Խաղաղ երթ Ապարանում

Խաղաղ երթ Ապարանում
Ի պաշտպանություն 10 քաղբանտարկյալների` ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսը երթ էր կազմակերպել Ապարան քաղաքում: Երթին մասնակցում էին նախկին քաղբանտարկյալներ Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Ժորա եւ Մկրտիչ Սափեյանները, Վարդան Մալխասյանը, Գուրգեն Եղիազարյանը, Մյասնիկ Մալխասյանը: Մասնակցում էին նաեւ ազատամարտիկներ, Ապարան քաղաքից ազատամարտում զոհվածների հարազատներ: Քաղաքի հրապարակից նրանք ուղեւորվեցին դեպի Բաշ- Ապարանի հերոսամարտը խորհրդանշող հուշարձան- կոթող, որի հարեւանությամբ գտնվում է Արցախյան ազատամարտում նահատակված 15 ապարանցիների պանթեոնը:



Ապարանի նախկին քաղաքապետ, արցախյան ազատամարտիկ եւ ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն ասաց. «Պատահական չէ ընտրված Ապարանը, քանի որ Արցախյան պատերազմում  ապարանցի զոհվածները եւ ողջ մնացածները նախկին ազատամարտիկ, այսօր քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի մարտական ընկերներն են: 88-ին ազատամարտին մեկնած հերոսները հուշարձան-կոթողի մոտ երդում տվեցին եւ հետո մեկնեցին Արցախ: Այժմ էլ երդվում ենք  մեր նահատակների հիշատակով, որ պայքարը չենք դադարեցնի, մինչեւ բոլոր քաղբանտարկյալներին ազատ չարձակեն»:



Գագիկ Ջհանգիրյանը, խոսելով այս օրերին իշխանության ներսում կատարվող իրադարձություններից, ասաց, որ իշխանությունները ինքնատեռորի են գնում եւ կտրում են այն աթոռի ոտքը, որի վրա նստած են: Ասաց նաեւ, որ ՀԱԿ-ը պատրաստվում է արտահերթ նախագահական ընտրությունների, իսկ մինչ այդ, մինչեւ Նոր տարի պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Նշենք, որ երթն անցավ առանց միջադեպերի եւ, ի տարբերություն մայրաքաղաքի երթերի, առանց ոստիկանների հսկողության:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ