Ախոյանը պատրաստ է հեռանալ ԲՀԿ-ի հետ

Ախոյանը պատրաստ է հեռանալ ԲՀԿ-ի հետ
Ուրբաթ օրը ԱԺ-ում էր ԲՀԿ համամասնական ցուցակով օրերս պատգամավորի մանդատ ստացած Արագած Ախոյանը: Հայտնի է, որ նա շինարարությամբ զբաղվող գործարար է, նա մեզ հետ զրույցում հայտարարեց, թե 30 տարի շինարարությամբ է զբաղվել, հիմա էլ որոշել է պետության շինարարության մեջ փորձել ուժերը: Այլ հարց է, թե ինչ չափով դա կհաջողվի, եթե ԲՀԿ-ն որոշի դուրս գալ կոալիցիայից:



- Պարոն Ախոյան, Ձեր գալուստն ԱԺ, փաստորեն, համընկավ խոսակցությունների հետ, որ ԲՀԿ-ն պատրաստվում է դուրս գալ կոալիցիայից: Դրա հետ կապված ի՞նչ կարող եք ասել:



- Ճիշտն ասած, ես եկել եմ ԱԺ առանց նման նախապայմանի: Նման նախապայմանի մասին չեմ իմացել: Ոնց կորոշի մեր կուսակցությունը, բնականաբար այդպես էլ կշարժվենք:



- Եթե որոշվի, որ ԲՀԿ-ն դուրս է գալիս կոալիցիայից, Դուք...



- Կներեք, ես նոր մարդ եմ, նոր ոտք եմ դրել ԱԺ, ես խնդրում են էդ հարցերը ինձ չտաք: Երբ որ կուսումնասիրեմ ամբողջությամբ, էդ ժամանակ նոր Ձեզ կպատասխանեմ:



- Իսկ ի՞նչ առաքելությամբ եք եկել ԱԺ:



- Իհարկե, նախեւառաջ կատարելու այն բոլոր որոշումները, որոնք որ կկայացվեն մեր ֆրակցիայում, նաեւ եւ իհարկե, կկատարեմ ժողովրդի պատգամները՝ բնականաբար:



- Հայտնի է, որ Դուք շինարար եք, բիզնես ունեք, օրենսդիր աշխատանքով կարո՞ղ եք զբաղվել:



- Միգուցե Դուք ասեք՝ ինչ կապ ունի քաղաքականությունը շինարարության հետ, հա՞:



- Այո, նաեւ օրենքներ գրելու:



- Ես պատասխանեմ, որ երկուսն էլ շինարարություն է: Մի դեպքում շենք-շինություն է կառուցվում, մյուս դեպքում երկիր է կառուցվում օրենքներով եւ այլն, եւ այլն: Ես ասում եմ, որ հաստատ կարող եմ:



- Իսկ ինչի՞ մասին եք պատրաստվում օրենք գրել կամ միգուցե նախատեսել եք:



- Չէ, գիտեք, օրենքների քննարկմանն եմ մասնակցելու, իսկ օրենքներ կգրեն մարդիկ, ովքեր կարող են, բայց մենք կքննարկենք, կորոշենք՝ այդ օրենքը պետք է մեզ, թե պետք չի: Էստեղ ամեն ինչ դեռ ինձ համար նորություն է: Իհարկե, ես արդեն այն տարիքում եմ գտնվում, որ շատ չեմ զարմանում ինչ-որ բաների վրա, բայց շատ շուտ էս ամեն ինչը կընկալեմ, շատ շուտ կմտնեմ աշխատանքային օրակարգի մեջ եւ կաշխատեմ:



- Իսկ Դուք որոշակի ներդրումներ ունենալո՞ւ եք ընտրությունների, կուսակցաշինության հարցում:



- 2007-ին ես մեծամասնականով ԲՀԿ թեկնածու եմ եղել, բավական լուրջ ձայներ եմ հավաքել թիվ 14 ընտրատարածքում՝ Արագածի:



- Որքան ներդրո՞ւմ եք պատրաստվում անել:



- Ես արդեն կայացած մարդ եմ, ես արդեն ունեմ էլեկտորատ: Այսինքն՝ ինձ ինչ-որ ներդրումներ եւ այլն, եւ այլն պետք չեն:



- Բայց Դուք ի վերջո չընտրվեցիք, չէ՞, մեծամասնականով:



- Դե դա բավականին լուրջ ձայներ են: Եթե նայեք՝ դա 16 հազար ձայն է, որը լուրջ է համարվում:



- Իսկ Ձեր կարծիքով, ինչո՞ւ ցուցակից հենց Ձեր վրա կանգնեց Գագիկ Ծառուկյանի ընտրությունը:



- Չգիտեմ, էդ չեմ կարող ասել:



- Քավոր-սանիկական, բարեկամական, ընկերական կապե՞ր ունեք:



- Ոչ մի բարեկամական, ընկերական: Գիտեք՝ իմ պահվածքով, կեցվածքով կամ գաղափարով երեւի համապատասխանել եմ, դրա համար էլ հայտնվել եմ Ազգային ժողովում:



- Պարոն Ախոյան, ես նկատեցի, որ Դուք խոշոր ադամանդներով զարդարված մատանի եք կրում, իմացե՞լ եք, որ այստեղ բավական ընդունված է նման ճոխություն կրելը, դրա համար եք նման մատանիով եկել ԱԺ, թե՞...



- Չէ: Ուզում եմ ասեմ, որ ես նոր մարդ չեմ եւ սենց բաներով մենք ոչ մեկին ոչ զարմացնում ենք, ոչ էլ մեզ են զարմացնում: