել է միգրացիոն հոսքերի կառավարման պետական քաղաքականության հայեցակարգը: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,  դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, խորհրդանշական համարելով  մրցույթը, նշեց, որ լրագրողները ցանկության դեպքում պիտի առավել ակտիվ անդրադառնան միգրացիոն խնդիրներին: Դեսպանի խոսքով, ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների հետ համագործակցությանը:




Ի դեպ, ԵՄ-ի հետ բանակցություններ են տարվում  մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման «Գործընկերություն եւ շարժունակություն» ծրագրի շրջանակներում: Ընդհանուր առմամբ, այս տարի ավելացել է հայտերի թիվը, ու 25 հայտ քննարկվեց ժյուրիի կողմից: Հետաքրքրիր է, որ 12 հայտը Հայաստանի մարզերից էր, 12-ը՝ Երեւանից, 1-ը՝ արտերկրից: Ժյուրիի նախագահ Գայանե Աբրահամյանի խոսքով, տպագիր մամուլն առավել շատ էր ներկայացված: «Ճիշտ է, որոշ հոդվածներում խմբագրական աշխատանքն այն չէր, բայց ժյուրին չէր կարող անտարբեր անցնել լրագրողների կատարած աշխատանքին»,-ասաց Գ. Աբրահամյանը:




Թեմաների բազմազանություն նույնպես կար՝ ներքին, արտաքին միգրացիա, հարցազրույցներ, նաեւ թրաֆիքինգ: «Ճամպրուկ» մրցանակաբաշխության համակարգող Գալուստ Նանյանի խոսքով, ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիատուրերը նպաստել էին, որպեսզի լրագրողներն ավելի խորը ըմբռնեն խնդիրն ու պարզաբանեն միգրացիայի դրական ու բացասական կողմերը: Հեռուստառեպորտաժներից ոչ մեկին չտրվեց առաջին տեղ: Երկրորդ տեղում «Անկյուն գումարած 3»-ից հեռուստալրագրող Նատալյա Օսյանն ու ԳԱԼԱ-ից Արմենուհի Վարդանյանն էին, 3-րդում՝ Արմանուշ Նիյազյանը:




Տպագիրներից առաջին տեղը կիսեցին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասի լրատու»-ի թղթակից Ալին Օզինյանն ու «Հետք»-ի Վանաձորի թղթակից Ադրինե Թորոսյանը: Երկրորդում «Արմենիանաու»-ի  թղթակից Գայանե Մկրտչյանն էր, իսկ երրորդ տեղը կիսվեց «Հրապարակ» օրաթերթի թղթակիցներ Արմեն Դավթյանի ու Սոնա Հարությունյանի միջեւ: Մրցանակակիրներին տրվեցին դրամական պարգեւներ: Հանրային ռադիոյի եւ «ՌադիոՀայի» լրատվական ծրագրերն արժանացան հատուկ մրցանակի: «Սեւան» թերթից Պապ Հայրապետյանն ու «Երեւան» ամսագրից Նարինե Կիրակոսյանը՝ խրախուսական մրցանակների, իսկ բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ:  Մրցանակաբաշխությանն աջակցել էին  ՄԱԿ-ի հայաստանյան ասոցիացիան  եւ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակը: