Նա գնաց մենակ

Նա գնաց մենակ
Մենք նախօրեին տեղեկացրել էինք, որ Սոցիալական պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Երեկ տեղեկացանք, որ նրա ազատման հրամանը վարչապետն արդեն տվել է: Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել է ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգումներից, որի ժամանակ կենսաթոշակների վճարումների կոպիտ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես՝ մեռյալ հոգիներին եւ հանրապետությունից բացակայողներին թոշակ վճարելու դեպքեր: Մեզ հասած տեղեկություններով, ՎՊ աշխատակիցներն օրեր շարունակ այցելել են թոշակառուների տները եւ փաստեր հավաքել:



Ըստ այդմ՝ ՎՊ-ում ծավալուն փաթեթ է հավաքվել մահացածների եւ բացակայողների վերաբերյալ: Այժմ ՎՊ-ն զբաղված է այդ փաստերն ամփոփելով: Մինչեւ տարեվերջ Իշխան Զաքարյանը հավանաբար մամուլի ասուլիս կհրավիրի եւ կհրապարակի դրանք: Այժմ քննարկվում է այդ նյութերը Հատուկ քննչական ծառայությանը փոխանցել-չփոխանցելու հարցը: Եթե դա տեղի ունենա, կծագի ծառայության թվով 9 աշխատակիցների (այդ թվում՝ պետի) նկատմամբ քրգործ հարուցելու հարցը, սակայն ասում են, որ հնարավոր է բանը դրան չհասնի՝ բավարարվեն չարաշահումների արդյունքում պատճառված վնասները փակելով, որոնք ահռելի թվեր են կազմում: